«Սերգեյ Լավրովը պատահական բաներ չի ասում»

«Սերգեյ Լավրովը  պատահական բաներ չի ասում»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է ՌԴ ԱԳ նախարարի կարծիքը Թուրքիայի մասին, իսկ ՀԴԿ նախագահը պահանջում է, որ Հայաստանն ի վերջո հստակեցնի իր դիրքորոշումը:

«Նախագահի ասած «ցավոտ լուծումները» Էրդողան-Պուտին հանդիպման հետ կապ չունեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ-Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկելու է Արցախի հարցը, ավելին` առաջարկներ է ներկայացնելու. ռուս-թուրքական մերձեցումը կարո՞ղ է ի վնաս հայկական շահերի լինել, մանավանդ, որ նախագահ Սարգսյանը վերջերս խոսել էր ցավոտ լուծումների մասին: Պուտին-Էրդողան հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 13-ին: Էդուարդ Շարմազանովը հստակեցնում է` «ցավոտ լուծում» ասելով նախագահը նկատի ունի, որ չեն կարող մաքսիմալիստական նկրտումներ լինել. «Չի կարող մի կողմը ստանալ ամեն ինչ, մյուսը` ոչինչ: Պետք է լինեն փոխզիջումներ: Յուրաքանչյուր փոխզիջում ունի իր կետը: Մենք ունենք մի գիծ, որից այն կողմ փոխզիջում չենք պատկերացնում: Արցախի հարցում մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը: Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի անվտանգությունը սակարկման ենթակա չէ: ՀՀ նախագահը շատ հստակ տվել է փոխզիջումային կետերի մաքսիմումը: Մենք կողմնակիցն ենք այն արդար դատի, ինչի համար հայ ժողովուրդը 1988-ից դուրս է եկել փողոց»:

Իսկ Էրդողանի` Արցախի հարցում առաջարկներ ունենալու հայտարարությունից մեր զրուցակիցը զարմացած չէ: Բոլորին էլ խորհուրդ է տալիս չզարմանալ «նեոօսմանական, պանթուրքիստական» Թուրքիայի առաջնորդի հայտարարություններից. «Տարիներ շարունակ Թուրքիայի առաջնորդը նույն բանն է ասում, բայց դրանից Թուրքիայի ներգրավվածությունն Արցախյան հարցի կարգավորման գործընթացում չի ավելանում»: Դիտարկմանը` իրավիճակ է փոխվել, հակադարձում է. «Ինչքան ուզում է իրավիճակ փոխվի` Թուրքիան այն երկիրն է, որն անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում եւ չի էլ կարող ունենալ: Նախ` այնտեղ կոնսենսուս է պետք, իսկ հայկական կողմերը երբեք չեն համաձայնի բանակցություններում Թուրքիայի ակտիվ դերակատարմանը:

Բանակցությունների ձեւաչափը պահպանվելու է, եւ դա նշվում է բոլոր հանդիպումներում, նաեւ վերջին` ժնեւյան հանդիպման ժամանակ: Հանցագործ Ադրբեջանին սատարելու իր դիրքորոշումը Թուրքիան շատ հստակ ցույց է տվել ապրիլյան պատերազմի օրերին, առաջ եւ հետո: Այս իմաստով Թուրքիան եզակի երկիր է: Նաեւ` Թուրքիան այն երկիրն է, որը անօրինականորեն Հայաստանը պահում է շրջափակման մեջ»: Ռուս-թուրքական մերձեցման համատեքստում Էդուարդ Շարմազանովը հարկ է համարում հիշեցնել ապրիլյան պատերազմից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երեւանում արած հայտարարությունը. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Թուրքիայի պահվածքը պատերազմ հրահրող պետության պահվածք էր»: Մեր զրուցակիցը կարծում է, որ ՌԴ արտգործնախարարի այս հայտարարությունը ՌԴ-ում եւ առհասարակ ի գիտություն են ընդունում եւ համապատասխան հետեւություններ անում են: «Սերգեյ Լավրովը պատահական բաներ չի ասում: Ես ուղղակի հիշեցնում եմ նրա ասածները: Իհարկե, Էրդողանը տարբեր հայտարարություններ կանի, բայց չեմ կարծում, թե դրանք Արցախյան հարցի կարգավորման հաստատված ֆորմատի փոփոխությունների կբերեն»,- ասում է մեր զրուցակիցը` նկատելով, որ Էրդողանի տարբեր հայտարարությունները նաեւ քարոզչական բնույթ ունեն, եւ որքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները մերձենան, այս պահին ընդհանուր տնտեսական եւ քաղաքական շահեր լինեն, Թուրքիան եւ ՌԴ-ն տարբեր ռազմաքաղաքական միավորումների անդամ են, աշխարհաքաղաքական տարբեր հարցերով` Սիրիա, Ղրիմ եւ այլն, եթե ոչ՝ թշնամական, ապա տրամագծորեն հակառակ կարծիքներ ունեն, եւ Կովկասյան տարածաշրջանում այդ երկրները մրցակից են մնում:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի հեճուկս Էդուարդ Շարմազանովի՝ չի կարծում, որ Արցախի հարցի կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հստակ է: «Բանակցային գործընթացում մենք պնդում ենք, որ պետք է ճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը, հետն էլ քննարկում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը: 1988-ին սկսել ենք միացում գաղափարից, այն ժամանակ դա բոլորի կարծիքն էր եւ հստակ դիրքորոշում էր: Հիմա պետք է լինի հստակություն, որպեսզի միջնորդներն էլ, հանրությունն էլ հասկանան, թե մենք ինչի ենք ձգտում: Հակառակ պարագայում ստացվում է, որ մենք Արցախը պատմական Հայաստան չենք համարում, չենք համարում, որ այն բռնակցվել է Ադրբեջանին, եւ բանակցային գործընթացը տանում ենք Արցախի ինքնորոշման ուղղությամբ: Ադրբեջանը հստակ ասում է` Արցախն ունի իր տարածքում ինքնորոշման իրավունք, որ մակարդակով ուզում եք` թող ինքնորոշվի, ինչը մեզ համար ընդունելի չէ»,- ասում է Արամ Սարգսյանը: Նա աբսուրդ է համարում ադրբեջանական մամուլում արդեն իսկ շրջանառվող լուրերը, որ Էրդողանն Ադրբեջանի կողմից առաջարկելու է, որպեսզի ՌԴ-ն Հայաստանին պարտավորեցնի հինգ տարածք հանձնել: «Եթե անգամ երեւակայություններս սրենք եւ պատկերացնենք, որ ՌԴ-ն ասում է` պիտի հանձնեք, որեւէ իշխանություն Հայաստանում չի դիմանա, եթե որոշի, որ տարածք պետք է հանձնի: Քանզի ցանկացած տարածքի հանձնումը կբերի ինքնասպանության: Ցանկացած այլ լուծում` խաղաղապահների եւ նման բաների մասին, սին խոսակցություններ են: Դրանց միայն մեր բակի հավերը կհավատան»,- ասում է մեր զրուցակիցը:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

10.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արցախում ինչպես որոշեն, այնպես էլ կլինի: Միայն այդպես:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք