Փաստաբան Լուսինե Ավագյանը, որպես քաղաքացի, հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերը, ինչպես նաև գործով ներկայացված ապացույցները՝ Լուսինե Ավագյանը դատարանին խնդրում է.
Ճանաչել, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հունիսի 11-ի հրապարակային հայտարարությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը՝ 100 տոկոսով ընտրակաշառքով քվե», այն մասով, որով վերաբերում է իրեն՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացու, չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։
Պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ԶԼՄ-ներին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելով, հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ տարածված զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել նրանից։
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Լուսինե Ավագյանի բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված վնասի փոխհատուցում։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Լուսինե Ավագյանի բռնագանձել նաև նախապես վճարված 230.000 դրամ պետական տուրքի գումարը։
«Ափսոսում եմ, որ 600.000 մարդ դատարան չեն դիմել, քանի որ առնվազն 600.000-ը դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ կապ չունի, ում են կողմ քվեարկել: Մեզ մոտ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 500.000-ից ավելի մարդ կար, և այդ թվից, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ես վստահ էլ չեմ, որ 720.000 մարդ ընտրել է Փաշինյանին: Սա նշանակում է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընդամենը 29 տոկոսն է ձայն տվել Նիկոլ Փաշինյանին: Այն չընտրածն էլ, որ ընդհանրապես ընտրության չի գնացել, համարվում է մարդ, որը ձայն չի տվել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ այն ուղղությունը, որով գնում է այսօր մեր կառավարությունը, առնվազն 29 տոկոսն է կողմ, որ այդ ուղղությամբ գնա մեր կառավարությունը: Այն էլ՝ այդ 29 տոկոսը, ըստ ԿԸՀ տվյալների, ես վստահ չեմ այդ թվի իսկության վրա»,- Aravot.am-ին ասաց Լուսինե Ավագյանը։
Անդրադառնալով «զանգովի արդարադատությանը» և դատարանից իր ակնկալիքներին՝ նա նշեց, որ իշխանությունը տարբեր գործիքներով փորձում է սահմանափակել դատարանների անկախությունը.
«Իսկ ինչ վերաբերում է, թե այս պայմաններում ինչու եմ դիմել դատական պաշտպանության, ես փաստաբան եմ: Եթե գործ էլ եմ ունենում, որ ունենում է 10 տոկոս հավանականություն կամ 10-ից ավելի ցածր, իհարկե դիմում եմ պաշտպանության, ոչ ժամանակն է կանգնում, ոչ՝ իրավիճակը: Մեր դատարաններում դեռ բազմաթիվ դատավորներ կան, որոնք ընտրովիի տակ չեն: Իհարկե, միամիտ չեմ, հենց այդ բազմաթիվ դատարանների վրա էլ կարող են ազդել: Եթե «Դատալեքսը» բացեք, կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ շուրջ 20 հայց է ներկայացվել, և դրանցից ոչ մեկը չի բավարարվել։ Նույնիսկ այն երկու գործերով, որոնք բավարարվել էին, Վճռաբեկ դատարանը՝ գլուխկոնծի տալով, նախադեպային որոշում է ստեղծել, որ դա էլ չբավարարվի: Այս ամենը տեսնում եմ, սակայն եթե դատարան դիմեին 600 հազար մարդ, այդ մտավախությունը կվերանար։ Մեկ-երկու գործի դեպքում հեշտ է…, բայց 600 հազար հայցի դեպքում ընտրովի արդարադատությունն այլևս չէր աշխատի»։
Լուսինե Ավագյանը նաև հիշեցրեց, որ հենց ինքն է 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:
Նա հաստատեց նաև մամուլում տարածված տեղեկությունները, որ 2022 թվականին Գագիկ Ջհանգիրյանի կողմից Ազգային ժողով ներկայացված դատավորների թեկնածուների ցանկում եղել է նաև իր անունը։
Հարցին, թե ինչու դատավոր չդարձավ, Ավագյանը պատասխանեց.
«Վերջին փուլը Ազգային ժողովում հարցուպատասխանն էր, և ես դրան չեմ մասնակցել։ Արձանագրվել է, որ չեմ ներկայացել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Դա չի նշանակում, որ իմ թեկնածությունը հաստատվել կամ մերժվել էր. քանի որ վերջին փուլին չեմ մասնակցել: Իրականում ինձ համար հասկանալի էր, թե այդ հարցուպատասխաններն ինչ բնույթ ունեն։ Իմ հիմնական մոտիվացիան արդարադատությունն է, իսկ արդեն ակնհայտ էր, թե ինչ չափանիշներով էին առաջնորդվելու։ Այդ պատճառով էլ մասնակցությունն ինքնանպատակ համարեցի և չգնացի։ Սկզբում կարծում էի, որ Ազգային ժողովը պետք է առաջնորդվի այլ չափանիշներով, բայց մինչ իմ հերթը հասցրել էի ուսումնասիրել նախորդ հարցուպատասխանները և հասկացա, որ իմ հոգեբանական և անձնական հատկանիշներով պարզապես չեմ կարող մասնակցել նման գործընթացի»։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն էլ, որպես ընդդիմությանը ընտրած անձ, Փաշինյանի դեմ զրպարտության հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները որակելով որպես զրպարտություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































