Հայաստանում այսօր հոգեկան առողջության խնդիր ունեցող 50 հազարից ավելի մարդ կա գրանցված: Նրանցից 21 հազարը հաշմանդամություն ունի. «Ժամանակին որակյալ բուժում չստացած ծանր հոգեկան խանգարումները կարող են հասցնել հաշմանդամության: Մինչդեռ ժամանակին ստացած որակյալ բուժօգնության դեպքում հոգեկան խանգարումներ ունեցող անձանց միայն չնչին տոկոսն ունի հաշմանդամություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավատացրեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում ողջ հոկտեմբեր ամիսը հայտարարված է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն, այդ թվում՝ հոկտեմբերի 23-ին Սպիտակում կբացվի հոգեկան խանգարումներ ունեցող անձանց՝ ՀՀ ում առաջին խնամքի տունը (ՀՀ կառավարության կողմից ալտերնատիվ խնամքի ռազմավարության շրջանակներում):
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ ողջ աշխարհում առկա են հոգեկան միևնույն խնդիրները, բայց, անշուշտ, կան նաև առանձնահատկություններ: Օրինակ՝ Հայաստանում և Իսրայելում կպչուն, սևեռուն մտքեր, նաև գործողություններ ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, քան մյուս երկրներում:
«Նման խանգարումները դրսևորվում են անընդհատ նույն մտքի վրա կենտրոնանալու մեջ, այսինքն՝ երբ մարդը շարունակ մտածում է միևնույն բանի մասին։ Եթե նրա ուղեղում անընդմեջ պտտվում է այն միտքը, որ իր ձեռքերը կեղտոտ են, բայց ինքը չի լվացվում, դա կպչուն միտք է, իսկ երբ դա վեր է ածվում նաև գործողության, արդեն կոչվում է կպչուն գործողություն»,- բացատրեց հոգեբանը:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսների՝ մեր երկրում հոգեկան խնդիրներից ամենատարածվածներն են նաև դեպրեսիան ու մտավոր հետամնացությունը: Նրանց հավաստմամբ՝ դեպրեսիայի խորացմանն այսօր նպաստում են նաև տեղեկատվական հոսքերը: Ինչ վերաբերում է մտավոր հետամնացությանը, այն առավել հաճախ հայտնաբերվում է արական սեռի ներկայացուցիչների մոտ, երբ զորակոչային տարիքում հոգեբուժական քննություն են անցնում:
Դառնալով հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ հասարակական վերաբերմունքին՝ մասնագետները վստահեցրին, որ այս առումով բավականին լուրջ տեղաշարժեր են նկատում:
Ի դեպ, հոգեբուժական ծառայություններից օգտվողների թիվն էլ է նախորդ տարիների համեմատությամբ մեծացել, սակայն մեծ է նաև չօգտվողների թիվը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