Ներկայացնում եմ Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ուղղված իմ պաշտոնական նամակը
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ,
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ
Նորին Գերազանցություն տիկին Կայա Կալասին
Կարդացեք նաև
Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայություն
Բրյուսել
Թեմա՝ Ընտրական գործընթացի արժանահավատությունը Հայաստանի Հանրապետությունում և միջամտությունը ապատեղեկատվության միջոցով ընտրությունների նախաշեմին
Ձերդ Գերազանցություն տիկին Բարձր ներկայացուցիչ,
Ձեզ եմ դիմում ինստիտուցիոնալ խորին հարգանքով և այն ակնածանքով, որը վայել է թե՛ Ձեր բարձր պաշտոնին, թե՛ այն արժեքներին, որոնք Դուք կոչված եք ներկայացնելու։ Ես սա անում եմ ոչ թե Եվրոպական միությանը խնդրելու համար՝ կանգնել հայաստանյան այս կամ այն քաղաքական ուժի կողքին, այլ ընդհակառակը՝ խնդրելու, որ Միությունը Հայաստանում կիրառի ճիշտ նույն չափանիշը, որով չափում է ընտրական միջամտությունն աշխարհի ցանկացած այլ վայրում։
Հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ համաեվրոպական լրատվամիջոցը՝ Euronews-ը, նախապես հայտարարեց, որ հայաստանյան ընտրություններում հաղթանակ է տանելու գործող վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը։ Այս հոդվածի հրապարակումից կարճ ժամանակ առաջ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել էր հարցում, որն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերագրում էր ձայների ընդամենը վեց տոկոսը, այն դեպքում, երբ տեղում՝ Հայաստանում անցկացված և որևէ նվազագույն վստահություն վայելող հարցում դրան քսանհինգ տոկոսից պակաս ձայն չի տալիս։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման մեջ ներկայացված թվերի և հայաստանյան ներքին հարցումների արդյունքների միջև առկա ճեղքվածքը սխալմունքի սահման չէ. դրանք պարզապես անհամեմատելի են։
Երբ միջազգային հարցումն արձանագրում է տվյալ երկրի իրականությունից այդքան կտրված թվեր, այն դադարում է լինել ընտրական հասարակական կարծիքի օրինական հարցում։ Անկասկած վճռորոշ քվեարկությունից շաբաթներ առաջ հրապարակված ընտրական կանխատեսումը՝ տեղական որևէ դիտորդի համար անճանաչելի թվերով, ոչ թե տեղեկացնում է քաղաքացուն, այլ ապակողմնորոշում ու պասիվացնում է նրան։ Դրա գործառույթը ոչ թե հայաստանյան ընթացիկ միտումների մասին ընտրողին տեղեկացնելն է, այլ ընդհակառակը՝ ծառայում է որպես միջոց՝ նրան համոզելու, որ իր որոշումն էական չէ։ Այն համոզում է, որ սպասվող արդյունքն արդեն իսկ կանխորոշված է, և, հետևաբար, քվեախցիկին մոտենալն անօգուտ է։
Դժվար է պատկերացնել ընտրական իրավունքի բուն էությանը հակասող ավելի մեծ «modus operandi»՝ գործելաոճ, քան այն, որը փորձում է համոզել, թե քվեարկելն անիմաստ է։
Տիկի՛ն Բարձր ներկայացուցիչ, տեղին է հիշեցնել, որ Եվրոպական միության մասին պայմանագրի 2-րդ հոդվածում ամրագրված ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, բազմակարծությունն ու մարդու իրավունքների հարգանքը սոսկ հռետորական գեղեցիկ խոսքեր չեն, այլ հենց այն հիմնարար արժեքները, որոնց վրա հենված է Միությունը։
Ավելին, 21-րդ հոդվածը պահանջում է, որ Եվրոպական միությունն իր արտաքին գործունեության մեջ առաջնորդվի հենց այս արժեքներով։ Ազատ ընտրությունների իրավունքը չի սահմանափակվում միայն քվեատուփերի առկայությամբ. այն ենթադրում է հանրային այնպիսի միջավայր, որտեղ ժողովրդի կամքը կձևավորվի առանց մանիպուլյացիաների, և որտեղ քաղաքացին վստահ կլինի, որ իր ձայնը որոշիչ է։ Այն ընտրությունը, որի արդյունքը հայտարարվում է դեռ չկայացած, ոչ թե ազատ ընտրություն է, այլ քաղաքական ֆարս։
Եվրոպական միությունը տարիներ շարունակ հսկայական ռեսուրսներ է ներդրել մի ողջ հայեցակարգ և ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու համար, որոնց նպատակն է դիմակայել այն երևույթին, ինչն իր իսկ փաստաթղթերում որակվում է որպես «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն»։
