Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում գրանցելով Եվրոպայում արդեն գրանցված դեղերը՝ կկարողանանք «ջարդել» թանկ գների սանդղակը»․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»

Հոկտեմբեր 16,2026 12:54 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեցին «Ուժեղ Հայաստան»-ի օրենքի նախագիծը՝ ավելի էժան եւ որակյալ դեղեր ունենալու մասին։

Նարեկ Կարապետյանը նախ ներկայացրեց ոլորտի խնդիրները։ Նրա խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչներն ընտրության առաջ են՝ դեղ գնել, թե՞ հաց։ Երբեմն այս խնդիրը շատ ավելի բարդանում է այն տարածաշրջաններում, որտեղ գործազրկություն է, եւ մարդիկ ընտրում են դեղեր գնելու ճանապարհը։

Երկրորդ մտահոգիչ հարցը, նրա խոսքով, այն է, որ Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարեւան երկրներում։

«Եվ մենք խոստում էինք տվել, որ մեր տնտեսական ծրագրի միջոցով դեղերի գները կնվազեցվեն։ «Ուժեղ Հայաստանը» ներկայացնում է մի ծրագիր, որով մենք լուծում ենք այս խնդիրը։ Մեր ծրագիրը Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի հետ համատեղ մի հետաքրքիր ծրագիր է, որը լուծում է Հայաստանում ամենակարեւոր հարցը՝ դեղերի մրցունակության հարցը եւ որակյալ դեղերի համար մուտք է բացում դեպի Հայաստան»,- ասաց նա։

Նարեկ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում գրանցված է ընդամենը 3900 անուն դեղ։ Մնացած դեղերը, որոնք մարդկանց պետք են, Հայաստանում ուղղակի չեն վաճառվում։ Իսկ այդ 3900 դեղերը մի քանի ընկերություններ են մատակարարում։ Դա հանգեցնում է նրան, որ հարեւան Վրաստանի համեմատ` Հայաստանում դեղերի գները կրկնակի թանկ են։ Նարեկ Կարապետյանը օրինակներ ներկայացրեց՝ շաքարային դիաբետի դեղերից մեկը Վրաստանում 920 դրամ է, Հայաստանում՝ 1700 դրամ։ Խոլեստերինի դեմ հունգարական դեղամիջոցը Վրաստանում 2500 դրամ է, Հայաստանում՝ 5600 դրամ։ Այլ օրինակներ էլ ներկայացրեց։

«Եվրոպական գրեթե բոլոր դեղերն այստեղ անգամներով ավելի թանկ են, քան Վրաստանում։ Պատճառն այն սահմանափակումներն են, որոնք պետությունը մտցրել է դեղերի գրանցման մեջ։ Գիտե՞ք ինչ սահմանափակումներ են դրանք՝ դեղեր արտադրող միջազգային կորպորացիաները պետք է գան Հայաստան, ամեն դեղի համար վճարեն միլիոնավոր դրամներ եւ կես տարի սպասեն դեղի գրանցմանը։ Քանի որ ՀՀ շուկան փոքր է, նրանք չեն գալիս Հայաստան եւ չեն գրանցում դեղերը։ Ամեն տարի Հայաստանում գրանցվում է 150-200 նոր դեղ։ Եթե այս տեմպերով շարունակենք, մենք ԵՄ-ում գրանցված դեղերի քանակը կունենանք 100 տարի հետո»,- նշեց Կարապետյանը։

Անդրադառնալով իրենց նախագծին՝ Նարեկ Կարապետյանն ասաց, որ առաջարկում են հնարավորություն տալ Եվրամիությունում գրանցված դեղերը ավտոմատ գրանցել Հայաստանում՝ 7-օրյա ժամկետում։ Ըստ նրա՝ 50 հազար դրամ վճարելով՝ ներկայացուցիչներին պետք է թույլ տալ եվրոպական դեղերը գրանցել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարություն Հարությունյանն էլ ասաց, որ ՀՀ բնակչությունը պետք է օգտվի որակյալ ու մատչելի դեղերից, բայց Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականության հետեւանքով դա հնարավոր չէ։

«Ուզում ենք օրենսդրական փոփոխությամբ հասնել նրան, որպեսզի եվրոպական ճանաչում, սերտիֆիկատ ունեցող դեղերը չգան այստեղ ու երկար սպասեն, մինչեւ մեր լաբորատորիաները փորձեն փորձաքննություն իրականացնել։ Մենք ուզում ենք, որ այդ պրոցեսը լինի փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ ընդամենը 7 օրվա ընթացում։ Իշխանությունը պետք մի կողմ դնի կուսակցական շահերը եւ բոլորով աջակցեն մեր նախաձեռնությանը»,- ասաց Հարություն Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Կարապետյանը նշեց, որ Վրաստանում կյանքի տեւողությունն ավելի բարձր է, քանի որ դեղերն ավելի էժան են։ Նա կարեւորեց մրցակցությունը։ «Թույլ տալով, որ Հայաստանում գրանցվեն Եվրոպայում արդեն գրանցված դեղերը, մենք կկարողանանք «ջարդել» այն հաստատված թանկ գների սանդղակը, որն ունենք Հայաստանում այսօր»,- ասաց Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իրենց առաջարկած ծրագրի շնորհիվ շահում է ՀՀ պետական բյուջեն, քաղաքացիներն առողջ են լինելու, Հայաստանը եվրոպական ինստիտուտների հետ ինտեգրում է ունենալու։ «Եթե պետության նպատակը մեր ժողվորդի առողջությունն ու բարեկեցությունն է, մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի մեր նախագծին»,- ասաց նա։

Անդրադառնալով վերահսկողության մասին հարցին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Վերահսկելու է Եվրոպական միությունը, իրենց դեղերն են։ Ինչպես գրանցվել են այնտեղ, նույն դեղերը գալու են այստեղ, այսինքն՝ վերահսկողությունը մենք կիսում ենք եվրոպական հանրույթի հետ»։

Նա նշեց, որ անգամ չլինելով իշխանություն՝ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերը հնարավորինս իրականացնելու են։ Նա ասաց, որ դեղերի օրենքի նախագիծն արդեն մուտք են արել ԱԺ, առաջիկայում սկսելու են քննարկումները։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել