«Արժեք ներկայացնող ինչ-որ բանի քանդում, դա հաճելի տեսարաններից չէ եւ վատ է, բայց սրանից առկախել մեր խաղաղությունը եւ մեր սերունդների կյանքը՝ սա էլ ճիշտ չէ»,- իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի պատասխանն է լրագրողի հարցին՝ Ստեփանակերտի եկեղեցու եւ, առհասարակ, Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման մասին։
«Ես առաջարկում եմ՝ կենտրոնանաք ՀՀ-ի վրա»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ երբ «լացում էին, դոշ էին ծեծում» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման համար, ասելով, թե քանդում են, ՔՊ-ն կենտրոնացել էր ՀՀ-ի վրա, անգամ պետբյուջեից գումար էին տրամադրել Կիրանցի եկեղեցու վերականգնման համար, որը օրերս բացվեց։
Մեկ այլ հարցի՝ Իլհամ Ալիեւն ասում է, որ Բաքվում գտնվող հայ ռազմագերիները «ռազմական հանցագործներ» են եւ դրա համար են գտնվում բանտում, ինքը ի՞նչ է կարծում, ինչո՞ւ համար են այդ մարդիկ Բաքվի բանտում, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց․ «Մենք բոլոր՝ գերիների, ռազմագերիների, պահվող անձանց համար, ի սկզբանե պայքարել ենք, որ նրանք վերադառնան ՀՀ, որովհետեւ գտել ենք, որ դա է ճիշտը։ Այս ընթացքում մենք, գիտեք, բավականին հաջողություններ ունեցել ենք, սակայն դեռեւս Բաքվում են մեր հայրենակիցները՝ թվով 19 եւ բնական է, որ մեր ջանքերը՝ նրանց վերադարձնելու, շարունակվում են եւ շարունակվելու են։ Սա է մեր օրակարգը։ Մեր հայրենակիցները պետք է վերադառնան ՀՀ եւ դրա համար անում ենք ամեն ինչ»։
Ինչ վերաբերվում է երեկ՝ ՀՀ-ում ընթացող ԵՄ գագաթաժողովին զուգահեռ ընթացող ընդդիմության ցույցերին, որոնք սահմանափակվեցին՝ հնարավորություն չընձեռելով եվրոպական երկրների ղեկավարներին՝ ծանոթանալ նաեւ Հայաստանում առկա այլընտրանքային տեսակետներին, Հասմիկ Հակոբյանն ասաց, որ եվրոպացի գործընկերները ՀՀ-ում առկա բոլոր տեսակետներին էլ տեղյակ են, նաեւ շատ լավ գիտեն, թե նախկինում ի՞նչ է եղել եւ իրենց բոլոր որոշումները կայացնում են համակողմանի տեղեկատվության հիման վրա։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































