«Առողջության ապահովագրության համընդհանուր համակարգի առաջին՝ ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 մլն անձի ապահովագրությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ միայն ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում միջինը 30-40% աշխատավարձի աճ է գրանցվել: «Մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է: 2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 մլն բնակչությանը ներառել ապահովագրության ծրագրի մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: 2028 թվականի հունվարից պետական պատվերը, որպես բյուջետային ծրագիր, կավարտվի։
1 միլիոն 700 հազար հոգուց ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ: Սա բավականին մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե՛ կանխարգելիչ, թե՛ սքրինինգային, թե՛ ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու, բժշկական ծառայություններից հիվանդանոցային օղակում օգտվելու առումով մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել: Մատուցված ծառայությունների թիվը 8 մլն 399 հազար 491 է: Ընդհանուր 97.4 մլրդ դրամի կատարողական ենք ունեցել»,- նշեց նախարարը։
«Մեծամասամբ բոլորի աշխատավարձերը բարձրացել են, բայց եղել են որոշ ամբուլատորիաներ, որոնք ունեն ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերի պատճառով, և պարտքերը վճարում են, որպեսզի արդեն առողջացած՝ կարողանան բավարար հավելյալ գումարներ վճարել իրենց մասնագետներին: Սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, այլև միջին բուժանձնակազմին: Այստեղ հարց ունենք, որ մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը. բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում, և որևէ բուժառու օրվա ընթացքում չի ունենում, ուրեմն նրա աշխատավարձի առումով կլինեն բարդություններ, կամ եթե աշխատում է 3 ժամ, նրա աշխատավարձը, ըստ էության, չի կարող բավարարել: Բայց մեր բոլոր նեղ մասնագետների աշխատավարձերը, որոնք ունեն ծանրաբեռնվածություն, բազմաթիվ անգամներ աճել են դիմելիության հաշվին: Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում»,- հավաստիացրեց նախարարը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ լուրերը, թե առողջության ապահովագրությունը կգործի մինչև ընտրությունները և դրանից հետո կչեղարկվի, իրենց ազդեցությունն են ունեցել դիմելիության աճի վրա:
«Մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային վարքագիծ կար, որ հնարավորինս արագ ստանան ծառայություններ՝ վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության բարեփոխումը կանգ առնի: Նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, կարողությունների ընդլայնման և այլն, մենք կարողացանք դիմակայել այս դիմելիությանը, կառավարել այն, և այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք: Իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք դիմելիության որոշակի կայունություն: Սա ևս ցույց է տալիս, որ մայիսի վարքագիծը ինչ-որ առումով արհեստականորեն ուռճացված էր, հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացում»:
Ինչ վերաբերում է ապահովագրաչափի վերանայմանը, Ավանեսյանն ասաց, որ եթե այն վերանայվի, կվերանայվի բոլորի համար:
Ասուլիսն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































