Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթած ՀՀ քաղաքացի Վարյա Սաֆարյանի, նրա ընտանիքի անդամների նամակներին տեղյակ են թե գործադիր իշխանությունում, թե արդարադատական մարմիններում, թե ՄԻ պաշտպանի գրասենյակում, թե առանձին կուսակցություններում: Նրա տասնյակ ահազանգեր, բողոքներ տպագրվել են «Առավոտում»` «Երբ օրենքը գրված է, բայց արդարությունը չի հասնում հասցեատիրոջը», «Գողացել են 59 քմ տարածքի նկատմամբ իրավունքս. Ֆիրդուսի թաղամասի բնակիչ», «Դատախազությունը գնահատական չի տվել պատկան մարմինների կատարած կեղծիքներին», «Երբ գերակա շահ է դառնում զոռբայությունը, սեփականատիրոջը «քցելը»…

Այս անգամ նա դիմում էր պատրաստել կուսակցություններից մեկի նախագահին, որը հասկանալի պատճառներով տպագրում ենք ընտրությունների ավարտից հետո: Դիմումն ուղարկվել էր Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանին:
Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով Ձեր հնարավոր աջակցությունը իմ իրավունքների պաշտպանության հարցում։ 2007 թվականից ի վեր գտնվում եմ իմ հասցեի անշարժ գույքի հետ կապված իրավական վեճի մեջ, որի շրջանակներում ներկայումս առկա է գույքի օտարման իրական վտանգը։
Կարդացեք նաև
ԵԴ2/5464/02/26 գործով 27.05.2026թ. կայացված դատական ակտով բավարարվել է իմ հասցեի անշարժ գույքի օտարման պահանջը։ Նշված դատական ակտի հիմնական հիմքերից մեկը հանդիսացել է ՀՀ կառավարության 2018թ. հ.332-Ն որոշումը։
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մինչև 2018թ. հ.332-Ն որոշման ընդունումը, Ֆիրդուսի 33 թաղամասի նկատմամբ ընդունվել են հանրային գերակա շահին վերաբերող մի շարք այլ կառավարական որոշումներ։
Ֆիրդուսի 33 թաղամասը դեռևս ՀՀ կառավարության 2007թ. հ.108-Ն որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահի գոտի։ Օրենքով նախատեսված 7-ամյա ժամկետն ավարտվել է 2014 թվականին։ Իմ գնահատմամբ՝ հետագայում ընդունված մի շարք որոշումներով, այդ թվում՝ 2018թ. հ.332-Ն որոշմամբ, փորձ է կատարվել պահպանել կամ վերականգնել արդեն ավարտված ժամկետի իրավական հետևանքները, ինչը լուրջ իրավական հարցեր է առաջացնում։
Բացի այդ, մինչ օրս չեն լուծվել իմ հասցեի մաս կազմող 78.8 քմ և 244.44 քմ տարածքների պետական գրանցման հարցերը, որոնք հիմնված են 1928թ. Գույքաթերթի վրա։
Հարկ եմ համարում նաև նշել, որ 2007 թվականից ի վեր իրավասու պետական մարմինները անտեսել են 1928թ. Գույքաթերթը, որը հանդիսանում է իմ հասցեի կադաստրային գործի, ինչպես նաև 1967թ. առուվաճառքի պայմանագրի հիմքում ընկած իրավունք հաստատող փաստաթուղթը և հիմք է հանդիսանում 78.8 քմ և 244.44 քմ չգրանցված տարածքների պետական գրանցման համար։
Չնայած դրան՝ պետական մարմինները մերժել են նշված տարածքների պետական գրանցումը, իսկ ներպետական դատարանները ևս չեն ապահովել այդ հարցի արդյունավետ քննությունը՝ անտեսելով 1928թ. Գույքաթերթի իրավական նշանակությունը։
Իմ գնահատմամբ, վերոգրյալ հանգամանքների արդյունքում խախտվել են Կոնվենցիայի Առաջին արձանագրության 1-ին հոդվածով, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները։
Հարկ եմ համարում նաև նշել, որ Safaryan v. Armenia (Application No. 576/06) գործով Եվրոպական դատարանի 21.01.2016թ. վերջնական վճիռը մինչ օրս լիարժեք չի կատարվել։
Չնայած դրան՝ ԵԴ2/5464/02/26 գործով դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել Եվրոպական դատարանի վճռի կատարման հարցը, ինչպես նաև անտեսել է ներկայացված Rule 9 հաղորդման մեջ արտացոլված հանգամանքները, որոնք անմիջականորեն առնչվում են իմ սեփականության իրավունքին և չգրանցված տարածքների խնդրին։
Միաժամանակ դատարանը բավարարել է օտարման պահանջը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018թ. հ.332-Ն որոշումը։
Իմ գնահատմամբ, 2018թ. հ.332-Ն որոշումը չի կարող վերականգնել կամ շարունակել արդեն ավարտված ժամկետի իրավական հետևանքները։ Հետևաբար, օտարման պահանջի իրավական հիմքերը շարունակում են մնալ վիճելի, հատկապես հաշվի առնելով, որ 2018թ. հ.332-Ն որոշման օրինականության հարցը մինչ օրս գտնվում է ՀՀ վարչական դատարանի վարույթում՝ ՎԴ/586605/18 վարչական գործով։
Բարձրացված հարցերի կապակցությամբ բազմիցս դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն իմ դիմումների պատասխանները տրամադրվել են «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի միջոցով, որոնցում հիմնականում կրկնվել են նախկինում ներկայացված նույնաբովանդակ դիրքորոշումները՝ առանց բարձրացված հարցերի պատշաճ քննության։
Միաժամանակ խնդրում եմ հաշվի առնել, որ իմ հասցեի անշարժ գույքն ունի գործառնական նշանակություն և երկար տարիներ ծառայել է որպես իմ ընտանիքի եկամտի աղբյուր, որի միջոցով հոգացել եմ բազմանդամ ընտանիքիս կենսական կարիքները։
Այս պայմաններում իմ ընտանիքը փաստացի կանգնած է սեփականությունից և սեփականությունը տնօրինելու իրավունքից զրկվելու վտանգի առաջ, այն դեպքում, երբ օտարման հիմք հանդիսացող որոշման օրինականության հարցը շարունակում է մնալ չլուծված։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեր միջամտությունն ու աջակցությունը՝ կանխելու այն վտանգավոր և անդառնալի հետևանքները, որոնք կարող են առաջանալ իմ հասցեի անշարժ գույքի օտարման արդյունքում։
Առողջական խնդիրներիս պատճառով չեմ կարող անձամբ ներկայանալ Երևան, ուստի խնդրում եմ հնարավորության դեպքում ապահովել հեռավար քննարկման կամ տեսակապով մասնակցության հնարավորություն։
Պատրաստ եմ ներկայացնել գործին առնչվող բոլոր փաստաթղթերը և անհրաժեշտ տեղեկությունները։ Խնդրում եմ, հնարավորության դեպքում, անձամբ ծանոթանալ սույն ահազանգ-դիմումիս։
Վարյա ՍԱՖԱՐՅԱՆ
ք.Երևան, Ֆիրդուսի 33 թաղամաս, Հանրապետության նրբ. 8ա
«Առավոտ» օրաթերթ
13.o6.2026




















































