Սեզոնային փոփոխություններին զուգահեռ արձանագրվում է սուր շնչառական վիրուսային վարակների ակտիվացում։ Այս շրջանը պահանջում է բարձր զգոնություն և ծնողների կողմից պատշաճ խնամք՝ բարդությունները կանխելու կամ ժամանակին ախտորոշելու և պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Երեխաների մոտ հիվանդության ախտանշանները կարող են տարբեր կերպ դրսևորվել՝ կախված տարիքից և ընդհանուր առողջական վիճակից։
Ստորև ներկայացված ախտանշանները կարող են վկայել հիվանդության ծանր ընթացքի կամ հնարավոր բարդությունների մասին: Ուստի նմանատիպ ախտանշանների առկայության դեպքում կարևոր է ժամանակին դիմել բժշկի՝ երեխայի վիճակը գնահատելու և հնարավոր բարդությունները վաղ հայտնաբերելու համար։
- Արտահայտված թուլություն կամ անհանգիստ վարքագիծ, ցնցումային համախտանիշ
- Դժվար վերահսկվող բարձր ջերմություն
- Կրկնվող փսխումներ, հեղուկներ խմելու անկարողություն,
- Հաճախացած կամ դժվարացած կամ աղմկոտ շնչառություն,
- Արտահայտված, առավելապես երկկողմանի ականջացավ
- Ուժեղ կոկորդացավ, երբ երեխան դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկները:
(Այս նշանները կիրառելի չեն նորածնային շրջանի երեխաների դեպքում)
Կարդացեք նաև
Հիմնական կանխարգելիչ միջոցառումներ
- Հաճախակի լվանալ ձեռքերը ջրով և օճառով:
- Պարբերաբար օդափոխել փակ տարածքները:
- Հիվանդության ընթացքում երեխային պահել տանը և սահմանափակել շփումները, հատկապես խոցելի անձանց հետ։
- Սովորեցնել երեխային հազալիս կամ փռշտալիս ծածկել բերանն ու քիթը անձեռոցիկով կամ արմունկով։
Կարևոր նշում․ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներն անարդյունավետ են։
- Հակաբիոտիկները չեն կանխարգելում երկրորդային բակտերիալ վարակները և չեն կրճատում հիվանդության տևողությունը։
- Դրանց ոչ նպատակային կիրառումը` առանց հստակ ցուցման, նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձևավորմանը և նվազեցնում ապագա բուժումների արդյունավետությունը։
- Հակաբիոտիկների նշանակումը բացառապես բժշկի իրավասությունն է՝ համապատասխան ցուցումների դեպքում։
ՀՀ առողջապահության նախարարություն



















































