Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ստիպել է կայացնել ԵՄ-ն` Հայաստանին սուվերենությունից զրկելու իր համառ ցանկությամբ»

Հոկտեմբեր 10,2013 13:40

«Առավոտի» բացառիկ հարցազրույցը ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի հետ

«Հայաստանը Եվրասիական միության դիտորդ անդամ է եւ հնարավորություն ունի միանալու այդ գործընթացին: Ընդհանուր սահմանի գոյությունն էլ այս պարագայում պարտադիր պայման չէ: Մենք ունենք Կալինինգրադի օրինակը, որը նույնպես ընդհանուր սահման չունի: Կարելի է այնպիսի մաքսային գոտի ստեղծել, որ Հայաստանն այս պրոյեկտի մաս դառնա: Բայց դա, այսպես ասած, Հայաստանի ընտրության հարցն է: Մենք Հայաստանից դեռեւս չունենք որեւէ հայտ»,- մեկ տարի առաջ «Առավոտին» (11.10.2012) տված հարցազրույցում խոսելով Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին՝ այսպիսի կարծիք էր հայտնել Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը։ Այդ ժամանակ, սակայն, պարոն Գլազեւը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի համար այդ հարցն օրախնդիր չէ: Մինչդեռ անակնկալ զարգացումների արդյունքում այս տարվա սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ, ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին չորսամյա բանակցությունների ճակատագիրն այսօր էլ հստակ չէ: Օրերս հունական Հռոդոս կղզում կազմակերպված «Քաղաքակրթությունների երկխոսություն» ֆորումին, որին մասնակցում էր նաեւ պարոն Գլազեւը, «Առավոտը» փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայից: Ի դեպ, հիշեցնենք, որ ընդհանուր սահմանի բացակայության մասով պարոն Գլազեւի` Կալինինգրադի մարզի հետ վերջերս կրկին արած համեմատությունը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց:

– Պարոն Գլազեւ, ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում կամ գուցե աշխարհաքաղաքական գործընթացներում, որ ՌԴ-ն ստիպեց Հայաստանին նման հապշտապ որոշում կայացնել:

– Ռուսաստանը չի ստիպում, Ռուսաստանը համագործակցում է Հայաստանի հետ: Գործնականում ողջ նորագույն պատմության ընթացքում երկարաժամկետ եւ կայուն ստրատեգիական համագործակցության առումով որեւէ մտավախություններ կամ մտահոգություններ չեն եղել: Խնդիրն այդ հարաբերությունների ձեւակերպումների մեջ է: Մենք հրապարակային չենք խոսել Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցության մասին, քանի որ իրավաբանորեն, որպեսզի Մաքսային միության անդամ դառնա, տվյալ երկիրը պետք է Եվրասիական ընդհանուր տնտեսական հանրության լիարժեք անդամ լինի: Այդպես են կառուցված մեր փաստաթղթերը: Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի դիտորդ անդամ է եղել, ակտիվորեն մասնակցում է տարբեր ծրագրերում հակաճգնաժամային ֆոնդում` բարձր տեխնոլոգիաների կենտրոնում, այլ միջազգային ծրագրերում: Եվ այն համատեքստում, որ Հայաստանն ընդհանուր մաքսային սահման չունի, հարցը բավականին շատ է քննարկվել, թե որքանո՞վ արդյունավետ կլինի Հայաստանի միացումն ընդհանուր մաքսային տարածքին: Եղել են տարբեր գնահատականներ: Փորձագետների ընդհանուր համոզմունքը կենտրոնանում է նրանում, որ՝ այո, Հայաստանը կարող է Մաքսային միության ընդհանուր տարածքի մաս կազմել, բայց մեծ տնտեսական էֆեկտ դրանից չպետք է սպասել: Առանց այդ էլ մենք ունենք ազատ առեւտուր՝ առանց մաքսատուրքերի, եւ այդ իմաստով մաքսային ստուգումների վերացումը կարող էր մեծ դեր խաղալ, եթե ընդհանուր մաքսային սահման լիներ: Քանի որ այն չկա, ինչպես Կալինինգրադի մարզի պարագայում է, այնուհանդերձ՝ ինչ-որ մաքսային ստուգում կլինի:

Վերջին շրջանում, ինչպես գիտեք, ընթանում են Եվրասիական տնտեսական միության  ստեղծման աշխատանքները, եւ այդ միության սահմաններում կգործեն ընդհանուր տնտեսական տարածքին վերաբերող համաձայնագրեր, իսկ այստեղ Հայաստանը մեծ հետաքրքրություններ ունի: Միասնական տնտեսական տարածքը հնարավորություն է տալիս Մաքսային միության ներքին շուկայական գներով գազ ստանալ: Այսինքն՝ Հայաստանին երաշխավորվում է մշտական եւ էժան գազային ռեսուրսների մատակարարում: Ընդհանուր Եվրասիական տնտեսական տարածքում չեն գործի արտահանման տուրքերը, այդ պատճառով նավթը եւ նավթամթերքները Հայաստանին կտրվեն առանց մաքսատուրքերի: Նույնը վերաբերում է նաեւ էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկային: Եվ վերջապես՝ Վրաստանի հետ հարաբերությունների բարելավումը նույնպես մեզ լայն հնարավորություններ է տալիս, որովհետեւ բացվում են աշխարհագրական իմաստով մոտեցման տարբերակները, եւ միաժամանակ լուծվում են Կովկասում առկա մի շարք խնդիրներ:

