«Այսօր մեկնարկ տվեցինք կարևոր օրենսդրական գործընթացի։ «Ուժեղ Հայաստանի» մեկնարկն է տրված։ Չնայած խոչընդոտների և թիրախավորումների՝ մենք իրավական խոցելիության խնդիր չունենք»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի փաստաթղթերը հանձնելուց հետո ԿԸՀ բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համարում ընդգրկված Գոհար Մելոյանը։
Վերջին օրերին տարածվող ձայնագրությունների առիթով նշեց․ «Հենց սա է՝ որպես իրավական ու ժողովրդավարական պետության լրջագույն խնդիրը, որ այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ։ Ինչ-որ ձայնագրություններ են հայտնվել իրավապահների կողմից, այդ ձայնագրությունները փորձաքննություն չեն անցել, որ հասկանանք՝ ում կողմից են իրականացվել, ովքեր են մասնակիցները։ Ինչո՞ւ հնարավոր տարբերակ չեք համարում, որ դրանք սադրիչներ են, մեր քաղաքական ուժի հետ աղերս չունեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ապրելու երկրի» անդամներն իրե՞նք չեն ցանկացել ընդգրկվել ձեր ցուցակում՝ հաշվի առնելով այն, որ կարող է Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվեն, քանի որ ժամանակին միասին են գործել։ Գոհար Մելոյանը պատասխանեց․ «Մեր համընդհանուր դաշինքի ցուցակը բաղկացած է 199 թեկնածուից։ Մենք դաշինք ենք կազմել երկու քաղաքական ուժերի հետ՝ «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը մեզ հայտնել է իր աջակցությունը, հուշագիր ստորագրվել է համագործակցության ու աջակցության վերաբերյալ, բայց ոչ՝ որպես դաշինքի մաս»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՔՊ-ականների կոշտ արձագանքները իրենց հետ կապված, օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խնդրահարույց հայտարարությունները, նա պատասխանեց․ «Ես ինձ թույլ չեմ տա կրկնել այդ ամենը, ինչ տիկինն ասաց։ Դա բարեվարքության կոպիտ խախտում է։ Առնվազն, եթե մենք իրավական և ժողովրդավար պետության մասին ենք խոսում, պետք է էթիկայի հանձնաժողով հրավիրվեր, և բարեվարքության հարցը բարձրացվեր»։
Հարցին՝ արդյոք կհասցնի՞ Սամվել Կարապետյանը հրաժարվել մյուս քաղաքացիություններից մինչև ընտրությունները, և ինչո՞ւ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ավելի վաղ չի սկսել, Գոհար Մելոյանը պատասխանեց․ «Մեր քաղաքական ուժը երեք ամսական է, մենք նորածին քաղաքական ուժ ենք, որը փետրվարին ունեցավ անդրանիկ համագումարը։ Հենց ամենաառաջին նիստին մեր հիմնական մոտեցումները ներկայացրել ենք։ Ասել ենք, որ խնդիր կա ցենզերի համապատասխանության։ Երբ մեր առաջնորդի նկատմամբ ապօրինի սանկցիաները վերացվեն, այդ հարցերի վերաբերյալ պարոն Կարապետյանը կտա պատասխանները։ Կա հանրային պահանջ, որ Սամվել Կարապետյանը դառնա հաջորդ վարչապետը։ Այդ պահանջը բավարարելու հստակ ձևաչափ կա՝ Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը։ ԱԺ կողմից փոփոխելի այդ մի հոդվածը մենք հանրությանն ենք ներկայացրել, ժողովրդի կամքն ու կարծիքն ենք հայցում։ Եթե մարդիկ ուզում են, որ Սամվել Կարապետյանը դառնա մեր վարչապետը, մարդիկ իրենց համաձայնության քվեն կտան մեր քաղաքական ուժին և այս տեխնիկական սահմանադրական փոփոխությանը»։
Հարցին՝ շունուշանգյալ ձևակերպման օգտագործումը դատապարտո՞ւմ եք, Գոհար Մելոյանը պատասխանեց․ «Այո, մեր երկիրն ունենալու է այնպիսի վարչապետ՝ Սամվել Կարապետյանի դեմքով, որ երկրի վարչապետն ԱԺ բարձր ամբիոնից իրեն թույլ չտա նման հայտարարություն անել»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի փաստաթղթերը ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































