Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունն Արցախում հաստատվելու է ոչ թե 5 շրջանների ու այլ տարածքների՝ Ադրբեջանին զիջելով, այլ մայր հողին ամուր կանգնելով

Հուլիս 25,2016 17:57

Հուլիսի 24-ին Քաշաթաղի Ծիծեռնավանքի գյուղական համայնքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շրջանի հյուսիսային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարները, այլ պաշտոնյաներ:

Մինչ խորհրդակցությունը սկսելը՝ ԼՂՀ Նախագահը ծանոթացավ Աղավնո գյուղի մոտ կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին, այցելեց Մոշաթաղի տարածքում՝ Աղավնո գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի շինհրապարակ:

DSCN1296 Cicernavanq

Ողջունելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանն ասաց՝ նման հանդիպումները միտված են ի մի բերելու կատարված համատեղ աշխատանքները և նախանշելու կատարվելիքը: Հավելեց, որ հանրապետությունում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը, և այս տարի գրանցվել է բերքատվության բարձր ցուցանիշ՝ ամբարվել է 150.000 տոննայից ավելի հացահատիկ: Նախնական տվյալներով 1 շնչի հաշվով ապահովվել է 1տ բերք, որով մենք աշխարհում զբաղեցնում ենք առաջատար տեղ: Շնորհակալություն հայտնեց հողի մշակներին և տեղեկացրեց՝ կա նպատակ և ծրագիր, որ ազատագրված մեր տարածքներում նաև Քաշաթաղի շրջանում, կրկնապատկել հացահատիկի ցանքատարածքները: Այս առումով դիմեց ներկաներին՝ հանդես գան առաջարկներով և կարծիքներով:

Այնուհետև երկրի նախագահն ավելացրեց.

-Մենք ավարտել ենք մեր ծրագրերից ևս մեկը՝ տարիներ առաջ նպատակ էինք դրել վերամշակվող էլեկտրաէներգիան դարձնել մեր երկրի ռազմավարական հաջողություններից մեկը, և այսօր հայտնում եմ՝ իրականացրել ենք մեր նպատակը նաև Քաշաթաղում: Հինգ տարբեր հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ արդեն կառուցվել են, իսկ 4-ի կառուցումը ընթացքի մեջ է:

Շրջանի գյուղատնտեսական աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: 2015թ. աշնանը և 2016թ. գարնանը շրջանում ընդհանուր կատարվել է 8535հա ցորենի, 7895հա գարու և 1108հա հաճարի ցանքս: Ներկա դրությամբ հնձվել է 8475հա ցորեն՝ ապահովելով 21251տ բերք(25ց/հա), 7746հա գարի(18665տ-24ց/հա) և 529հա հաճար(1053տ-19,9ց/հա): Բացի հացահատիկային մշակաբույսերից, գարնանը կատարվել է տարբեր մշակաբույսերի ցանքս:

DSCN1228 Artak Beglaryan

Այնուհետև Ս. Խաչատրյանը կարևորեց այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում: Դրանք են՝ ճանապարհաշինությունը, որն ընթացքի մեջ է: Ապրիլյան պատերազմական իրադարձությունների ընթացքում և այժմ կատարվել ու կատարվում է ճանապարհների բարեկարգում շրջանում գործող կազմակերպությունների կողմից: Հաջորդը ոռոգման և խմելու ջրի բավարարման խնդիրն է, մյուսը բնակարանների, շինանյութի հատկացման խնդիրն է:

Հակի գյուղական համայնքի ղեկավարը կարևորեց դպրոցի շենքի հիմնանորոգումը և մանկապարտեզ ունենալը: Համայնքների ղեկավարների կողմից հնչեցին այլ հարցեր ևս, եղան առաջարկություններ:

Երկրի նախագահը տվեց հանձնարարականներ համապատասխան պատասխանատուներին՝ հնչած հարցերը կարգավորելու վերաբերյալ: Հետաքրքրվեց կենցաղային պայմաններով, միջհամայնքային կապերով, ձևավորված նոր ավանդույթներով, արտադրված գյուղմթերքի իրացման խնդիրներով և այլ հարցերով:

Խորհրդակցության ավարտին Բ. Սահակյանը գոհունակություն հայտնեց քաշաթաղցիներին՝ ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ առաջնագիծ մեկնելու, հայրենիքին ծառայելու համար:

Խորհրդակցությունն ավարտվեց նույն համոզմունքով, որ խաղաղությունն Արցախում հաստատվելու է ոչ թե 5 շրջանների ու այլ տարածքների՝ Ադրբեջանին զիջելով, այլ հազարավոր հայորդիների արյամբ սրբացած մայր հողին ամուր կանգնելով, տեր մնալով և միասնաբար պաշտպանելով:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031