Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կարմիր գծեր չենք հատել». Էդուարդ Շարմազանովը՝ Ծառուկյան-ՀՀԿ 2015 թվականի հակասությունների մասին

Հուլիս 13,2026 17:50 Share

Գագիկ Ծառուկյանի և իր թիմի հետ մենք ժամանակին եղել ենք քաղաքական շատ խիստ ընդդիմախոսներ, բայց մենք անձնական դաշտ չենք մտել. այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով 2015 թվականին տեղի ունեցած ՀՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հրապարակային վեճին և այժմ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նույնականացմանը։

«Ես այդ մարդկանց հիվանդ երևակայության մասին ի՞նչ ասեմ. ինչպե՞ս կարելի է ՀՀԿ-Ծառուկյան 2015 թվականի քաղաքական բանավեճը նույնականացնել այսօրվա խայտառակ վիճակի հետ։ Շատ խիստ բանավեճ է եղել, մենք շատ խիստ քննադատական խոսք ենք ասել, միգուցե եղել է որոշ դեպքերում նաև էմոցիոնալ։ Բայց ի՞նչ է, մարդու տո՞ւն ենք մտել, այդպես մասկաներով մտե՞լ ենք, պառկեցրե՞լ ենք, ընտանիքի նկատմամբ նման վիճակ, առյուծ ենք վերցրել, տարել… Այսինքն՝ ինչն ենք ինչի հետ համեմատում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ առողջություն ցանկանալով Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին, որի ինքնազգացողությունն այս ամենի արդյունքում կտրուկ վատացել էր, և նկատեց, որ ՀՀԿ-ն երբեք իրեն այնպես չի պահել, որ մարդու 93-ամյա մայրն այդ վիճակում հայտնվի։

«Մենք կարմիր գծեր չենք հատել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ 2015 թվականի իրավիճակն ու այժմ կատարվողը նույնն է, որ համեմատության մեջ դիտարկվի Արցախի հայաթափումն ու հանձնումը և 2016 թվականի պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած 400 հեկտար տարածքը։

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ ռուսական ազդեցությունը թուլացնելով և Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելով՝ Փաշինյանը մեծացնում է Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստանի կախվածությունը։

Այժմյան ձերբակալություններն էլ բացատրում է նրանով, որ 1,5 տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր և հորդորել Փաշինյանին. «Հայաստանում ռևանշիստական ուժերին վերջ տալ»,- այլապես խոստացել էր, որ ինքը կլուծի նրանց հարցերը։

Շարմազանովի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը գործում է միջազգային կառույցների ծափահարությունների ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել