Aravot.am-ի զրուցակիցն է միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը։
-Դուք պնդում եք, որ Հայաստանում ընտրությունները տեղի են ունենում անհավասար քաղաքական պայմաններում։ Ո՞րն է այն հիմնական ռիսկը, որը, ըստ Ձեզ, կարող է ազդել հունիսի 7-ի ընտրությունների ազատ և արդար բնույթի վրա, և արդյոք միջազգային դիտորդները բավարար ուշադրությո՞ւն են դարձնում այդ խնդիրներին։
-Սա պարզապես իմ անձնական պնդումը չէ, սա այն աղաղակող իրականությունն է, որն այսօր տեսնում է ցանկացած անկախ դիտորդ։ Երբ մենք խոսում ենք հունիսի 7-ի ընտրությունների մասին, մենք չենք խոսում սովորական քաղաքական մրցակցության մասին։ Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, որտեղ գործող իշխանությունը կիրառում է վարչական ռեսուրսի ողջ արսենալը՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու, քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար։ Սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը։ Մեր ընկերության կողմից վերջերս հրապարակված զեկույցում մենք հստակ փաստերով ուշադրություն հրավիրեցինք մի չափազանց վտանգավոր միտման վրա՝ Արևմուտքի, հատկապես Եվրամիության կողմից այս ընտրական գործընթացներին առկա բացահայտ միջամտությանը։
Սա ուղղակիորեն հարվածում է հենց իրենց իսկ որդեգրած արժեքներին։ Տեսեք, թե ինչպես են գործում թվերի մակարդակով։ Ընտրություններից առաջ մեզ փորձում են կերակրել ինչ-որ շինծու վիճակագրությամբ, որտեղ միջազգային հարթակները՝ Euronews-ից մինչև IRI, բացահայտորեն աշխատում են իշխանության օգտին։ Մեկը շտապում է նախապես թագադրել գործող վարչապետին, մյուսը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրում է ինչ-որ ծիծաղելի 6 տոկոս։ Ու սա այն դեպքում, երբ իրական պատկերը գետնի վրա լրիվ այլ է, և ցանկացած անկախ տեղական հարցախույզ փաստում է, որ «Ուժեղ Հայաստանին» աջակցությունը քառապատիկ ավելի է ու չի իջնում 25%-ից։ Սա վրիպակ անվանելը պարզապես միամտություն կլիներ․ սա կանխամտածված տեղեկատվական դիվերսիա է։ Երբ հեղինակավոր համարվող կառույցները հրապարակ են նետում իրականությունից այսքան հեռու, կեղծ տվյալներ, դրանք դադարում են սոցիոլոգիա լինելուց։
Կարդացեք նաև
Սա հոգեբանական ճնշման հատուկ գործիք է, որի միակ նպատակն է կոտրել հայ ընտրողի կամքը, հուսահատեցնել նրան ու ստիպել հավատալ, թե ամեն ինչ արդեն որոշված է իր փոխարեն։ Նրանք ուզում են, որ մարդիկ տանը նստեն, որովհետև վախենում են հայաստանցու իրական քվեից։ Սա ընտրական իրավունքի նկատմամբ երբևէ տեսնված ամենացինիկ ու ամենավտանգավոր գործելաոճն է։ Իսկ միջազգային դիտորդները պարզապես առաջնորդվում են աշխարհաքաղաքական նպատակահարմարությամբ, այլ ոչ թե ժողովրդավարական արժեքներով։ Նրանք «աչք են փակում» ներքին բռնապետական միտումների վրա՝ հանուն կայունության պատրանքի։ Բայց մենք թույլ չենք տա այդ լռությունը։ Մենք ստիպելու ենք միջազգային հանրությանը տեսնել ամեն մի խախտում։ Ժողովրդավարությունը միակողմանի խաղ չէ, և մենք թույլ չենք տա, որ Հայաստանի քաղաքացու ընտրության իրավունքը գողացվի իրավական կամայականությունների և կեղծված վիճակագրության քողի տակ։
-Հայաստանում վերջին շրջանում և հատկապես վերջին օրերին իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, որոնց տներում իրականացվում են խուզարկություններ և այլ քննչական գործողություններ։ Հաշվի առնելով սպասվող ընտրությունները՝ արդյոք սա դիտարկո՞ւմ եք որպես առանձին իրավական գործընթացների շարք, թե՞ ընտրական միջավայրի վրա ազդելու և ընդդիմության հնարավորությունները սահմանափակելու ու վախի մթնոլորտ ստեղծելու միտում։
