Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաշատը թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան

Հուլիս 26,2017 16:56

Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը, դուստրն ու թոռնիկը քիչ առաջ են վերադարձել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեկ ժամով տեսակցել են իրենց հարազատին:

Aravot.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի կինը` Անահիտ Մարտիրոսյանը պատմեց, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է` թոռնիկին տեսնելով. «Այսօր գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր, ասում է` չորս տարի Ռուսաստանում պատիժը կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում: Այնքան էր ուրախացել. ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»:

Հիշեցնենք, որ ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 18 մարդ էր զոհվել, օրերս է տեղափոխվել Հայաստան:

Տիկին Անահիտն ամուսնու առողջական վիճակի մասին փոխանցեց, որ ստուգում է անցել, վաղն էլ սիրտն են ստուգելու: Հրաչյա Հարությունյանը սրտի, ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի: Կնոջ տեղեկացմամբ` ՌԴ-ում էլ ստուգումից հետո պարզվել է, որ թևի տակ ճարպագունդ կա, հիմա դա է նեղություն տալիս:

Հրաչյա Հարությունյանի հարազատները նրան հագուստ ու անհրաժեշտ այլ պարագաներ են տարել, քրեակատարողական հիմնարկի պայմաններից գոհ են:

Հետաքրքրվեցինք` ՌԴ-ում պատիժը կրելու տարիների մասին ի՞նչ էր պատմում, Հրաչյա Հարությունյանի կինը պատասխանեց. «Ոչինչ չէր ուզում հիշել, թե ինչ է Ռուսաստանում կատարվել, ասում էր` լավ բան չկա, որ պատմեմ: Ուզում էր, որ մենք խոսեինք մեզնից, թոռնիկի հետ զրուցում էր»:

Անահիտ Մարտիրոսյանը հայտնեց, որ այսուհետ ամուսնուն կարող են տեսակցել ամիսը մեկ անգամ: Քրեակատարողական հիմնարկում այսօր իրենց տեղեկացրել են, որ մյուս ամիս կարող են գնալ տեսակցության երեք օրով. քրեակատարողական հիմնարկում սենյակ կհատկացնեն Հրաչյա Հարությունյանի հարազատների համար:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հետաքրքիր է, եթե այդ նույն մարդը սպաներ իր 18 հայրենակցի, ինչպիսին կլիներ իր մեդիա-պատկերը։ Հիմա կարծես թե տենդենց կա հերոսացնելու կամ խղճահարություն առաջացնելու նրա նկատմամբ, ինչն ինձ համար անհասկանալի է։ Ոչ քարկոծել է պետք, ոչ էլ՝ խղճալ, չեզոք պետք է վերաբերվել ու վերջ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31