«Քաղաքական հետապնդման շրջանակներում է հորինել կամ հայթայթել այս կամ այն առումով ինչ-որ իբր չարաշահումներ»,- փաստմանը` այսօր ՀՀ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր են բացահայտվել, և դա կապվում է Գագիկ Ծառուկյանին առնչվող գործին, որում, ըստ Քննչական կոմիտեի, ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ, և հարցին՝ սա է՞լ է նրա դեմ, ըստ իրենց հայտարարությունների, վերջին շրջանի հետապնդումների շղթայում, Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Արման Աբովյանը հարցնում է՝ առավոտից երեկո նույն ՊԵԿ-ը, պատկան մարմինները Ծառուկյանի հիմնարկներում տարիներ ի վեր անընդհատ ստուգումներ էին անում, այդ ո՞նց է ստացվում, որ այդ ստուգումների արդյունքում գտած իրենց չարաշահումները հստակ համընկան Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգի հետ՝ Ծառուկյանի հանդեպ սկսել ճնշումներ․ «Տենց չի լինում։ Թող Հոռոմ տատու հեքիաթները չպատմեն, և բոլորին ամեն ինչ ավելի քան ակնհայտ ու հասկանալի է։
Պարզապես պետք է ընդգծել հետևյալը․ սրանք միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացներ չեն։ Սա ավելի խորքային և վտանգավոր գործընթաց է, որն, ըստ էության, մի իրավիճակ է ստեղծում, երբ ՀՀ ամեն քաղաքացի յուրաքանչյուր րոպե կարող է ընկնել այսպիսի իրավիճակի մեջ, եթե ինքը հաճո չէ իշխանություններին։ Սա ապացուցում է այն թեզը, որ ՀՀ-ում այլևս չի գործում խելքին մոտ ոչ մի իրավական նորմ։ Գործում են միայն մեկ մարդու կամայական որոշման շրջանակում գործողությունները»։
Մեր այն դիտարկմանը՝ բայց, ըստ ՊԵԿ հաղորդագրության, խոսքը 870 միլիոն դրամի չարաշահումների մասին է, և հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ հանրության մոտ կարող են հարցեր առաջանալ, Արման Աբովյանը պատասխանեց․ «Քանզի այս իշխանությունը խնդիր ունի հանրության մոտ իրականում հակակրանք առաջացնել նույն Գագիկ Ծառուկյանի մասով, հիշենք իրենց ապարդյուն փորձը տուշոնկա շոու-2 սերիան անել, որ Գագիկ Ծառուկյանի գազանանոց էին մտել, գետնին էին փորձում փռել, ես, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեր հանրությունը, հայ ժողովուրդը փիառի մատերիալ չէ և շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում։ Չեմ խոսում այն փոքրաթիվ, իրենց ինքնությունը կորցրած մարդկանց մասին, ում համար իշխանության տարածած տեղեկատվական հոսքերը վերջին ճշմարտությունն են։ Բայց իրենք էլ մեղավոր չեն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