-Որպես միջազգային իրավաբան՝ ես իմ կարիերայի ընթացքում տեսել եմ բազմաթիվ ավտորիտար ռեժիմների ձեռագիր, և պետք է լինել ծայրահեղ միամիտ՝ սա որպես «առանձին իրավական գործընթացների շարք» դիտարկելու համար։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ընտրական միջավայրի վրա ճնշում գործադրելու և ընդդիմությանը կաթվածահար անելու բացահայտ, համակարգված ու կանխամտածված արշավ է։ Նայե՛ք փաստերին։ Ընտրություններից հաշված օրեր առաջ իրավապահ ողջ համակարգը՝ ոստիկանությունից մինչև քննչական մարմիններ, լծվել է մեկ կոնկրետ ընդդիմադիր ուժի նկատմամբ կոշտ ճնշումներ բանեցնելու գործին։ Կուսակցության առանցքային ու ակտիվ անդամներից մեկի՝ Ալիկ Ալեքսանյանի աղաղակող ձերբակալությունը, ընդդիմադիր գործիչների տներում իրականացվող զանգվածային խուզարկություններն ու քննչական գործողությունները պատահականություն չեն։
Ինչո՞ւ հենց հիմա։ Որովհետև գործող իշխանությունը վախենում է քաղաքական մրցակցությունից և փորձում է մարդկանց մեջ վախի մթնոլորտ առաջացնել։ Սա պետական ապարատի բացահայտ չարաշահում է՝ նպատակ ունենալով սահմանափակել ընդդիմության հնարավորությունները և թույլ չտալ, որ քաղաքացիներն ազատ արտահայտեն իրենց կամքը հունիսի 7-ին։
Այս ամենը կատարվում է «ժողովրդավարության» քողի տակ, բայց իրականում ուղղակիորեն դեմ է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին և օրենքի գերակայությանը։ Երբ իրավական համակարգը դադարում է պաշտպանել քաղաքացուն և վերածվում է քաղաքական հետապնդումների գործիքի, դա պետության փլուզման սկիզբն է։ Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ այս անօրինականությունները շարունակվեն։ Ամեն մի խուզարկություն, ամեն մի ապօրինի ձերբակալություն մանրամասն փաստագրվում է մեր թիմի կողմից և ներկայացվելու է միջազգային բոլոր ատյաններին՝ որպես Հայաստանում ընտրական գործընթացի բացահայտ տապալման և քաղաքական բռնաճնշումների անհերքելի ապացույց։
-Ընտրություններից առաջ, երբ վարչապետը քաղաքական հակառակորդների հասցեին օգտագործում է «նստացնելու», «կզացնելու» և այլ կոշտ ձևակերպումներ, արդյոք դա համահո՞ւնչ է ազատ ու արդար ընտրությունների միջազգային չափանիշներին, թե՞ նման հռետորաբանությունը կարող է դիտարկվել որպես վարչական և քաղաքական ճնշման մթնոլորտ ձևավորելու միջոց։
-Եկե՛ք իրերն իրենց անուններով կոչենք․ նման բառապաշարն ու հռետորաբանությունը ոչ միայն որևէ աղերս չունեն ազատ ու արդար ընտրությունների միջազգային չափանիշների հետ, այլև ուղղակիորեն խարխլում են ժողովրդավարական պետության հիմքերը։ Երբ երկրի վարչապետը քաղաքական հակառակորդների հասցեին օգտագործում է «նստացնելու», «կզացնելու» կամ նմանատիպ փողոցային, ագրեսիվ ձևակերպումներ, դա պարզապես կոշտ խոսք չէ։ Սա բացահայտ, պետական մակարդակով հնչեցվող սպառնալիք է և վարչական ու քաղաքական ճնշման ահռելի մթնոլորտ ձևավորելու ուղղակի գործիք։
Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ գործադիր իշխանության ղեկավարն իրավունք չունի հանդես գալ որպես դատավոր կամ դատախազ և հանրայնորեն որոշել՝ ում «նստեցնել», ում՝ ոչ։ Դրանով նա ուղղակի հրահանգ է տալիս իրավապահ համակարգին և դատարաններին, որոնք, ինչպես տեսնում ենք, անմիջապես անցնում են այդ հրամանների կատարմանը՝ իրականացնելով ապօրինի խուզարկություններ ու ձերբակալություններ։ Սա օրենքի գերակայության կատարյալ բացակայություն է, որտեղ արդարադատությունը փոխարինվում է մեկ անձի քաղաքական քմահաճույքով ու վրեժխնդրությամբ։
Այսպիսի ագրեսիվ հռետորաբանությունը նպատակ ունի ահաբեկել ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլև շարքային քաղաքացիներին։ Սա ուղերձ է հանրությանը, որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության՝ սեփական աթոռը պահելու համար։ Վարչապետի յուրաքանչյուր նման հայտարարություն մեր կողմից ևս արձանագրվում է և ներկայացվելու է միջազգային հանրությանը, եվրոպական կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ որպես ապացույց, որ Հայաստանում ընտրություններն անցնում են քաղաքական տեռորի և պետական հովանավորչությամբ իրականացվող վախի մթնոլորտում։ Ժողովրդավարական աշխարհը պետք է դադարի ձևացնել, թե չի լսում այս բռնապետական հռետորաբանությունը։
