Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների օգտագործումը քարոզչական միջոցառումներին՝ այս ընտրարշավի ամենատարածված խախտումներից․ «Ականատեսի» արձանագրումները

Հունիս 05,2026 14:45 Share

«Դիտարկման ժամանակահատվածում՝ ապրիլի 1-ից սկսած առաքելության կողմից ամենաշատ արձանագրված դեպքերը կրթական հաստատությունների և մասնավորապես նաև երեխաների, անչափահասների ներգրավումն է քարոզչական միջոցառումներում։ Մենք արձանագրել ենք մի շարք դեպքեր, երբ համայնքներում օրենսդրական կարգավորումները չեն գործել»,-«Մեդիա կենտրոնում» «Ականատես» դիտորդական առաքելության նախընտրական փուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Մերի Մինասյանը։

Այնուհետև որոշ օրինակներ բերեց․ «Ապրիլի 19-ին Ախուրյան համայնքում կրթական հաստատությունների անձնակազմներին՝ դպրոցների, մանկապարտեզների անձնակազմներին հորդորվել է մասնակցել Գյումրիում կայացած փառատոնի շրջանակում Վարչաբենդ խմբի ելույթին։ Իրենց ասել են, որ գան սեփական մեքենաներով, որ ուշադրություն չգրավեն։ Ստիպողական և համակարգված մասնակցություն է եղել։

Մայիսի 13-ին Ապարան համայնքում դպրոցների տնօրենները, ուսուցիչներն աշխատանքի ժամին համակարգված մասնակցել են իշխող կուսակցության քարոզչական միջոցառմանը։ Տնօրինության հրահանգով աշակերտները ևս դուրս են եկել դասերից։ Նրանց բաժանվել են դրոշներ, քարոզչական պաստառներ և երեխաները նույնպես համակարգված մասնակցել են քարոզարշավին։

Ծաղկաշենի դպրոցի աշակերտներին անգամ տրվել են հրահանգներ, թե ինչ հագուստ պետք է կրեն․ ՔՊ-ի հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ են հագցրել, աղջիկներին հրահանգվել է, թե ինչ սանրվածք պետք է ունենան։

Մայիսի 21-ին Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում իշխող կուսակցության քարոզչությանը մասնակցելու համար դասապրոցեսը նախատեսվածից շուտ է ավարտվել, մասնակցել են միջնական դպրոցի տնօրեն Շուշանիկ Հախնազարյանը, Արտաշատի մշակույթի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, պարուսույցներ, մշակույթի տան այլ աշխատակիցներ։ Երեխաները բերվել են հավաքի, հրահանգ է տրվել որոշակի կոչեր վանկարկել։

Նմանատիպ գործողություններ եղել են նաև Վարդենիկում, որտեղ երեխաները ելույթ են ունեցել իշխող կուսակցության Իրական Հայաստան երգի ներքո, իրենց է միացել պատգամավորի թեկնածու Ալխաս Ղազարյանը։ Նման դեպքեր են արձանագրվել նաև Այգեզարդում, Ազատանում, Գյումրիում»։

Մերի Մինասյանն ասաց, որ այս դեպքերը եզակի չեն եղել։ Երեխաներին տարբեր ձևաչափերով ներգրավել են քարոզչական միջոցառումներում։ Նաև ասաց, որ միայն իշխող ուժի կողմից չեն արձանագրվել երեխաների ներգրավումը տարբեր քարոզչական միջոցառումներում, այլ նաև մյուս կուսակցությունների․ «Մասնավորապես «Ուժեղ Հայաստանի» կողմից ապրիլի 11-ին Երևանում կայացած հանրահավաքում արձանագրել ենք ուսուցիչների ուղեկցությամբ երեխաների խմբեր կուսակցական լոգոներով և հագուստներով, Մասիսում ևս նման միջոցառումների կազմակերպման փորձ է եղել, սակայն ծնողների կողմից մերժման հանգամանքով կանխվել է։ Ապրիլի 25-ին Թալինում և Արարատում տասնյակ դեռահասներ բերվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ բուկլետ վերցնելու և համայնքներում դրանք բաժանելու համար։ Նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև Ստեփանավանում, Վարդենիսում, Աբովյանում։ Հունիսի 3-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքին 12-14 տարեկանները նաև որոշակիորեն համակարգել են երթը՝ բարձրախոսներով վանկարկել են կոչեր, շապիկներ են բաժանել, հեռախոսազանգերի միջոցով իրենց հասակակիցներին են հավաքագրել։ Մասնավորապես «Հայաստան դաշինքի», ԲՀԿ-ի և «Միասնության թևերի» հանրահավաքներում ևս նկատել ենք երեխաների և անչափահասների կազմակերպված մասնակցության դեպքեր»։

«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն Գենյա Պետրոսյանն էլ հայտնեց, որ առաքելությունն ունի 61 երկարաժամկետ դիտորդ, նրանք իրականացնում են դիտորդություն 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում։ Ընտրությունների օրը 520 դիտորդներ տեղակայված են լինելու 260 ընտրական տեղամասերում առավոտյան ժամը 07։00-ից սկսած մինչև արդյունքների ամփոփումը։ Իրականացնելու են ընտրական գործընթացի ամբողջական դիտարկում։ 100 դիտորդներ 50 շրջիկ խմբերով այցելելու են 400-500 տեղամասեր։

Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին՝ նա ասաց․ «Արձանագրել ենք դեպքեր, երբ կառավարության, պետական, համայնքային մարմինների կողմից ընդունվել են որոշումներ, որոնք եղել են բավականին բարենպաստ և կարող էին առնվազն ընկալվել և ընկալվել են՝ որպես ընտրողների աջակցությունը խթանելու գործողություններ՝ կենսաթոշակների, հաշմանդամության նպաստի, աշխատավարձերի բարձրացման հետ կապված նախաձեռնությունները, էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմների ներմուծումը և այլն։

«Ականատես» դիտորդական առաքելությունը խնդիր է տեսնում հենց այս նախաձեռնությունների ընդունման ժամանակահատվածի հետ, որոնք բավականին մոտ են եղել քարոզչության ժամանակահատվածին և պետք է համարվեն՝ որպես ընտրությունների ժամանակահատվածի մեջ տեղավորվող գործընթացներ։ Այդպիսիք են վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքն առանց քննության վերադարձնելու նախաձեռնությունները և մի շարք այլ խնդրահարույց կարգավորումներ։

Արձանագրել ենք դեպքեր, երբ պետական, համայնքային մարմինների աշխատողները, համայնքային ծառայողները աշխատանքային ժամերին մասնակցել են նախընտրական քարոզչական միջոցառումների, կոլեկտիվ մասնակցության դեպքեր ենք արձանագրել տարբեր համայնքապետարանների աշխատակիցների, դպրոցների աշխատակազմերի կողմից։ Առանձին վարչական հայցեր ենք ներկայացրել այս դեպքերի առիթով վարչական դատարան։ Օրինակ՝ Լոռի Բերդ խոշորացված համայնքի բոլոր վարչական շրջանների ղեկավարներն ուղեկցել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի անցկացվող քարոզարշավի ժամանակ։ Ունեցել ենք անմիջականորեն համայնքապետարանների աշխատողների կողմից նախընտրական քարոզչական նյութեր փակցնելու, տարածելու դեպքեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930