Լրահոս
Օրվա լրահոսը

DIOR-ի արշավում նկարահանված դերասան Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո գլխավոր դեր է ստանձնել գիտաֆանտաստիկ սերիալում

Օգոստոս 29,2026 17:15 Share

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հեռուստադիտողին հայտնի դերասան Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է նկարահանման հրապարակ։ Դերասանը գլխավոր դեր է ստանձնել «Կինոդարան»-ի արտադրության նոր՝ «88» 10 մասանաց դրամատիկ, գիտաֆանտաստիկ սերիալում, որի նկարահանումներն կմեկնարկեն հոկտեմբերից։ Պատմությունը ժամանակի մեջ տեղափոխության մասին է:

«88»-ը պատմություն է հոր և որդու, ժամանակի և մեղքի, ընտրության և դրա գնի մասին՝ միաժամանակ ծավալվող երկու դարաշրջանում՝ 2026 թվականի Երևանում և 1988 թվականի Հայաստանում՝ Սպիտակի երկրաշարժին նախորդող շաբաթներին: Գլխավոր հերոսը ճամփորդելով ժամանակի մեջ տեղափոխվում է 1988 թվական` կանխելու մեծ աղետ։ Սամվել Թադևոսյանը մարմնավորում է լրագրող Ադամին։ 

Տարիներ շարունակ ուրիշների ամենաբարդ պատմությունները բացահայտած լրագրողի համար չբացահայտված է մնում սեփական ընտանիքի պատմությունը․ նրա հայրը՝ ֆիզիկոս Հակոբը, 1994 թվականին անհետացել է առանց հետքի։ Տասնամյակներ անց ի հայտ եկած նոր հանգամանքը Ադամին ստիպում է վերադառնալ վաղուց դադարեցրած որոնումներին։

Հետաքննությունը նրան անսպասելիորեն տանում է 1988 թվականի նոյեմբեր, որտեղ Ադամը հնարավորություն է գտնում հանդիպելու երիտասարդ հորը և բացահայտելու նրա կյանքի մինչ այդ անհայտ կողմերը։ Սակայն անձնական պատմությունը աստիճանաբար կապվում է շատ ավելի մեծ հարցի հետ՝ ի՞նչ գիտեր հայրը մոտեցող աղետի մասին, և արդյո՞ք անցյալում կատարված միջամտությունը կարող է փոխել ապագան։

Սամվել Թադևոսյանի համար «88»-ը վերադարձ է նկարահանման հրապարակ տևական դադարից հետո։ Դերասանը լայն ճանաչում է ձեռք բերել հատկապես «Կյանք ու կռիվ», «Բրավո, Վիրտուզ» ֆիլմերում իր դերակատարմամբ՝ դառնալով ժամանակակից հայկական կինոյի հիշվող դեմքերից մեկը։ Մի քանի տարվա ստեղծագործական դադարից հետո «88»-ում Թադևոսյանը վերադառնում է գլխավոր դերով՝ մարմնավորելով հասուն, ներքին հակասություններով և բարդ անձնական ընտրությունների առաջ կանգնած հերոսի։

Սերիալը հնարավորություն է տալիս տեսնել 1988 թվականի Հայաստանը Սպիտակի երկրաշարժից առաջ՝ մարդկանց առօրյան, հարաբերություններն ու կյանքը մի ժամանակահատվածում, երբ դեռ հայտնի չէ` ինչ է սպասվում հաշված շաբաթներ անց։

«88»-ի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի հունվարին՝ «Կինոդարան»-ում։ 10 մասանոց սերիալի նոր մանրամասները, դերասանական կազմի մյուս անուններն ու առաջին թրեյլերը կներկայացվեն առաջիկայում։

Հիշեցնենք, որ Սամվել Թադևոսյանը հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարմամբ, որի համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակի։ Դերասանը նկարահանվել է նաև «Վերևից», «Անցում» («Crossing»), «Բրավո, Վիրտուոզ», «Հող չափողները» ֆիլմերում, «Հոսանքին հակառակ» և «SSSR» սերիալներում։ «Սողոմոնի երգերը» ֆիլմում նա մարմնավորել է Կոմիտասին։ Վերջերս Թադևոսյանը ներկայացել է նաև նորաձևության ոլորտում՝ նկարահանվելով DIOR-ի աշուն-ձմեռ հավաքածուի արշավում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել