Բագրատ Սրբազանի և մյուս 17-ի գործով դատական նիստի ժամանակ քննվեց նաև տնային կալանքի տակ գտնվող ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Նա ևս «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է։
Ըստ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, նա չի կարող ազդել գործի ընթացքի վրա, վկաների տված ցուցմունքները մեղադրական բնույթի չեն, հետևաբար և չի կարող ազդեցություն գործադրել նրանց վրա։
Ըստ փաստաբանի, նրա տնային կալանքը ենթակա է վերացման, բայց եթե դատարանը գտնի, որ անհրաժեշտ է խափանման միջոց ընտրել, ապա կարող է վարչական հսկողություն սահմանել՝ արգելելով շփվել վկաների հետ, այսպիսով կփարատվի այդ մտավախությունը։
Լիպարիտ Սիմոնյանը հիշեցրեց, որ թեկնածուին կալանքի տակ պահելով, զրկում են նրան հավասար քարոզչություն իրականացնելու իրավունքից։ Բացի այդ, նա շաքարային դիաբետով է տառապում, 22 տարի հաշվառված է պոլիկլինիկայում, հիվանդությունը ձեռք է բերել պատերազմի ընթացքում։ Դեղորայքի բացակայության պատճառով նրա վիճակը հաճախակի է վատանում, բուժհաստատությունում բուժվելու կարիք ունի, կա հաշմանդամություն ձեռք բերելու վտանգ։ Նա 10-օրյա բուժման կարիք ունի, իսկ տնային կալանքը խոչընդոտում է։ Ըստ փաստաբանի, նա ակտիվ ֆիզիկական աշխատանք պիտի կատարի, քայլի, սա բժիշկների ցուցումն է։
Կարդացեք նաև
Փաստաբաններից մեկն էլ նշեց, թե բոլորի գործերում նույն շինծու մեղադրանքն է։
«Ինչպե՞ս պատահեց, որ 18 հոգուն, որոնց մեղսագրում են նույն հանցանքը, խմբի կազմում որևիցե մեկի արարքը չի անհատականացվել, ենթադրյալ հանցակազմ պարունակող արարքի մեջ մեղսագրելով ահաբեկչություն, իշխանության յուրացում, չի ասվել՝ ով ինչ գործողություն պիտի կատարեր, արդարներից 15-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, բացակայելու արգելք, մյուսների նկատմամբ՝ կալանք ու տնային կալանք»-հարցրեց փաստաբանը։
Նա ասաց, որ նախկինում մի սուտ բան կպցնում էին մեղսագրվող արարքում, ասենք՝ գրում էին «անգլիական շպիոն», հիմա, ըստ փաստաբանի, սուտն այն է, որ արարքը թղթի վրա գրվել է, բայց իրականում գոյություն չունի։ Նա հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված երեք արդարների՝ Բագրատ Սրբազանի, որը ցմահ կալանքի տակ է, նրա պատիժն ամենախիստն է, ու մյուս երկուսը՝ Արթուր Սարգսյանին ու Իգոր Սարգսյանին տնային կալանքի ենթարկելը, որևէ իրավական հիմքով կարող են հիմնավորե՞լ։
«Կարող եք ասել, որ որևիցէ մի գործողություն՝ ի տարբերություն 15-ի, մի բանով տարբեր են արել»,-հարցրեց փաստաբանը։
Ըստ նրա, կա սուբյեկտիվ ցանկություն, որն ուղղորդվում է Հանրապետության հրապարակից։
«Հունիսի 11-ին հեթական նիստն է լինելու, ու ժողովուրդը բանիմաց է լինելու, ես այդ ժամանակ կուզենայի նայել ձեր աչքերին, հարգելի դատարան, եթե ժողովուրդն իր խոսքն ասի, այդ խոսքը այսօրվա չարիքի իշխանությունից ազատումն է, կցանկանայի այդ ժամանակ կտեսնել ձեր վերաբերմունքը այս քրեական գործին, եթե փորձեք արդարություն իրականացնել, չի մոռացվի այս օրերի տառապանքը», -ասաց փաստաբանը։
Իգոր Սարգսյանը նշեց, որ 11 ամիս է՝ այս քրեական գործում որոշակի բաներ են քննարկվում, բայց 34 հատորը կարդալուց ոչինչ չկա, ըստ նրա, խնդիրը իրենց մեկուսացնելն է, որոշակի քաղաքական պրոցեսներից իրենց հեռու պահելը, չկան վկաներ, որոնց վրա կարող են ազդել։
Նա նշեց, որ այս ամենն արվում է, որ չթույլատրեն մասնակցել քաղաքական, ընտրական գործընթացներին։
«Մեր ամբողջ գործի մեջ չկա գեթ մի բան, որ մեր հասարակությանը, մեր ժողովրդի համար հակասահմանադրական, հակաօրինական լինի, մարդկանց սպանել և այլն, այդպիսի բաներ չկան, բայց փոխարենը դրսում այսօր քարոզչության է գնում և սպառնալիքներ են հնչում։
Երկրի առաջին դեմքի՝ վարչապետի բերանից ասում է՝ 150 հազարը ինչո՞ւ չմեռաք, միլիոնը ինչո՞ւ չմեռաք, խի չեք մեռել, դուք ինչի՞ փախաք, եկաք ստեղ, որ էս վիճակների մեջ չընկնեինք, սատկեիք դուք, ինչու չմեռաք դուք»։
Իգոր Սարգսյանն ասաց, որ ողջ կյանքը երկրի համար պայքարել է։ Նա ասաց․ «Կնստեմ, խնդիր չկա, բայց սերունդները պիտի ապրեն։ Իսկ դու սերունդներին ուզում ես սպանված, մեռած տեսնել, բացի քո փառասիրությունից կամ դավաճանությունից՝ Ալիևի ծափ տալուց»։
Դիմելով ժողովրդին՝ հորդորեց ճիշտ ընտրություն կատարել, որ ընտանեկան, ազգային արժեքները վերականգնվեն, մեր հայրենակիցները, որոնք գլուխները կախած են ման գալիս դրսում, բարձր պահեն գլուխները։
Դատարանը նրան ընդհատեց, թե քարոզարշավ չէ այստեղ։
«Պլեչիկ ու սանդալ հագնողները ժողովրդի անունից են խոսում, դու պատերազմ տեսե՞լ ես, որ իմանաս խաղաղությունն ի՞նչ է, դու մարտի դաշտում եղե՞լ ես, քո ձեռքերի մեջ ընկեր զոհվել է, որ դու ասես խաղաղությունն ի՞նչ է, ասում է՝ մեռեք, հերն էլ անիծած, ինչո՞ւ չեք մեռել, խաղաղության անվան տակ միլիոնավորներին որոշում են մատաղ անել»։
Նա ասաց ՝ այսքանն է ասում, որոշողը դատարանն է։
Դատարանը երկարացրեց Իգոր Սարգսյանի տնային կալանքը ժամկետը՝ մինչև հունիսի 25-ը, բացակայելու արգելքը թողեց անփոփոխ, սակայն սահմանափակումների մեղմացրեց՝ հաշվի առնելով պատգամավորության թեկնածու լինելը։ Իգոր Սարգսյանը շփվելու իրավունք ունի անձանց հետ՝ բացառությամբ վարույթի մասնակիցների հետ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































