Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։ Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն անցկացվող նստաշրջանի օրակարգում ներառված է ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը ՀՀ-ում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Զեկույցում ընտրությունների քարոզարշավը խիստ առճակատումային է բնութագրվում՝ «բաժանարար հռետորաբանությամբ և ուղեկցվում էր ձայներ գնելու և այլ ընտրախախտումների վերաբերյալ մեղադրանքներով»։ Մասնավորապես ամրագրված է․ «Դրանց հետևանքով ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ հարուցվել են բազմաթիվ քրեական վարույթներ, ինչի արդյունքում ընդդիմության բազմաթիվ համակիրներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից։ Սա, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների վրա գործադրված ճնշումը՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով, և վերջերս ներդրված սոցիալական ու տնտեսական միջոցառումները մտահոգություններ են առաջացրել քարոզարշավի համար հավասար հնարավորությունների վերաբերյալ»։
Զեկույցով ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԿԸՀ-ի կողմից մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելը։ Մասնավորապես եզրակացություններ բաժնում ամրագրված է․ «ԵԽԽՎ-ի պատվիրակությունը մտահոգված է ԿԸՀ-ի կողմից այն ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու կապակցությամբ, որոնք վճռորոշ նշանակություն ունեին ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ (ԲՀԿ-ի,-Տ․Հ․) խորհրդարան անցնելու համար։ Դա արվել է առանց բավարար հիմնավորման՝ հատկապես հաշվի առնելով այդ որոշման ազդեցության նշանակալիությունը, ինչպես նաև կրկնակի քվեարկություն անցկացնելու հնարավորություն չտրամադրելու հանգամանքը։ Այս ամենը ազդեց ընդհանուր արդյունքի և ներկայացվածության վրա»։
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն որոշեց 12/13, 10/51 եւ 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչել, ինչի պատճառով ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան։
Կարդացեք նաև
Զեկույցում նաև մտահոգություն կա արտաքին ազդեցությունների վերաբերյալ։ Փաստաթղթում նշված է․ ««ՌԴ միջամտությունը և օտարերկրյա տեղեկատվական գործողությունները Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում հասել են մինչ այդ չտեսնված մասշտաբների»։
Անդրադառնալով ՀՀ իշխանություններին՝ նշված է․ «Իշխանությունները այժմ պետք է վճռականորեն անդրադառնան արձանագրված խնդիրներին՝ շարունակական օտարերկրյա միջամտությանը, ԶԼՄ-ների և տեղեկատվության մանիպուլյացիային, սոցիալական ռեսուրսների մանիպուլյացիային, ԿԸՀ-ի որոշումների հետևանքով ընտրական իրավունքից զանգվածային զրկմանը և ընտրովի հետապնդման շարունակվող ընկալմանը, որպեսզի կանխեն ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ցանկացած հետագա նվազում։ Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն ընտրել է եվրոպականամետ ուղին։ Հասարակությունը ցուցաբերել է ժողովրդավարական դիմակայունություն՝ չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին։ Այսպիսով, նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը նրանք այժմ պետք է պատվով իրացնեն»։
Ըստ զեկույցի՝ մտահոգության առարկա հիմնական խնդիրներն են․ «Ընտրակաշառքի շարունակական կիրառումը, քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը, խախտումների դեպքում արդյունավետ և ժամանակին դատական պաշտպանության ապահովման լուրջ թերությունները, ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածին ընտրական իրավունքից զրկելը, որն էական հետևանքներ է ունեցել խորհրդարանի կազմի վրա»։
ԵԽԽՎ-ն հորդորում է ՀՀ իշխանություններին մի շարք գործողությունների իրականացման շարքում ուշադրություն դարձնել հետևյալ խնդիրների լուծմանը․ «Ամրապնդել ընտրական վարչարարությունում նշանակումների անկախությունը, դատարաններում բողոքներ ներկայացնելու իրավունք ունեցող շահագրգիռ կողմերի շրջանակն ընդլայնել, ամբողջությամբ կարգավորել վարչական ռեսուրսների օգտագործումը և արդյունավետ պատժամիջոցներ կիրառել ցանկացած չարաշահման դեպքում, ընդլայնել ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմները և թվային գրագիտության ծրագրերը, դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի հետապնդումը և ապահովել պատշաճ դատավարության լիարժեք երաշխիքները ընտրությունների հետ կապված դատավարություններում, վերանայել իրավապահ մարմինների կիրառած մեթոդները՝ դրանց համապատասխանությունն ապահովելու համար մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին, երաշխավորել խաղաղ հավաքների և բողոքի իրավունքը բոլոր կուսակցությունների համար, պարզեցնել տեղահանված և խոցելի ընտրողների՝ ընտրելու իրավասության և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված պահանջները, փոփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հստակորեն նախատեսելով վերաքվեարկության պարտադիր անցկացում այն դեպքերում, երբ հիմնարար ներկայացվածությունը վտանգված է՝ սահմանելով հստակ շեմեր և ընթացակարգեր»։
Միևնույն ժամանակ Վեհաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել ՀՀ իշխանությունների հետ՝ վեր հանված խնդիրներին անդրադառնալու և եվրոպական ժողովրդավարական չափանիշների իրականացումն ամրապնդելու նպատակով՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































