Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր շարունակվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուսների գործով նախնական դատալսումները։ Պաշտպանական կողմն այսօր հանրային մեղադրողին բացարկի միջնորդություն ներկայացրեց։
Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը ներկայացրեց բացարկի հիմքերը՝ նկատելով, որ պաշտպանական կողմը դատավարության ընթացքում բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննությունն, իրենց գնահատմամբ, իրականացվել է միակողմանի և ուղղորդված կերպով։ Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հանգամանքներին։
Նրա ներկայացմամբ՝ 2026 թվականի հունիսի 5-ին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Մարտին Մարկոսյանի կողմից Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դրանից հետո Ծառուկյանը ներկայացել է Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում, որտեղ նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոց։ Պաշտպանական կողմը հունիսի 16-ին բողոք է ներկայացրել՝ պահանջելով վերացնել կիրառված սահմանափակումը և դադարեցնել քրեական հետապնդումը։
Էմին Խաչատրյանը դատարանին ներկայացրեց նաև հունիսի 23-ին կայացված որոշումը, ըստ որի՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահին պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության հաղթահարման համար սահմանված ընթացակարգը չի պահպանվել եւ կայացվել է նաև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու որոշումը․ «Հերիք չի՝ ապօրինի քրեական հետապնդում է հարուցվել, հերիք չի՝ ապօրինի խափանման միջոց է ընտրվել, դրանից հետո այս որոշումներից հետո հուլիսի 6-ին արդեն ձերբակալված Ծառուկյանին նոր ներկայացնում են այս որոշումները»։
Կարդացեք նաև
Այս ամբողջը, ըստ պաշտպանի, փաստում են, որ քրեական վարույթի նախաքննությունը եղել է միակողմանի և ուղղված է եղել Ծառուկյանի դեմ, ուստի Մարտին Մարկոսյանը չի կարող տվյալ գործով հանդես գալ որպես անաչառ հանրային մեղադրող։

The first court hearing in the case against Gagik Tsarukyan and others began at the Court of First Instance of the Avan Administrative District. Yerevan, Armenia
Դատարանն անդրադարձավ նաև գործով անցնող մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցների հարցին։
Դատարանը արձանագրեց, որ Գագիկ Ծառուկյանի, Սեդրակ Առուստամյանի, Համլետ Թումանյանի, Արթուր Դալաքյանի, Արբի Խաչատրյանի և Սինա Աբդուլման Միարի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Ռոման Կարապետյանի նկատմամբ ևս կիրառվել է կալանք, իսկ Վեդի Խաչատրյանի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք։ Աշոտ Զարիկյանի նկատմամբ կիրառվել է գրավ՝ 3 միլիոն դրամի չափով, և բացակայելու արգելք։
Դատարանը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները և այն հանգամանքը, որ մեղադրյալներից Սինա Աբդուլման Միարի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 19-ին, որոշեց այս փուլում անդրադառնալ միայն նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին։
Մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցների ժամկետին, դատարանի գնահատմամբ, դեռևս ավելի քան 20 օր կա, ուստի դրանց հարցին այսօրվա նիստում անդրադառնալու անհրաժեշտություն դատարանը չտեսավ։
Հանրային մեղադրողի գնահատմամբ, Սինա Միարի նկատմամբ կալանքի կիրառման հիմքերը շարունակում են պահպանվել, և առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում հնարավոր է՝ նա չկատարի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իր պարտականությունները, ինչի հետևանքով դատարանը չի կարողանա ապահովել նրա մասնակցությունը դատական նիստերին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