Միությունն իրավացիորեն զգուշացնում է այն գործողությունների վտանգի մասին, որոնք փորձում են կանխորոշել ընտրությունների ելքն ու ընտրողի մեջ սպանել սեփական ձայնի ուժի հանդեպ հավատը։ Ուստի չափազանց կարևոր է, որ նույն զգոնությունը դրսևորվի նաև այն դեպքում, երբ այս վճռորոշ ընտրություններից շաբաթներ առաջ հաղթողի անունը կանխագուշակող գործողությունը տեղի է ունենում հենց Եվրոպական միության ներսից։ Եվրոպական միության սկզբունքները պետք է կիրառվեն անխտիր ու հետևողականորեն. չի կարող միևնույն գործելաոճը համարվել անընդունելի միջամտություն, երբ այն գալիս է աշխարհագրական մի ուղղությունից, և որակվել որպես օրինական լրագրություն, երբ գալիս է հակառակ կողմից։
Այս մտահոգություններին գումարվում են նաև այն համառ պնդումները, որ Արևմուտքից Հայաստանի գործող կառավարությանը հատկացված հիսուն միլիոն եվրոյի մի մասը կարող է ուղղվել հենց այսպիսի արշավների ֆինանսավորմանը։ Սույն նամակի նպատակը թվեր ստուգելը չէ, այլ ժողովրդավարական արժանահավատության հիմնարար պահանջն ընդգծելը․ եվրոպացի հարկատուների միջոցներից գոյացած եվրոպական հիմնադրամները չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվել ինքնիշխան ընտրությունների ելքը կանխորոշելու կամ դա անելու փորձերի համար։ Եթե Միությունը թափանցիկություն է պահանջում այլոց կողմից, ապա ինքն էլ պետք է պատրաստ լինի թափանցիկություն ապահովել սեփական ռեսուրսների օգտագործման հարցում։
Ակնառու է այն հարմարավետ թեզը, համաձայն որի՝ Հայաստանում Եվրոպական միության համար ցանկալի արդյունքին հակասող ցանկացած զարգացում բացատրվում է «ռուսական ապատեղեկատվությամբ»։ Սա չափազանց հարմար, անխոցելի մի տեսակետ է, որով կառավարության հասցեին հնչած ցանկացած քննադատություն, ցանկացած այլախոհ ձայն, Հայ Առաքելական Եկեղեցու կամ ազգային ինքնիշխանության ցանկացած պաշտպանություն ինքնաբերաբար որակվում է որպես օտարերկրյա քարոզչություն և, հետևաբար, մերժվում՝ առանց որևէ քննարկման կամ պատասխանի անհրաժեշտության։ Սակայն այն փաստարկը, որը ծառայում է ամեն ինչ հերքելուն, իրականում ոչինչ չի ապացուցում։ Հայաստանը, լինելով ինքնիշխան պետություն, քրիստոնեության օրրան և իր տարածաշրջանի հավասարակշռության առանցքային մաս, արժանի է դիտարկվել որպես ինքնուրույն քաղաքական միավոր, այլ ոչ թե արտաքին ուժերի միջև ընթացող քարոզչական պատերազմի թատերաբեմ։
Միջամտությունը միջամտություն է՝ անկախ նրանից, թե ինչ դրոշի ներքո է այն հրամցվում։ Եթե Միությունն իրավացիորեն դատապարտում է ընտրողների կամքը խեղաթյուրող գործողությունները, ապա այդ դատապարտումը պետք է լինի սկզբունքային և կիրառվի անխտիր։ Հակառակ դեպքում, ժողովրդավարության եվրոպական պաշտպանությունը ռիսկ է անում ընկալվել ոչ թե որպես սկզբունք, այլ որպես քաղաքական նախապատվություն՝ ամբողջությամբ արժեզրկելով 2-րդ հոդվածում ամրագրված արժեքները։
Ելնելով վերոգրյալից՝ հարգանքով, բայց և պաշտոնապես հայցվում է, որ Դուք և Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունը ձեռնարկեք չորս քայլ, որոնք լիովին համահունչ են
Միության առաքելությանը․
1. Հրապարակավ վերահաստատել այն սկզբունքը, որ ընտրությունների միակ օրինական վճիռն այն է, ինչն արձանագրվում է քվեաթերթիկի միջոցով՝ քվեարկության օրը, և երբեք՝ որևէ վաղաժամ հայտարարություն։
2. Ստուգել, որ եվրոպական ոչ մի հիմնադրամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն չօգտագործվի այնպիսի արշավների ֆինանսավորման համար, որոնք նպատակ ունեն կանխորոշել կամ ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա։
3. Աջակցել ընտրությունների իրական, թափանցիկ և անկախ դիտորդությանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (OSCE/ODIHR) չափանիշներին համապատասխան։
4. Զերծ մնալ եվրոպական կառույցների կողմից ինստիտուցիոնալ վստահություն հաղորդելուց հասարակական կարծիքի այնպիսի հարցումներին, որոնց կտրվածությունն իրականությունից դրանք դարձնում է՝ մեղմ ասած՝ խիստ խոցելի։
Անկեղծորեն շնորհակալ եմ այս դիտարկումներին Ձեր ուշադրության համար։ Ես դրանք ներկայացնում եմ այն համոզմունքով, որ Եվրոպական միությունն է՛լ ավելի հզոր է, երբ հետևողական է իր որդեգրած արժեքների կիրառման մեջ, և որ քիչ բան կարող է ավելի մեծ պատիվ բերել նորմատիվ ուժին, քան սեփական անձի նկատմամբ այն չափանիշների կիրառումը, որոնք նա պահանջում է ուրիշներից։
Պատրաստ եմ տրամադրել հավելյալ մանրամասներ։
Հարգանքով՝
Ռոբերտ Ռ․ Ամստերդամ


















































