«Պարզվում է՝ ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, կարելի է Նիկոլ Փաշինյանին, և միջազգային շատ գործընկերներ պատրաստվում են սրա վրա աչք փակել»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։ Հիշեցնում է՝ 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը երրորդ անգամն էր առաջադրվում վարչապետի պաշտոնում, երիտասարդները ակցիա արեցին՝ դրամահավաք կազմակերպեցին․ «Որպեսզի նա գումար ունենա և գնա թոշակի։ Եթե պետք լինի, մի դրամահավաք էլ հիմա կկազմակերպենք, որ ինքն էլ (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – Ն. Գ.) թողնի, գնա թոշակի։ Արդեն երկու ժամկետ կառավարել է, դժվար թե նրա երևակայությունը կամ ուժերը հերիքեն՝ ինչ-որ նոր բան ստեղծելու»։
Խնդիրը վերաբերում է վերջերս հրապարակված այն սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը 65 տոկոս ձայն ունեն հունիսի 7-ի ընտրություններում։ Հայկական սոցիոլոգիական ընկերության այդ հարցումները հրապարակվել էին «Եվրոնյուզով»։ Եվ «Բրեվիս» ընկերությունը հերքում տարածեց, որ մայիսի 31-ին EuroNews-ով հրապարակված, և հայկական որոշ ԶԼՄ-ներում արտատպված հոդվածում տեղ գտած սոցհարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում «Բրեվիս» ընկերությանը, «չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները»։
«Մենք սա համարում ենք պրոպագանդա, որ մարդիկ մտածեն, թե իշխանությունն արդեն հաղթել է ու չգնան ընտրությունների»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը և հորդորեց՝ մինչև ընտրությունները որևէ սոցիոլոգիական հարցման չհավատալ, անպայման գնալ ընտրության և սեփական քվեով ձևավորել սեփական իշխանությունը։ Նա հույս ունի, որ դա չի լինի ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդ ջան, դուք լո՞ւրջ եք։ Այսինքն, ձեր Նիկոլին համեմատում եք Անգելա Մերկելի հետ, որը ծառայություններ է մատուցել ինչպես Գերմանիային, այնպես էլ ամբողջ Եվրոպային՝ դառնալով Եվրոպայի երկրորդ «երկաթյա լեդին»,- սա էլ Կարպիս Փաշոյանի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր երրորդ անգամ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը համեմատում են եվրոպական պետությունների ղեկավարների, մասնավորաբար՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնավարման ժամկետների հետ։
Կարդացեք նաև
Բանախոսներն անդրադարձան նաև հանրային հեռուստաընկերությամբ կուսակցությունների նախընտրական բանավեճին։
«Դա բանավեճ չէր, հայհոյախառն կռիվ էր, որի զուգահեռ ինչ-որ խոսակցություններ էին ընթանում Հայաստանի անվտանգության մասին, որոնք բացարձակապես Հայաստանի անվտանգության մասին չէին։ Այս բանավեճի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե ինչպիսի խորհրդարան ենք ունենալու, եթե այդ ուժերն անցնեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Կարպիս Փաշոյանն էլ ուրախ է, ասում է՝ մարդիկ թող տեսնեն և հասկանան։ Եթե այդ բանավիճողներից կախված չլինի պետության համար կարևոր որոշումների կայացումը՝ կարծում է՝ լավ է՝ «կնայենք, կզվարճանանք»՝ գարեջրի և պոպ-կոռնի ընկերակցությամբ։ Բայց քանի որ նրանք հավակնում են կարևոր որոշումներ կայացնել պետության համար՝ զգուշացնում է՝ այդ ուժերի հաղթանակի դեպքում նոր ատոմակայան չենք ունենա, կվատթարանան հարևան-բարեկամ երկրների հետ հարաբերությունները, և Հայաստանը չի կարողանա դիմագրավել իր առջև ծառացած մարտահրավերներին։
Մանրամասները՝ տեսանյութում
«Լուսավոր Հայաստանի» անդամներն այսօր նախընտրական քարոզարշավն իրականացրեցին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ ԼՀԿ ֆեյսբուքյան էջից


















































