Ասուլիսի ժամանակ լրագրողները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցեր ուղղեցին ընտրություններից հետո քաղաքական ենթատեքստ պարունակող ազատումների վերաբերյալ։ Հարցը, մասնավորապես, վերաբերում էր ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի քրոջը՝ Դեղերի փորձագիտական կենտրոնի 30 տարվա աշխատակից Լիլիթ Ղազարյանին, որին տնօրենն ասել էր, որ աշխատանքից ազատման դիմում գրի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախարարի ցուցումո՞վ են ասել դիմում գրի:
Հարցն ակնհայտորեն դուր չեկավ Անահիտ Ավանեսյանին։ Նա ասաց, որ չի ցանկանում, որ իր ասուլիսը վերածվի հակադարձ հարցերի քննության: Ապա քիչ անց էլ ավելացրեց. «Արդեն երկու տարի է՝ Դեղերի փորձագիտական կենտրոնը, մինչ այդ հանդիսանալով ՓԲԸ, ուներ լրիվ այլ կառուցակարգ, կազմված էր առանձին հատվածներից՝ լաբորատոր առանձին ստորաբաժանում: Մենք այս ընթացքում շատ երկար կառուցվածքային փոփոխություններով ենք անցել: Դեղերի փորձագիտական կենտրոնը ՓԲԸ-ից վերածվել է ՊՈԱԿ-ի, փոխվել է ամբողջ հաստիքացուցակն ու կառուցվածքը: Սրանց հիման վրա ազատվել են աշխատանքից մի շարք աշխատակիցներ, և այս աշխատանքները՝ կառուցվածքի փոփոխության, հաստիքների վերանայման և, ընդհանուր առմամբ, մեր կենտրոնում նոր կադրային քաղաքականություն վարելու, շարունակական են: Սկսվել են տարիուկես առաջ և շարունակվելու են հաջորդիվ…
Տիկին Ղազարյանն այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասով: Մենք ապրում ենք իրավական պետությունում՝ կարող է գնալ դատարան, մենք էլ կվիճարկենք հակառակը… Մենք մեր տեսակետը կներկայացնենք, եթե գնա դատարան, իր տեսակետը կներկայացնի, դատարանը կորոշի, թե իրավական առումով ով է ճիշտ, ով ճիշտ չէ, կամ ինչ-որ որոշում կկայացնի հաջորդիվ: Սա մեր քաղաքականությունն է:
Կարդացեք նաև
Եթե տիկին Ղազարյանի կամ որևէ մեկ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կադրային քաղաքականություն որոշեի, այդ որոշումը 5 տարի չէի հետաձգի: Կիրականացնեինք 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, 1 տարի առաջ և այլն, և այլն: Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ և իրականության աղավաղում չանել… Հարց եմ ուղղում՝ իսկ ինչի՞ նախորդիվ ազատվածների մասին չեք բարձրաձայնում: Նրանք մարդ չէի՞ն: Այսինքն՝ միայն տիկին Ղազարյանն է, որ աշխատել է փորձագիտական կենտրոնում և երբևէ աշխատանքից ազատվել է»,- նշեց նախարարը։
Ավանեսյանը, հակադարձելով լրագրողի փաստարկներին, ասաց, որ արդեն հիմնավորել է իր պատասխանը, և եթե դա ինչ-որ մեկին չի բավարարում, իր խնդիրն է: Լրագրողը նորից հարցրեց՝ ի վերջո նախարարի ցուցումո՞վ է ազատվել աշխատանքից տիկին Ղազարյանը: Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կադրային քաղաքականությունն իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում, և հավելյալ ասելու բան չունի:
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