Եվս մեկ լրացուցիչ ֆակտոր հանդիսացան Եվրամիության կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները`  ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման նպատակով: Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոն` դիսկրիմինացիոն պայմաններով, ինչպես Ուկրաինայի պարագայում է, որոշումներ ընդունելու բոլոր իրավունքները Բրյուսելին տալով եւ այնուհետ պարզապես իրականացնել Բրյուսելի հրահանգները` ընդդեմ այն ֆունկցիաների, որոնք մենք տվել ենք Մաքսային միությանը: Այսինքն՝ ոչ թե մենք ենք Հայաստանին մղել Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնել, այլ Եվրոպական միությունը` Հայաստանին իր սուվերենությունից զրկելու համառ ցանկությամբ: Որպեսզի պահպանի անկախությունը եւ ՌԴ-ի հետ բալանսավորված հարաբերությունները, Հայաստանի նախագահը ստիպված էր այդ ճնշման ներքո համապատասխան քաղաքական որոշում կայացնել:

– Հայաստանում հակառակ քննադատություններ հնչեցին` ասելով, որ անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կորցնում է իր սուվերենությունը:

– Նման խոսակցություններ սովորաբար տանում են մարդիկ, ովքեր ցանկանում են համապատասխան երկրին քարշ տալ Եվրամիություն: Մենք Ուկրաինայի հետ նման խոսակցությունների մի քանի ցիկլեր ենք անցել: Սկզբում, երբ Ուկրաինան մասնակցում էր ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններին, շատերն էին ասում, որ դա Ուկրաինային կզրկի սուվերենությունից: Հետո նույն մարդիկ, ովքեր մեզ ասում էին սուվերենության մասին, հանկարծ որոշեցին ամբողջ սուվերենությունը տալ Բրյուսելին: Այսինքն՝ դա խոսում է նման հայտարարությունների սնանկության մասին: Սովորաբար մեր հասցեին քննադատությամբ են հանդես գալիս այն մարդիկ, ովքեր ցանկանում են այս կամ այն երկրին քարշ տալ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի տիրապետության տակ: Իրականում Մաքսային միությունում որոշումների ընդունման համակարգը ՌԴ-ին, Բելառուսին եւ Ղազախստանին երաշխավորում է սուվերենության պահպանումը, որովհետեւ թեեւ առեւտրաարտադրական շատ հարաբերություններ կարգավորվում են վերազգային կազմակերպության կողմից` Եվրասիական տնտեսական կոմիտեի, նույն այդ կոմիտեում բոլոր երկրները ներկայացված են հավասար պայմաններով` կոմիտեի կոլեգիայում երեքական մարդ: Բացի այդ, գործում է կոմիտեի խորհուրդը` բարձրագույն օրգանը, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով: Վերջապես՝ կա բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդ, որը նույնպես գործում է կոնսենսուսի սկզբունքով եւ կարող է չեղյալ համարել Եվրասիական տնտեսական կոմիտեի ցանկացած որոշում: Այսինքն՝ բոլոր երկրները հավասար իրավունքներ ունեն: Թեեւ ՌԴ-ն տնտեսական առումով դոմինանտ դերում է, այնուհանդերձ՝ բոլոր երկրները ձայների նույն քանակն ունեն: Բոլոր երկրներն ունեն վետոյի իրավունք, ընդ որում՝ այդ իրավունքը կարող է կիրառվել որոշումների ընդունման երեք տարբեր մակարդակներում: Ես ասեմ, որ վերազգային օրգանի կողմից մոտ 1500 որոշումներ արդեն ընդունվել են եւ բոլորն էլ՝ կոնսենսուսով: Մի դեպք եղավ, երբ որոշվեց կոմբայնի վրա հակադեմպինգային մաքսատուրքը չեղյալ հայտարարել` Ղազախստանի կառավարության պահանջով: Այսինքն՝ աշխատանքի համակարգն այստեղ ապահովում է յուրաքանչյուր պետության սուվերենությունը: Իսկ այն, ինչ առաջարկվում է Հայաստանին ԵՄ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, կուրորեն կատարել Եվրոպական միության հահանգները` չունենալով այդ հրահանգների կայացման վրա որեւէ կերպ ազդելու հնարավորություն, համաձայնեցնել օրենսդրական դաշտը ԵՄ-ի հետ, եւ պետք է կազմավորվի նաեւ վերազգային կոմիտե` մասամբ ԵՄ-ի ներկայացուցիչներից, մասամբ՝ Հայաստանի, որի հետ պետք է ամեն ինչ համաձայնեցնել: Այսինքն՝ Հայաստանն արդեն չի կարող լինել Մաքսային միության գործընկեր, չի կարող դառնալ ոչ Եվրասիական միության, ոչ էլ Եվրասիական տնտեսական ընդհանուր տարածքի անդամ: Ընդ որում, այս դեպքում Հայաստանը որեւէ առավելություններ չի ստանա, իսկ այն արտոնյալ պայմանները, որոնք մենք ենք առաջարկում, այդ դեպքում չեղյալ կհայտարարվեն: Ուստի եթե ինտեգրացիոն այս կամ այն տարբերակում համեմատենք սուվերենության աստիճանի պահպանումը, ակնհայտ է, որ Մաքսային միության մեջ մտնելով՝ Հայաստանը պահպանում է ինքնուրույնությունը եւ հնարավորություն ունի թույլ չտալ որեւէ որոշման ընդունում, որը հակասում է իր հետաքրքրություններին, իսկ ԵՄ-ում կլինի Բրյուսելի դիկտատուրան:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շարունակությունը` վաղվա «Առավոտ»-ում

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ֆլորա says:

    Թե ինչպես պետք է դասավանդել մեր նորագույն պատմությունը մեր դպրոցներում 2015 թ-ից հետո:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031