Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ճանաչել է Լևոն Բարսեղյանի իրավունքների խախտման փաստը ոստիկանների կողմից

Օգոստոս 29,2013 12:19

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը 2011 թվականին Երևանում անկախության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի օրը ֆեյսբուքից տեղեկանալով, որ օտարերկրյա դրոշներ ու զորքեր են մասնակցելու, միացել է ինքնաբուխ կազմակերպված բողոքի ակցիային` մեր անկախության շքերթին ընդդեմ օտարերկրյա զորքերի ու դրոշների առկայության:

Բողոքի ակցիայի ժամանակ ծավալվել էր մի պատմություն ոստիկանների հետ, հանրահայտ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, որն այն ժամանակ Կենտրոնի ոստիկանության բաժնի պետի տեղակալն էր: Բռնի ուժով ոստիկանություն էին տարել Լևոն Բարսեղյանին ու Առնո Կուրին, 3 ժամ ապօրինաբար պահել, ու շքերթի ավարտվելուց հետո նոր միայն բաց էին թողել:

Լևոն Բարսեղյանն էլ դատի էր տվել ոստիկաններին`1,5 տարի տևած դատավարությունից հետո շահելով դատը:

Aravot.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանը այսպես ներկայացրեց պատմությունը. «2011 թվականի սեպտեմբերի 21-ին` անկախության տոնի առավոտյան, Սարյանի արձանի մոտ հենց սկսեցինք մեր պիկետն ու բողոքի երթը, ոստիկանները էդ նույն տխրահռչակ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ՝ էդ ժամանակ ինքը Կենտրոնի ոստիկանության բաժնի պետի տեղակալն էր , զգուշացրեցին, որ եթե մենք սկսենք երթ, մեզ բռնելու են, տանեն ոստիկանություն, մենք էլ ասացինք` մեր իրավունքներն ենք իրականացնում, դուք էլ արեք ձեր գործը, եթե գտնում եք, որ տանելու եք, տարեք: Մի քանի պաստառներ խլեցին մեզանից «Ազատ, անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մի մաս չէ» և այլն: Հետո, երբ դրոշը պարզեցինք ու սկսեցինք վանկարկել ընդամենը` «Ազատ, անկախ Հայաստան», ինձ ու Առնո Կուրին բռնեցին , ուժով նստեցրեցին մեքենան, տարան Կենտրոնի բաժին: 3 ժամ պահեցին, շքերթը ավարտվեց, նոր բաց թողեցին:

Այդ ընթացքում ոստիկանությունը` ի պատասխան այն լուրերի, որ մեզ բերման են ենթարկել, լուր տարածեց, թե բերման չեն ենթարկել, երկու հոգու հրավիրել են ոստիկանություն, որպեսզի պարզեն անձերը: Իհարկե , մեր անձերը հայտնի էին էդ մարդուն, խոսել էինք: Ներսում մեզանից ոչ մի բան չէին պարզել: Երբ որ իմ փաստաբանը եկավ` բերման ենթարկելու արձանագրություն ուզեցինք և այլն, սրանք թե` ձեզ բերման չենք ենթարկել, ի՞նչ արձանագրություն, ի՞նչ բան:Մի խոսքով, սկսեցին չքմեղանալ:
Դուրս գալուց հետո որոշեցինք, որ հարկավոր է դատի տալ էդ միլիցոնցը կարգի հրավիրելու համար: 1,5 տարի տևեց էդ դատական պրոցեսը, դատի ժամանակ մենք ականատես վկաներին էինք հրավիրել: Իրենք որոշել էին պաշտպանվելու համար իրենց 4 ոստիկաններին հրավիրել, ինչի արդյունքում բացարձակ խայտառակ եղան: Սկսեցին ստել, որ իբր ես եմ խնդրել, որ ինձ տանեն ոստիկանություն, դատավորն էլ դատի ժամանակ հարցնում է, թե չհասկացանք, բա որ ցանկացած մարդ ձեզ ցանկացած տեղում խնդրի տանել ոստիկանություն, տանելո՞ւ եք, պատասխանում է ` հա, ի՞նչ կա որ: Դատավորն ասում է`պետական միջոցներով ինչո՞ւ եք քաղաքացուն տանում ոստիկանություն, թող ինքը իր միջոցներով գար, եթե ուզում էր: Մի խոսքով, հիմարությունների հասնող պատասխաներ:

Սկսեցին պատմել, որ ես իրենց հետ ոստիկանությունում սուրճ եմ խմել և ծխել եմ , ասում էր` ծխում էինք, 3 ժամ զրուցում էինք:

Վերջը դատարանը ճանաչեց, ընդունեց մեր հայցը ամբողջությամբ: Հայցի պահանջները հետևյալն էր` ճանաչել իմ խոսքի ազատության, տեղաշարժման ազատության և հավաքների ազատության իրավունքի խախտումը: Փաստը ճանաչել և փոխհատուցել պետական տուրքի գումարը: Միլիցեք ինձ 8 հազար դրամ պարտք են հիմա:

Սպասում էինք, որ իրենք պիտի վերաքննիչ բողոք ներկայացնեին, անցավ մեկ ամիս , դեռ չեն ներկայացել:
Ամսի 4-ին մենք ասուլիս ունենք «Մեդիա» կենտրոնում իմ լավ ընկեր ու իրավաբան Արտակ Զեյնալանյանի հետ՝ նա իմ ներկայացուցիչն էր: Գործի հանգամանքները կներկայացնենք, վկաների հարցաքննությունից մի շարք զվարճալի հատվածներ կներկայացնենք, թե ինչպիսի անհեթեթ պատասխաններ կարող է տալ ոստիկանության կապիտանը, ինձ բերման ենթարկողներից մեկը և այլն»:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ կար երկու ճանապարհ , մեկը ոստիկանության դեմ հաղորդում ներկայացնելն էր, մյուսը`վարչական դատարան դիմելը: Բայց քանի որ Լևոն Բարսեղյանը Գյումրու Սայաթ-Նովա փողոցում վրացական պետհամարանիշներով մեքենաների ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու ժամանակ հաղորդում էր ներկայացել ոստիկանություն ` քրեական գործ հարուցելու պահանջով, ու համոզվելով, որ «ոստիկանը ոստիկանի միս չի ուտում, «դատախազությունն էլ ոչ մի կերպ ոստիկանի միս չի ուտում», այս անգամ դիմել էր վարչական դատարան:

Իսկ վարչական դատարանը ճանաչել է Լևոն Բարսեղյանի ազատ տեղաշարժի, խոսքի ազատության, հավաքների ազատության սահմանադրական իրավունքների խախտման փաստը ոստիկանների կողմից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ news.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ի՜նչ հուսադրող պատմություն է: Ուրեմն Հայաստանի դատարանն էլ կարող է արդար վճիռ կայացնել: )

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031