-Դուք ներկայացնում եք Սամվել Կարապետյանի շահերը, որը դարձել է ընդդիմության ամենաքննարկվող դեմքերից մեկը։ Ի՞նչ եք կարծում՝ նրա դեմ հարուցված գործերն ու սահմանափակումները որքանո՞վ են ազդում նախընտրական մրցակցության հավասարության վրա, և ի՞նչ նախադեպ կարող են ստեղծել ապագա ընտրությունների համար։
-Սամվել Կարապետյանի դեմ հարուցված շինծու գործերն ու կիրառվող ապօրինի սահմանափակումները ոչ միայն խախտում են նախընտրական մրցակցության հավասարությունը, այլև ուղղակիորեն ապացուցում են, որ գործող ռեժիմը կատարյալ խուճապի մեջ է։ Որպես նրա շահերի պաշտպան միջազգային ասպարեզում՝ ես վստահաբար ասում եմ․ երբ իշխանությունը չունի քաղաքական փաստարկներ և ուժեղ գաղափարներ, նա անցնում է իրավական համակարգի չարաշահմանը՝ փորձելով մեկուսացնել իր համար ամենավտանգավոր հակառակորդին։
Բայց նայեք, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Չնայած բոլոր արհեստական արգելքներին, տեղաշարժի, խոսքի և գործունեության դեմ դրված ապօրինի սահմանափակումներին՝ Սամվել Կարապետյանն արել է և շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի իր ծրագրերն ու ուղերձները հասնեն յուրաքանչյուր հայաստանցու։ Եվ այդ ուղերձներն արդեն հասել են իրենց նպատակակետին։ Մարդիկ լսում են, հասկանում են և համախմբվում են այն տեսլականի շուրջ, որը նա առաջարկում է երկրի ապագայի համար։ Եթե նրա ձայնը տեղ չհասներ, եթե նրա ազդեցությունը չլիներ այսքան հզոր, մենք չէինք տեսնի իշխանությունների այսօրվա հիստերիկ ու խուճապահար արձագանքը՝ կատարվող զանգվածային խուզարկություններով ու ձերբակալություններով։ Նրանց վախը լավագույն ապացույցն է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը հնարավոր չէ կանգնեցնել դատական որևէ մեքենայությամբ։
Ապագա ընտրությունների համար սա ստեղծում է ահավոր և վտանգավոր նախադեպ։ Եթե միջազգային հանրությունն այսօր լռի և թույլ տա, որ ընտրություններից առաջ առաջատար ընդդիմադիր գործչի հանդեպ կիրառվեն նման բռնատիրական մեթոդներ, ապա Հայաստանում «ազատ ընտրություններ» հասկացությունը վերջնականապես կմեռնի։ Սա նախադեպ է այն մասին, որ ցանկացած իշխանություն այսուհետ կարող է պարզապես քրեական գործեր կարել և խաղից դուրս թողնել ոչ ձեռնտու ցանկացած թեկնածուի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք, որ այս վտանգավոր նախադեպը դառնա Հայաստանի քաղաքական իրականությունը։ Մենք կոտրելու ենք այս իրավական տեռորի շղթան, քանի որ Սամվել Կարապետյանի թիկունքին կանգնած է ժողովրդի վստահությունը, իսկ դա ավելի հզոր է, քան վարչական ցանկացած ճնշում։
-Ընտրությունները շատերի կողմից դիտարկվում են որպես Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ։
-Ո՛չ, ես կտրականապես համաձայն չեմ այդ մոտեցման հետ։ Սա այն կեղծ օրակարգն է, որը փորձում են պարտադրել արտաքին ուժերն ու գործող իշխանությունը՝ հանրությանը պառակտելու համար։ Ինչպես վերջերս իմ հայտարարության մեջ հստակ նշել եմ՝ սա աշխարհաքաղաքական ընտրություն չէ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Սա ընտրություն է ներքին տեռորի ու բռնապետության և օրենքի գերակայության ու իսկական ժողովրդավարության միջև։
Հայաստանի քաղաքացիները հունիսի 7-ին քվեարկելու են ոչ թե հանուն Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի շահերի, այլ հանուն սեփական երկրի ինքնիշխանության, անվտանգության և արդարության։ Երկիրը կայուն զարգացման ուղի վերադարձնելու և իրավական կամայականություններին վերջ դնելու իրավունքը պատկանում է միայն ու միայն հայ ժողովրդին, և ոչ մի արտաքին խաղացող իրավունք չունի այս գործընթացը վերածելու աշխարհաքաղաքական առևտրի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































