Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք պատասխանատվության պետք է ենթարկվեն

Ապրիլ 04,2016 16:32

Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ: Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

Համակարծիք լինելով ռազմական գործողությունների դադարեցման կոչերին, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ուժերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման համար, քաղաքական հայտարարություններից զատ, անհրաժեշտ է համաձայնեցնել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ. մշակել հրադադարի սահմանման տեխնիկական պայմաններ, իրականացնել հակամարտող ուժերի հեռացում/բաժանում և հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի և Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաև ադրբեջանական զինված ուժերի և զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլևս չմասնակցող կոմբատանտների և ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները և ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930