Գագիկ Ծառուկյանը տուժող է, դա հաստատվում է փաստերով։ Հակառակը պնդել՝ նշանակում է արդարադատությունը գլխիվայր շուռ տալ․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ըստ բանախոսի՝ մեղադրական եզրակացության մեջ դատախազությունը չի ներառել արդարացնող ապացույցները, իսկ տուժող ճանաչված կողմի խոսքերը, նույնիսկ, եթե դրանք հակասում են օբյեկտիվ իրականությանը, ընդունվել են որպես վերջնական ճշմարտություն․ «Ասում են, թե Ծառուկյանը միջոցներ չի ներդրել, որ ամբողջ գումարը իրենք են ներդրել, հետևաբար նա խաբել է մեզ։ Սակայն ձայնագրության մեջ Ծառուկյանը բազմիցս ասում է, որ նրանք պետք է վերադարձնեն միջոցները, և նրանք ոչ միայն չեն առարկում, այլև ասում են, որ գումարը իրենց մոտ է, կվերադարձնեն։ Կա և՛ տեսանյութ, և՛ ստացականներ»։
Որ փորձաքննությունը ստորագրության իսկության վերաբերյալ միանշանակ պատասխան չի տվել, փաստաբանը բացատրում է նրանով, որ քննիչը փորձագետին բավարար քանակությամբ նյութ չի փոխանցել․ «Հարցն այն է, որ իրենց պետք է Ծառուկյանին ներկայացնել որպես մեղադրյալ։ Քիչ է, որ իրանցի գործարարները յուրացրել են ավելի քան 14 միլիոն դոլար, մեր իրավապահների թեթև ձեռքով հավակնում են նաև 21 միլիոն դոլարի, և եթե հանկարծ դատարանը Ծառուկյանին մեղավոր ճանաչի, կբռնագրավեն նաև դա»։
Երեմ Սարգսյանի փոխանցմամբ, գործում կա երեք դրվագ, սակայն «փողերի լվացման» վերաբերյալ տվյալներ ընդհանրապես չկան․ «Այդ հոդվածը կիրառվում է, որովհետև ծանր հոդված է, սակայն որևէ ապացույց չկա, ասում են, թե՝ եթե եղել է խախտում, նշանակում է ավտոմատ կերպով տեղի է ունեցել փողերի լվացում»։ Երեմ Սարգսյանն իրավապահների գործողություններից այնպիսի տպավորություն է ստանում, կարծես Հայաստանը մեծ կաթսա է, որտեղ անընդհատ փողեր են լվացվում։
Կարդացեք նաև
«Գործում առկա ապացույցներն առավել քան բավարար են։ Եթե Ծառուկյանի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք չլիներ, այս գործը չէր լինի»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ «Մուլտիգրուպ»-ը դեռ ավելի վաղ հայց էր ներկայացրել իրանցի գործարարների դեմ, սակայն իրավապահները ձևացնում են, թե նման հայց ընդհանրապես գոյություն չունի։ Բացի դրանից, «տուժողների» նկատմամբ Իրանում նույնպես վարույթ կա։
Երեմ Սարգսյանի կարծիքով՝ դատավորը կաշկանդված է, սակայն հույս է ներշնչում այն, որ խնդիրը չափազանց ակնհայտ է։ Միաժամանակ նա այն կարծիքին է, որ կալանքները կերկարաձգվեն։
Դատական նիստի մասին ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































