Ի՞նչն է փաստ եւ ի՞նչն է ստուգման ենթակա
Ստուգման ենթակա փաստ եւ փաստական տվյալ են անձնանունները, տեղանունները, մեջբերումները, տարեթվերը, վիճակագրական տվյալները, ցանկացած այլ թվային տվյալներ, մարդկանց միջեւ անձնական–հարազատական կապերը, օրենքին կամ այլ օրենսդրական ակտերին արված հղումները:
Փաստ եւ փաստական տվյալ չեն անձնական կարծիքը, կանխատեսումը, ենթադրությունը, գնահատականը:
Ինչպե՞ս աշխատել փաստերի հետ
«Առավոտի» լրագրողները մինչեւ նյութը հրապարակման ուղարկելը, պետք է ստուգեն հոդվածի մեջ առկա փաստական տվյալները՝ մարդկանց անունները, սեռը (հայերենում կան անուններ, որ տրվում են եւ տղամարդկանց եւ կանանց), մարդկանց միջեւ կապերը՝ ի պաշտոնե կամ հարաբերակցային, մարդու ներկայիս կամ նախկին պաշտոնը, որեւէ թվային տվյալ, որ արտացոլվում է հոդվածում, մեջբերումները, հղումները:
Եթե լրագրողը ժամանակի սղության կամ որեւէ այլ պատճառով չի հասցնում ստուգել բոլոր տվյալները, ապա մինչեւ հրապարակման ուղարկելը կարող է դիմել փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողներին:
Եթե լրագրողը նյութն արդեն ուղարկել է հրապարակման, սակայն խմբագիրը կասկածներ ունի նյութում առկա որեւէ փաստական տվյալի ճշգրտության վերաբերյալ, պետք է դիմի փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողներին:
Եթե, այնուամենայնիվ, որեւէ փաստական տվյալ հնարավոր չի լինում լիարժեքորեն ստուգել՝ նյութի հրապարակումից առաջ, ապա այդ տվյալը տեղ չի գտնում նյութում: Ինչպես նաեւ՝ նյութում տեղ չեն գտնում այդ տվյալի հետ պատճառահետեւանքային կապ ունեցող ենթադրությունները, վերլուծությունները, եզրակացությունները:
Մինչեւ հրապարակումը եւ հրապարակումից հետո
Մինչեւ նյութի հրապարակումը լրագրողը (փաստերը ստուգողը, խմբագիրը) հնարավորինս ճշտում են նյութում տեղ գտած բոլոր փաստական տվյալները, սակայն հաճախ նյութի հրապարակումից հետո ի հայտ են գալիս նոր տվյալներ, որոնք կարող են չհամապատասխանել մինչ այդ ձեռքբերված տվյալների հետ: «Առավոտը» կաշկանդված չէ հերքել, ուղղել կամ պարզաբանել իր էջերում տեղ գտած սխալները:
«Առավոտը» չի պարտավորվում ստուգել «Սոցիալական ցանցերի ասեկոսե» (սոցցանցերում հանրային անձանց տեսակետներն արտահայտող գրառումներ), «Բիզնես» (գովազդային նյութեր) կամ «Հայդ պարկ» (ազատ հարթակ) էջերում տեղ գտած նյութերում առկա պնդումները, ինչպես նաեւ հանրային միջոցառումների կամ ասուլիսների ժամանակ բանախոսի հնչեցրած փաստական տվյալները: Սակայն, եթե լրագրողը, խմբագիրը կամ փաստեր ստուգողները նկատում են ակնհայտորեն սխալ, խեղված կամ իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալներ, կարող են հեղինակի հետ համաձայնեցնելով ուղղել դրանք կամ անհնարինության դեպքում նշել այդ մասին առանձին տողով: