«Ժողովուրդ ջան, գնացե՛ք ընտրությունների և մերժե՛ք այս չարիքի իշխանություններին»,- այսօր՝ մայիսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կոչ է արել «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատավարությունը։ Այսօրվա նիստում երկարաձգվեցին Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանի, ՀՅԴ անդամ, պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանի, հասարակական գործիչ Վահագն Չախալյանի և Կարո Օկումուշյանի տնային կալանքների ժամկետները։
Անդրադառնալով դատարանի այս որոշումներին՝ Սրբազանը մասնավորապես նշեց, որ իր կարծիքով «ինչ-որ բան սպառվել է, հասել ենք վերջին կետին, մի տեղ մի լույս ծագելու է այս դատարանում»։
«Անընդհատ գալիս եմ այն եզրակացության, որ միակ պատճառը լույս ծագելու այս դատարանում և ձեզ էլ ազատելու, մեղադրողներին էլ չեմ ասում, միակ պատճառը մեր երկրի այս հոգեբուժարանին վայել կանոնների փոփոխությունն է։ Պատվարժա՛ն դատարան, որքան ուզում եք արգելեք, Վահագնը, Արթուրը, Իգորը չխոսեն, ես չխոսեմ, իրականությունը դա է, դուք էլ եք ապրում դրա մեջ»,- դիմելով դատավորին՝ ասաց Սրբազանը։
Կարդացեք նաև
Սրբազանի համոզմամբ՝ դատավորն էլ իր առանձնասենյակում այդ ցավն է ապրում, եթե չի ապրում, ապա բոլորի համար անհասկանալի են այն որոշումները, որ կայացնում է Կարեն Ֆարխոյանը։
«Դրանք ձերը չեն, ուզում եք վիրավորվեք, չեք ուզում՝ մի վիրավորվեք, որովհետև մեղադրանք չկա հիմքում, տասնապատիկ ասել ենք։ Խափանման միջոց քննարկելիս ասում եք՝ պայմանները նվազել են, ինչի՞ պայմանները, հայրենասեր լինելու՞, հայրենիք ունենալու ցանկություն, դա՞ է հանցանքը, և՛ այո, էսօր մի խելառ ընկել է փողոցները, աջ ու ձախ մարդկանց վիրավորելով»,- մասնավորապես նշեց Բագրատ Սրբազանը։
«Ճանապարհը մեկն է, դուք եկել եք վերջի մասին եք խոսում, ես խոսում եմ սկզբի մասին։ Այստեղ կիսատ, ձևական որոշումներ կայացնելով մեզ մի խաբեք, մեր ինտելեկտները մի վիրավորեք։ Ես նաև կանխագուշակելով, որ խափանման միջոցները չեն փոխվելու բնականաբար և կանխագուշակելով, որ այլևս դատական նիստեր չեն լինելու մինչև հունիսի 7-ը, ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, գնացեք ընտրությունների և մերժեք այս չարիքի իշխանություններին»,- իր խոսքը եզրափակեց Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































