Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կարպիս Փաշոյանի՝ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ վնասը ՀՀ-ին այն է, որ ԱԱԾ-ն հանուն Նիկոլ Փաշինյանի սկսեց հրապարակել գաղտնի փաստաթղթեր

Մայիս 26,2026 15:51 Share

«Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որն առավել հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ, յուրօրինակ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին․ այս մասին այսօր այդ շենքի մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Ցայսօր այդ հաստատության գոյությունը, ըստ բանախոսի, փաստում է մեկ բան՝ ՀՀ գործող իշխանությունները պահպանում են խորհրդային բռնաճնշումների համակարգը․ «Ինքնիշխան Հայաստանում չպետք է լինեն «ԿԳԲ-ի պադվալներ», սակայն գործող իշխանությանը ձեռնտու է դրանց գոյությունը»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն այսօր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր ԱԱԾ շենքի եւ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մոտ։

Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն բազմիցս հանձնարարել է փակել այդ կառույցը, քանի որ այն չի համապատասխանում կալանավորների պահման միջազգային չափանիշներին։ Ըստ նրա՝ այս հաստատությունը պետք է փակված լիներ դեռ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ Եվրամիության հետ բանակցությունների համատեքստում, կամ ավելի վաղ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում, երբ ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի խորհրդին։ Բայց նույնիսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «ԿԳԲ-ի պադվալը» շարունակում է գործել, և այսօր այդ հիմնարկում քաղբանտարկյալներ են պահվում։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ վերահսկում է ազգային անվտանգության համակարգը, որն այդպես էլ ուժային կառույցից չվերածվեց իրավապահ համակարգի․ «Հայաստանում ԿԳԲ-ի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա հրաշալիորեն տեղավորվել է այս համակարգում»։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պահպանում է նախորդ կառավարման համակարգը, ասում է նաև «Լուսավոր Հայաստանի» ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։ Ասում է՝ «ԿԳԲ-ի շենքի» հարևանությամբ Միքայել Նալբանդյանի արձանն է, և տարակուսում՝ դեռ երիտասարդ տարիներից չի հասկացել, թե ոնց կարող է այդ շենքի հարևանությամբ լինել ազատության պոետի արձանը։

Հայաստանն Եվրոպա իբր տանող ՀՀ իշխանություններին էլ ի գիտություն է հայտարարում՝ առանց ազատության գաղափարի Հայաստանը չի կարող լինել եվրոպական․ ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի ներկայիս վիճակով, «ԿԳԲ-ի պադվալով» Հայաստանը չի կարող լինել եվրոպական։ 2018-ին հույս է ունեցել, որ նաև գաղափարական հեղափոխություն կլինի, և այդ կառույցները ոչ թե ուժային կլինեն, այլ իրավապահի կվերածվեն, բայց դրանք հանուն Նիկոլ Փաշինյանի սկսեցին անգամ սատանաներ որսալ, կալանավորել եպիսկոպոսների։

Ըստ Կարպիս Փաշոյանի՝ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ վնասը ՀՀ-ին այն է, որ ԱԱԾ-ն հանուն Նիկոլ Փաշինյանի սկսեց գաղտնի փաստաթղթեր հրապարակել։ Մինչդեռ այս կառույցը ամենակարևորն է․ այն պետք է ապահովի մեր ազգային, պետական անվտանգությունը, և այդ ամենից հետո արդեն դժվար թե որևէ մեկը լուրջ վերաբերվի ԱԱԾ-ին կամ այդ հիմնարկում աշխատելուն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031