Նինո Քոչիաշվիլի. «Քննիչները երբեմն փակված գործերի համար «օգտվում են» մեր սառցարանից»

Նինո Քոչիաշվիլի. «Քննիչները երբեմն փակված գործերի համար «օգտվում են» մեր սառցարանից»

«Անի» հյուրանոցում շարունակվում է եզակի գիտագործնական սեմինարներից մեկը, որում ներգրավված են մեր երկրի, Ճապոնիայի, Վրաստանի, Դանիայի, Շվեդիայի փորձաքննությունների ազգային բյուրոների փորձագետները, քննիչները, բժիշկներն ու գենետիկայի մասնագետները: Քիչ առաջ սեմինարի մասնակիցները հարցախեղդ արեցին Վրաստանի փորձագիտական բյուրոյի ներկայացուցչին՝ Նինո Քոչիաշվիլուն, որը հանդես եկավ ԴՆԹ-տիպավորման փորձը Վրաստանում թեմայով: Մինչ այդ Ճապոնիայի ներկայացուցիչ՝Յու Իչի Գոտոն ներկայացրել էր ԴՆԹ ախտորոշման մոտեցումներն իրենց երկրում:

Նինո Քոչիաշվիլին ասաց, որ իրենց հիմնական «հաճախորդները» քննչական մարմիններն են, ՆԳ եւ պաշտպանության նախարարությունները, ուղղիչ աշխատանքային հիմնարկները: Ըստ մեր հյուրի` վերջին տասը տարիների ընթացքում իրենք ամսեկան 250 նմուշ են մշակում, սա այն դեպքում, երբ իրենց բյուրոյում թվով քսան աշխատակից կա, որից տասնվեցը փորձագետ են, չորսը կենսաբան, բժիշկ: Յոթ աշխատակիցներ դոկտորի աստիճան ունեն:

Անդրադառնալով իրեղեն ապացույցների պահպանման, մշակման, ձեռքբերման խնդիրներին` Նինո Քոչիաշվիլին տեղեկացրեց, որ կուտակում են ազգային ԴՆԹ բազան, սկսած դիահերձումից մինչ սառեցված վիճակում գտնված, կամ փակված գործերից ձեռք բերված: Նա ասաց, որ շարունակ վերապատրաստվում են, սովորում, բազմաթիվ ուղեցույցներ են ստեղծել այս առումով, գործում է թեժ գիծ:

Ըստ նրա` իրավաբան-բժիշկները պարտադիր պետք է իմանան ԴՆԹ-նմուշների հետ աշխատելու մասին, հասկանան ինչ ասել է ախտահանում, եւ թե ինչպես պետք է աշխատեն:

Զեկուցողը ցույց տվեց իրենց լաբորատորիան, Վրաստանի փորձաքննությունների ազգային բյուրոն ունի երկուսը: Ի դեպ, մի գեղեցիկ աշխատակցուհու ցույց տալով` կատակեց մեր հյուրը` ասելով, թե գեղեցկուհին հավանաբար հայ է, քանի որ ազգանունը Մալխասովա է:

Նա անդրադարձավ ԴՆԹ-տվյալների շտեմարանի, թե ինչպես են իրենց փորձագետները ցանկի մեջ հավելում անձը անձի, դեպքի վայրում վերցված նմուշները դեպքի այլ վայրում հայտնաբերվի հետ, ինչը հետաքննիչների համար խիստ կարեւոր է: Վրաստանում կան անհայտ կորածներ, մոտ երկու հազարից ավելի: Վրաց-աբխազական հակամարտության ժամանակ Վրաստանի փորձագիտությունների ազգային բյուրոյի խնդիրը եղել է  դիակների նույնականացումը:

Մասնագիտությամբ բժիշկ Նինո Քոչիաշվիլին հիշեց, թե ինչպես են երեք տարի առաջ Աբխազիայի կառավարության հետ բանակցությունների արդյունքում հանել այնտեղից դեպի Սուխումի մեկնած, բայց աղետի հետեւանքով օդանավում ածխացած  հարյուր զոհվածների դիակները:

Դիակները ԴՆԹ պրոֆիլակտավորումից հետո  վերադարձվեցին: «Ես ծանոթ եմ Հայաստանի իրավիճակին, մենք վերապատրաստել ենք հայերիդ մեր բյուրոյում»,-ասաց նա:

Ի դեպ, հարցերը վերաբերվում էին դատագենետիկական փորձաքննություններին, փորձաքննությունների գներին, տեխնիկական զինանոցին, դեպքի վայրում ապացույցների-նմուշների ձեռքբերմանը, պահպանմանը: Միայն մեկ թիվ` Վրաստանում հայրության ճանաչման գինը 650 դոլարին համարժեք էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք