«Թումո դիզայն» ՍՊԸ (ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Գենյա Պետրոսյան, Դավիթ Գյուրջյան) դիմումը Սահմանադրական դատարանում էր 2026 թ. հոկտեմբերի 26-ից։ Ըստ դիմողի՝ իրենց վարչական գործով Վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և բողոքը թողել առանց քննության: Վճռաբեկ դատարանը բավարար է համարել դատական ակտը փաստացի հրապարակման հաջորդ օրը դիմողին ուղարկելը և այն մինչև 20.02.26 թ. բողոքարկելու հնարավորության առկայությունը՝ որևէ իրավական գնահատական չտալով այն հանգամանքին, որ դատական ակտը չի հրապարակվել պաշտոնապես հայտարարված օրը՝ 10.12.20 25թ., այլ հրապարակվել է միայն 40 օր անց՝ դիմողի համար նախապես անկանխատեսելի ամսաթվին: Ընդ որում, դատական ակտի հրապարակման համար հայտարարված օրվա խախտումը դիմողի կողմից ուղղակիորեն վկայակոչվել էր ժամկետի վերականգնման միջնորդությամբ։
Դիմող կողմի պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե արդյո՞ք հրապարակման համար նախապես հայտարարված օրվա էական խախտման պայմաններում դատական ակտը դրա փաստացի հրապարակման հաջորդ օրն ուղարկելը բավարար է դատարանի կողմից դատական ակտի հասանելիությունն ապահովելու պարտականությունը պատշաճ կատարված համարելու համար: Դիմողը նշէլ էր, որ տվյալ վարչական գործով դատական ակտի հրապարակման համար նախապես հայտարարված օրվա և փաստացի հրապարակման օրվա միջև 40 -օրյա տարբերությունը պայմանավորված չի եղել իր վարքագծով, դատական ակտը փաստացի ստանալուց հետո ինքը ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ տվյալ պահից մեկամսյա ժամկետում՝ ներկայացնելով նաև դատավարական ժամկետի վերականգնման միջնորդություն: Ըստ նրա, նման պայմաններում բողոքարկման ժամկետի վերականգնման միջնորդությունը մերժելը՝ առանց դատարանի կողմից հրապարակման պարտականության խախտման հետևանքների պատշաճ գնահատման, չի ապահովում անհրաժեշտ հավասարակշռություն դատական ակտերի վերջնականության և իր՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի միջև:
Երեկ տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանի դատական կազմը մերժել է դիմումը, եզրահանգել, որ դիմումով դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է ՍԴ կողմից ոչ թե վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՎԴ /2602/05/19 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է ՍԴ իրավասության շրջանակից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.11.2026



















































