«Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։ Այս կարգավորման նպատակը պարզ ու ակնհայտ է, քանի որ հանրային ծառայության տեսակների և մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ ձգտում ենք սահմանել դրանց՝ մեկ առաքելության շուրջ միասնականության կարևորությունը»,- ԱԺ նիստի ժամանակ ներկայացնելով ՏՏ տոների և հիշատակի օրերի մասին նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։
Նա նշեց, որ նոր սահմանվող տոնը ոչ թե փոխարինում կամ վերացնում է առկա մասնագիտական մյուս տոները, այլ գալիս է ի լրումն դրանց, ամբողջացնելու համակարգը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն այս առիթով ասաց․ «Ինչի՞ համար ենք շնորհակալություն հայտնում, որ այդ մարդկանց ստիպել ենք տարբեր միջոցառումներին ու ընտրություններից առաջ տարբեր հավաքներին իրենց ներկայությո՞ւնն ապահովել»։
Կարդացեք նաև
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը, հղում կատարելով ԵԽԽՎ զեկույցին, ասաց․ «Այս նախագծի հիմնավորումները կիսատ են, դրա զեկուցումը, մեղմ ասած, խնդրահարույց էր։ Այս նախագիծը պետք է լիներ նաև նրա մասին, որ հանրային ծառայողները պետք է լինեն պաշտպանված իշխանություններից, որովհետև միայն իշխանությունները կարող են վարչական ռեսուրսի չարաշահման զենքի վերածել հանրային ծառայողներին, որն էլ արվել է, որի մասին էլ ԵԽԽՎ-ն խոսում է։ Պարոն Քալաշյանը ինչ-որ իմաստով մարմնավորում է խնդրի էությունը։ Մարդն անկուսակցական է, գտնվում է հանրային ծառայության մեջ, բայց հենց իմանում է՝ ՔՊ ամփոփիչ հանրահավաքն է, գործը թողնում, գնում է, որ մասնակցի հանրահավաքի։ Սա խնդիր է, որովհետև ես ունեմ օբյեկտիվ կասկած, համոզմունք, որ դա իր ցանկությամբ չի արվում, քանի որ եթե չգնար, հիմա զեկուցողը չէր լինի»։
ԱԺ նախագահի տեղակալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ նկատեց․ «Մեր ընդդիմադիր գործընկերներն այս օրենքի նախագծի համատեքստում մեջբերում են ԵԽԽՎ զեկույցը, որտեղ խոսվում է հանրային ծառայողների վերաբերյալ, բայց վերցնում եք մի նախադասություն և դրա մի կեսն եք կարդում։ Հաջորդ կեսը հետևյալի մասին է, որ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ բիզնեսի ղեկավարները ճնշումներ են գործադրել իրենց աշխատողների վրա ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար»։
Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին այս օրենքի նախագիծը։ Փաստեցին, որ հունիսի 23-ն արդեն ՄԱԿ-ի կողմից սահմանված է՝ որպես հանրային ծառայողի օր, ուստի ո՞րն է ծայրահեղ անհրաժեշտությունն այս օրը տեղական օրենքում տեղայնացնելու և օրենքի մակարդակով՝ որպես հանրային ծառայողի օր ֆիքսելու։
ԱԺ մեծամասնությունն ի վերջո ընդունեց հունիսի 23-ը՝ որպես Հանրային ծառայողի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը։ Ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































