«Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը եւս մեկ առիթ է բարձրացնելու այն հիմնական հարցերը, որոնք կապված են ծխելու, ծխախոտի ծխի վնասակար ազդեցության հետ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը:
Նա ներկայացրեց, թե ինչպիսի պատկեր է առկա Հայաստանում. «Ծխախոտի օգտագործումը բավականին բարձր է մեր երկրում: Մեծահասակ բնակչության շրջանում վերջին տվյալներով մոտ 25.5%-ը ամենօրյա ծխող է, որոնց ավելի քան 50%-ը տղամարդիկ են, մոտ 2%-ը՝ կանայք: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության արդյունքներով՝ ծխախոտի օգտագործումը բարձր է նաեւ երեխաների շրջանում: Դա մոտավորապես 25% է տղաների եւ մոտ 4%՝ աղջիկների շրջանում»:
ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետն անդրադարձավ նաեւ իր ձեւակերպմամբ՝ նոր մարտահրավերին. «Խոսքը էլեկտրոնային ծխախոտի օգտագործման մասին է: Երեխաների շրջանում դրանց օգտագործումն առավել բարձր է՝ շուրջ 36% տղաների շրջանում, մոտ 6%՝ աղջիկների շրջանում: 11 տարեկանից ունենք ծխել սկսող երեխաներ, բայց հիմնականում 13 տարեկան երեխաների շրջանում մոտ 5%-ը տարբեր տեսակի ծխախոտային արտադրատեսակներ օգտագործողներ են»:
Կարդացեք նաև
«Ծխախոտի այրման հետեւանքով առաջանում են գազային թույներ, որոնք մուտք գործելով քթից, բերանի խոռոչից՝ անցնում են դեպի շնչառական ուղիներ, ապա՝ կոկորդ, շնչափող, թոքեր: Դրանք ունեն նաեւ այլընտրանքային ճանապարհներ՝ ստամոքս եւ կերակրափող, որովհետեւ իդեալական հերմետիկ չէ կոկորդըմպանը, եւ ծխի որոշ մասը հայտնվում է նաեւ աղեստամոքսային տրակտի պատերի վրա»,- նշեց Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը:
Հավելեց, որ մարդու օրգանիզմի բոլոր հատվածներում ծխելու հետեւանքով կարող են առաջանալ հիվանդություններ՝ սկսած դիմածնոտային շրջանի ուռուցքներից մինչեւ շնչափող ու թոքեր: Մասնագետի փաստմամբ՝ մնացած օրգանները եւս ռիսկի մեջ են գտնվում, նույնը վերաբերում է միզուղիներին, այսինքն՝ դուրսբերող համակարգին:
«Ծխախոտի թույները հայտնվում են արյունատար անոթներում եւս, հետեւաբար կարող ենք խոսել նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների մասին, եւ չգրված օրենք կա առողջապահության կազմակերպման մեջ, որ վերջին 100-ամյակում մենք շատ ենք սկսել զբաղվել սոցիալական հիվանդություններով, դա կապված է շաքարի օգտագործման, բարձր յուղայնության սննդի, էկվիվալենտ կալորիաժի նվազեցման հետ: Այդ շարքին է դասվում նաեւ ծխախոտը… Մարդիկ ծխել են շատ ավելի վաղուց, բայց ծխախոտի պոպուլյարացումը սկսվել է վերջին 100-ամյակում: Եվ եթե 1900-ականների սկզբին հայտնի էին ուռուցքների հաշված դեպքեր, ապա այսօր խոսում ենք միլիոնավոր դեպքերի մասին, եւ միտումները հակված են աճի: Եթե կանխարգելիչ գործողություններ չանենք, օրերից մի օր բախվելու ենք մեծ կատաստրոֆաների»,- ընդգծեց թորակալ վիրաբույժը:
Ասուլիսն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































