Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանական ծախսերի ավելացում՝ էսկալացիոն վտանգի կանխատեսո՞ւմ, թե՝ պաշտպանական տարբեր ծրագրերի իրականացում․ փորձագետների մեկնաբանությունները

Հոկտեմբեր 04,2026 16:31 Share

«Զինված ուժերում շատ ոլորտներ կան, որտեղ հնարավոր է ավել գումարներ ծախսել։ Չեմ կարծում, որ իշխանություններն արել են ինչ-ինչ ռազմավարական հետևություններ, թե պատերազմի վտանգ կա»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2027-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել 9.5%-ով սա արդյո՞ք նշանակում է, որ ՀՀ իշխանությունները ռազմական էսկալացիայի վտա՞նգ են տեսնում, թե այլ ծրագրերի համար է, այսպես պատասխանեց ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը:

Ըստ բյուջեի նախագծի՝ 2027-ին պաշտպանական ծախսերը նախատեսվում է ավելացնել 47 մլրդ դրամով՝ ոլորտին 613 մլրդ դրամ։

Էդուարդ Առաքելյանի կարծիքով՝ ավելի շուտ դա արվում է ինչ-որ ծրագրերի համար, որոնք պահանջում են լրացուցիչ գումարներ, կամ էլ սպառազինության գնումներ, պայմանագրային զինծառայողների թվի աճ։

 

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ պաշտպանական ծախսերն ավելացվում են, քանի որ իշխանությունները վտանգ են տեսնում, որ էսկալացիա կարող է լինե՞լ, թե ինչ-ինչ պաշտպանական ծրագրերի համար է արվում, նա պատասխանեց․ «Եթե այդ գումարները նպատակային օգտագործվեն, այո, այդ գնահատականն իրավունք ունի տեղ ունենալ, բայց այդ հարցում թերահավատ եմ։ Օրինակ՝ Ուկրաինայում ռազմական բյուջեն անընդհատ ավելացնում են, պարտքերն այդ երկրի վրա ավելացվում է, հետո պարզվում է, որ 27 միլիարդ դոլար ռազմական ծախսերի համար նախատեսված և եվրոպական երկրներից ոչ որպես օգնություն ստացած գումարից չկա։ Կամ կարող են այդ ավելացված գումարները ծախսվել ոչ նպատակային․ օրինակ՝ գնել ռազմական տեխնիկա, զինամթերք, ոչ առավել արդյունավետ բանակցությունների արդյունքում, ոչ արդյունավետ այսօրվա ՀՀ-ի առաջ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու, մարտահրավերներին դիմակայելու համար»։

Հայկ Նահապետյանը մտավախություն ունի, որ պաշտպանական ծախսերի համար ավելացված գումարները նպատակային չեն ծախսվելու․ «Ավելացած գումարները մեր բյուջեից նպատակային չեն ծախսվելու այնպես, ինչպես ութ միլիարդ դոլարը։ Վերջին հաշվով՝ պատերազմում առաջին հերթին մրցակցությունը մարդկանց մոտիվացիաների միջև է, հետո ռազմական տեխնիկաներ, երրորդ չափորոշիչը հրամկազմի ռազմական պատրաստվածությունն ու գիտելիքներն են։ Եթե մենք գնահատում ենք, որ օրվա իշխանություններն անձնակազմի պահանջը բարձրացրին՝ մարտական ոգին, որ հիմա պաշտպանունակություն է գրվում մարտական պատրաստվածության փոխարեն, դա զորավարժություններով է բարձրացվում։ Չափանիշը դա է՝ քանի զորավարժություն, թերացումների բացահայտում, վերացում և այլն։ Ադրբեջանը յուրաքանչյուր տարի տասից ավելի մեծ զորավարժություններ է կազմակերպում, ՀՀ-ն քանի՞ զորավարժություն է անցկացրել 44-օրյա պատերազմից հետո յուրաքանչյուր տարի իր արտաքին դաշնակիցների հետ։ 0 զորավարժություն, հետևաբար, եթե նույնիսկ մենք լավագույն տեխնիկա վերցնենք, այդ տեխնիկային տիրապետել է պետք, զորքերի ստորաբաժանումների մեջ ներդաշնակում, փոխհամագործակցություն, մարտական հրաձգության զորավարժություններ, քարտեզների վրա հրամանատարաշտաբային զորավարժություններ են պետք, որպեսզի գնահատվի բանակի մարտունակությունը։ Եթե չի արվում զորավարժություն, որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ մեր բանակի մարտունակությունն ինչպիսին է։

Մարտունակությունը վերացրին, որը հստակ գնահատման չափորոշիչներ ուներ, տեղը բերվեց պաշտպանունակություն, որը չունի գնահատման չափորոշիչ, հետևաբար այստեղից կարող եմ հետևություն անել, որ ցանկացած գումար ռազմական ծախսերի համար ոչ արդյունավետ է»։ Ըստ Հայկ Նահապետյանի՝ պաշտպանական ծախսերի ավելացումը կապված չէ էսկալացիոն վտանգ տեսնելու հետ․ «Էսկալացիոն վտանգ միշտ կա, քանի որ մենք հիմա Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք․ ընդամենը հրադադարի ռեժիմ է հաստատված։ Բայց պատերազմը դրանով չի ավարտվել։ Պատերազմն ավարտվում է պայմանագրով և որոշակի պետությունների կողմից՝ որպես երաշխավոր հանդես գալով։ Մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք․ այսինքն՝ պատերազմ սկսելու վտանգը ցանկացած պահի 99 տոկոս է։ Ադրբեջանը չի կարող ինքը որոշում կայացնել պատերազմ սկսելու, դա նշանակում է տարածաշրջանային մի քանի լրջագույն շահեր ունեցող պետություններ ներքաշվելու են այդ ռազմական հակամարտության մեջ՝ այդ թվում Իրանը, ՆԱՏՕ-ն, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, որն այստեղ շահեր ունի։ Այժմ չկա այպիսի կոնսենսուս, աշխարհաքաղաքական իրավիճակն այլ է։ Բայց կարող է մի պահ գալ, որ լինի կոնսենսուս, որ այստեղ կարելի է պատերազմ անել, այնպես, ինչպես եղավ 2020-ի սեպտեմբերի 27-ին։ Հիմա չկա կոնսենսուս, բայց դա չի նշանակում, որ պատերազմի վտանգը վերացած է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել