«Վերջին իրադարձությունները, որոնց ականատեսն ենք մենք, ցույց են տալիս, եւ սա արդեն արձանագրված փաստ է ու իշխանությունը դա չի էլ թաքցնում, որ Հայաստանում չի գործում ոչ սահմանադրություն, ոչ օրենք, ոչ էլ բարոյական որեւէ նորմ»,-ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման եւ նրա սեփականություն հանդիսացող տասնյակ ընկերությունները փակելու մասին։
«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նաեւ ցույց տվեցին, որ Հայաստանում գոյություն չունի գեթ մեկ մարդ, որն ապահովագրված կլինի իշխանությունների քմահաճություններից։ Շատ ցայտուն օրինակ է հենց այն գործը, որի շրջանակներում ապօրինի ձերբակալվեց Գագիկ Ծառուկյանը։ Այդ գործողությունը ակնհայտորեն նմանվում է հիմարության։ Գործի շրջանակներում քննվում էր իբր հայ-իրանական առեւտրային տան շուրջ տեղի ունեցող գործընթացը՝ իբր մեքենայություն, ինչ-որ խարդախություն $ 21 միլիոնի չափով եւ իբր տուժածները իրանցիներ են։
Այս հարցի շուրջ արդեն հանդես է եկել Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, դեսպանն է բավականին լայն մեկնաբանություններ տվել, որտեղ ուղիղ ասում է, որ այո, որոշ փուլում Իրանը ներգրավված էր պրոցեսում, ապա, որ այս հարցերը երկու տնտեսվարող սուբյեկտների միջեւ հարցեր են։ Այսինքն, այնտեղ կրիմինալ չկա։
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբն էլ պարբերաբար իրանական կողմից հրապարակում է փաստաթղթեր, որտեղ ակնհայտորեն երեւում է երկու բան։ Այն, ինչում մեղադրում են Գագիկ Ծառուկյանին, 180 աստիճան հակառակ է։ Մեկ տարի առաջ Իրանում տեղի է ունեցել դատավարություն, որտեղ Իրանի դատական համակարգը ընդունում է հետեւյալ փաստը, որ տուժող կողմն, ըստ էության, Գագիկ Ծառուկյանին աֆիլացված ընկերությունն էր եւ կոնկրետ բիզնես պրոյեկտում, ըստ էության, իրանական կողմը ֆինանսական պարտավորություն ունի Գագիկ Ծառուկյանին աֆիլացված ընկերության հետ։ Այսինքն, ունենք մի իրավիճակ, որտեղ ինչում մեղադրում են Գագիկ Ծառուկյանին, լրիվ հակառակն է։
Կարդացեք նաև
Այստեղ պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցող «իրավական» պրոցեսներում իրավական նշույլ չկա»,-ասաց Արման Աբովյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































