4-րդ համարի քվեաթերթիկով հանդես եկող Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ, այսօր քարոզարշավ է իրականացրել Երեւան քաղաքում՝ մասնավորապես Շենգավիթ համայնքում, քարոզչական նյութեր են բաժանվել քաղաքացիներին:
Կուսակցությունը մասնակցում է ընտրությունների՝ «Գործը ծնում է ուժ, ուժն՝ իրավունք», «Խաղաղությունը շքեղություն է, այն կարող են վայելել միայն ուժեղները» կարգախոսներով։
Կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Գուրգեն Սիմոնյանը, ի թիվս այլնի, նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է հասցնի ռազմավարական աստիճանի, Թուրքիայի հետ պետք է ձեւավորվեն բարիդրացիական հարաբերություններ, իսկ Ադրբեջանի հետ հարկ է հասնել հավասարակշռված հարաբերությունների:
Կարդացեք նաև
Գուրգեն Սիմոնյանը նշել է նաեւ, որ ժողովուրդն իրենց ջերմությամբ է ընդունում ամենուր, ինչը պարտավորեցնող է:
Հարցին՝ ի՞նչ խնդիրներով են դիմում քաղաքացիները, կուսակցության լիդերն այսպես է արձագանքել. «Առաջինը արդարության պակասն է, այդպես էլ արդարությունը չվերականգնվեց Հայաստանի Հանրապետությունում, ակնկալիքներ կային, ցանկություններ, սակայն դրանք չիրականացան, սոցիալական խնդիրներն են մտահոգում, աշխատատեղերի հարցը, անընդհատ արժեզրկվող եւ գահավիժող դրամը… Հարցերն ահռելի են, եւ ցավ ենք ապրում, որ վերջին 8 տարիների ընթացքում աղետի եզրին հասցված Հայաստանը մեծ ցատկերով առաջ չգնաց, ու պրոբլեմների մեծ մասը մնաց»:
Գուրգեն Սիմոնյանը նշել է, որ ժողովրդի աջակցությունը նկատի ունենալով՝ հավակնում են հաղթանակի: Նա կոչ արեց անպայման գնալ ընտրությունների եւ ցուցաբերել մեծ մասնակցայնություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գուրգեն Սիմոնյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից



















































