«Ճիշտ է՝ ԵՄ արտահանումը կրկնապատկվել է, բայց էլ ավելի ագրեսիվ ենք և նպատակ ունենք քառապատկելու, հնգապատկելու»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ լրագրողների՝ տնտեսական խնդիրների հետ կապված հարցերին ի պատասխան ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարցին՝ այն, որ ՌԴ-ից հայտարարեցին, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծման վրա, ի՞նչ վիճակ է, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց․ «Տեխնիկական հարցեր են, որ, անկեղծ ասեմ, այսօր էլ քննարկվել են»։ Նա նշեց, որ ձուկ արտադրող երկու ընկերության հետ կապված խնդիրն արդեն լուծվել է և վստահեցրեց՝ հունիսի 7-8-ից հետո հերթով բոլորը կբացվեն․ «Զուգահեռ այսօր արդեն էկոնոմիկայի նախարարությունը մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել ԵՄ, Մերձավոր Արևելք արտահանման աջակցման համար»։
Հարցին՝ ո՞ր ապրանքների հետ կապված, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Պտուղ-բանջարեղեն, մշակող արդյունաբերության արտադրանք»։
Հարցին՝ ո՞րն է սահմանափակումների պատճառը, Գևորգ Պապոյանը պատասխանեց, թե խնդիրները տեխնիկական են և վստահեցրեց․ «Իմ տեղակալը եղել է Աստանայում, մթնոլորտը դրական է, և բոլոր կողմերը հակված են լուծել խնդիրները։ Ընտրություններից հետո այս հարցերին լուծում կտանք»։ Հարցին՝ մեր ապրանքների որակը և եվրոպական չափանիշները համադրելով՝ արդյոք իրատեսակա՞ն է, որ ԵՄ արտահանման ծավալները կարող են աճ գրանցել, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Եթե չափանիշների մասին է խոսքը, շատ իրատեսական կլիներ, որովհետև մեր պտուղ-բանջարեղենն ունի արտահանման գլոբալ գեյթվեյ սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատն է։ Դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Բայց կան տրանսպորտային ծախսեր։ Ժամանակին, որ ասում էին՝ դե, մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ-բանջարեղենը միայն ՌԴ-ում են առնում, նման բան չկա․ այդ ստանդարտներն արդեն ԵԱՏՄ-ում էլ են ամենաբարձրը, մեր ապրանքներն էլ ամենաբարձր համապատասխանության են։ Տրանսպորտային հարցերի հետ կապված էլ փոխհատուցման ծրագիր ենք ներկայացրել կառավարություն։ Ագրեսիվ կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որ կարողանան մրցունակ գներ առաջարկել։ Օրինակ՝ ծաղիկը՝ 5,5 միլիոն դոլար, պղպեղը՝ 3,3 միլիոն դոլար՝ սկսած Հունաստանից մինչև մյուս եվրոպական երկրներ»։
Կարդացեք նաև
Քննադատություններին, թե ՔՊ-ի իշխանության վերջին քաղաքականության հետևանքն է, որ ՌԴ-ն նման որոշում է ընդունել, Գևորգ Պապոյանն արձագանքեց․ «Մենք ՌԴ-ի հետ երբեք այդքան լավ հարաբերություններ չենք ունեցել, ոնց հիմա։ Երբեք այսքան առևտրաշրջանառություն ՌԴ-ի հետ չի եղել, ինչքան հիմա է։ Այն մարդիկ, որ ասում են՝ մեր ժամանակ լավ էր, իրենց ժամանակ տնտեսությունն ու հիմա համեմատելը նշանակում է համեմատել սեղանիկը մեծ հիպերմարքեթի հետ»։
Հարցին՝ պաշտոնական Երևանը պատասխանե՞լ է Ռուսաստանի նամակին՝ գազի գնի հետ կապված, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, գիտեմ՝ ջերմ զրույց է եղել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև։ Բոլոր հարցերը հայկական մամուլում ուռճացված են, և հարցերը կլուծվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































