Դպրոցների տնօրենները քարտով գումար կանխիկացնելով՝ ուսուցիչներին աշխատավարձ են բաժանում

Դպրոցների տնօրենները քարտով գումար կանխիկացնելով՝ ուսուցիչներին աշխատավարձ են բաժանում

Տավուշի մարզում հանրակրթական դպրոցներ կան, որոնց տնօրենները տարիներ շարունակ տեղյակ չեն, որ հարկային պարտավորությունները ամբողջությամբ չկատարելու պատճառով դպրոցներն ունեն դեբիտորական պարտքեր, որոնց տոկոսների գումարներ են ավելանում: Դպրոցների ունեցած պարտքերը հայտնաբերվում են ստուգումների արդյունքում: Մարզի դպրոցների մի մասում դեռեւս ներդրված չէ աշխատավարձի վճարման քարտային եղանակը: Չնայած ուսուցիչների աշխատավարձը բարձր չէ, սակայն աշխատավարձի կանխիկ վճարումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այս մասին հոկտեմբերի 13-ին կայացած մարզխորհրդի նիստում, ներկայացնելով աուդիտի ենթարկված դպրոցներում ուսումնասիրությունների արդյունքները՝ նշեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը:

Տավուշի հանրակրթական որոշ դպրոցներում դեռեւս պահպանվում են դրամարկղային գրքերը: Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետն ասաց, որ դպրոցներում խախտվում է գնումների մասին օրենքը, տնօրենները շուկայում առկա գների ուսումնասիրություն չկատարելով՝ իրենք են որոշում, թե որ խանութից կամ սուբյեկտից գնումներ կատարեն: Դպրոցներում գնումների գծով մասնագետները չունեն համապատասխան լիցենզիա: Հանրակրթական դպրոցներում խախտվում է ծախսերի նախահաշիվը, ծախսեր են արվում, որոնք ներառված չեն նախահաշվում, կամ նախահաշվի տարբեր հոդվածներում գումարների տեղափոխություն է արվում: Լինում է այնպես, որ նախատեսված է 950 հազար դրամի գնումներ կատարել, սակայն ծախսերի գումարն անցնում է 1 միլիոն դրամի սահմանը, ինչի հետեւանքով խախտվում են գնումների մասին օրենքի պահանջները:

Ն. Մելքումյանն ասաց, որ դպրոցներում բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներով շինարարություն կատարելու դեպքում պետք է այդ մասին տեղյակ պահեն մարզպետարան, կան տնօրեններ, ովքեր իրենց հայեցողությամբ են շինարարություն կատարում: Տավուշի շատ դպրոցներում գույքագրումն արվում է ձեւականորեն, թղթի վրա, տնօրենը գույքագրման ժամանակ չի շրջում դպրոցի տարածքով, որպեսզի տեսնի, թե կրթօջախում իրականում ինչ գույք կա: Տավուշում հանրակրթական դպրոցներ կան, որոնք գործում են առանց լիցենզիայի: Ն. Մելքումյանն այդ մասին ասաց՝ եթե տնօրենին հարցնես, նա կասի՝ ինձնից առաջ 4 տնօրեն է աշխատել, որոնք աշխատել են առանց դպրոցի լիցենզիայի:

Մարզպետ Հովիկ Աբովյանը դպրոցների տնօրեններին հանձնարարեց շտկել նշված խախտումները եւ թերությունները: Նա Ն. Մելքումյանին հարցրեց, թե ինչո՞ւ բոլոր դպրոցներում վճարման քարտային համակարգի չեն անցել: Մելքումյանն ասաց, որ տնօրենները պատճառաբանում են, որ դպրոցները հեռու են մարզկենտրոնից, բանկերից: Մարզպետն ասաց՝ հայտնի են դեպքեր, երբ դպրոցի տնօրենը Իջեւան գալով՝ քարտով ստանում է ուսուցիչների աշխատավարձը եւ հետո բաժանում աշխատողներին: Նա ասաց, որ մինչեւ 2018թ. սկիզբը դպրոցներում դրամական միջոցների կանխիկ շրջանառությունը պետք է վերացվի, մարզպետարանի հանձնաժողովն այդ կապակցությամբ ստուգումներ կկատարի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք