Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով մայիսի 21-ի դատական հերթական նիստում քննարկվեց նաև Վահագն Չախալյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Վերջինս արդեն 11 ամիս է՝ կալանքի մեջ է՝ 8 ամիս նա պատիժ է կրել քրեակատարողական հիմնարկում, իսկ արդեն 3 ամիս՝ տնային կալանքում է։
«Վահագն Չախալյանի հարազատները Հայաստանում չեն ապրում, երկու երեխաները անչափահաս են, կինը չի աշխատում, մեծ որդին բոլորովին վերջերս է դարձել 19 տարեկան և ուսանող է»,- ասաց նրա պաշտպանը՝ միջնորդելով նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողություն՝ փոխարինելով տնային կալանքը։ Ըստ Չախալյանի պաշտպանների՝ իրենց վստահորդը խափանման միջոցի պայման չի խախտել։
«Լինելով հայրենասեր, ազգասեր մարդ, ընտրությունների հետ կապված նա կարող է իր կարծիքը հանրային ձևով արտահայտել՝ կարծում եմ՝ սա է միակ մտավախությունը, որ Վահագն Չախալյանին տնային կալանքում եք պահում։ Վարչական հսկողությամբ փոխելով՝ ցանկացած սահմանափակում կարող եք տալ»,- հայտարարեց Չախալյանի պաշտպանական կողմը։
«Երանի այն ազգին, որ ձեր նման Սրբազան ունի։ Շնորհավորում եմ ծննդյան օրվա առիթով, ու շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր գլխավորությամբ շատ լավ մարդկանց հետ ծանոթացա»,- իր խոսքն այսպես սկսեց Վահագն Չախալյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակին՝ Չախալյանը նշեց, որ մի բան փոխվել է։ «Ընտանիքս ամեն շաբաթ էլ տուլիկ չի տանում «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այդ մասով մի փոքր աջակցություն ընտանիքս ստացավ, բայց ես չեմ կարողանում աշխատել, արժեք ստեղծել»,- հայտարարեց Վահագն Չախալյանը։
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ նշեց, որ Հայաստանի փոքրիկ խմբակը հաջողության չի հասնելու։ Դատավոր Կարեն Ֆարխոյանն ընդհատեց մեղադրյալին՝ զգուշացնելով, որ քաղաքական հայտարարություններ չանեն, ու զգուշացրեց բոլորին։
Միջնորդության քննարկման այլ մանրամասները՝ տեսանյութում։
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց երկու ամսով երկարաձգել Վահագն Չախալյանի տնային կալանքը։
Նույն նիստում երկու ամսով երկարաձգվեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Նույն գործով անցնող մեկ այլ մեղադրյալ՝ ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանն էլ մինչև հունիսի 25-ը կշարունակի մնալ տնային կալանքում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































