Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանների ճաղավանդակները կհանեն` եթե փող ունենան ամուր պատուհաններ դնելու (Տեսանյութ)

Հունվար 19,2018 15:17

Անցյալ տարի կառավարությունը հոգեբուժարաններն օպտիմալացրեց` «Նորք» հոգեբուժարանը միավորելով «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ, ինչի արդյունքում ստեղծվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որը կգործի Նուբարաշենում:

Հոգեբուժական այս երկու կլինիկաների միաձուլումը առողջապահության նախարարը պայմանավորեց ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ եւ գումարներ տնտեսելով: Օպտիմալացումից հետո «Նորք» հոգեբուժական կենտրոնի շենքը միանգամից վաճառվեց:

Այսօր «Ազդակ» ակումբում Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Գագիկ Միրիջանյանը ներկայացրեց, թե օպտիմալացումից հետո ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում:

Aravot.am-ի հարցին, թե օպտիմալացման արդյունքում որքան հաստիք է կրճատվել, Գագիկ Միրիջանյանը պատասխանեց` 45-ը նախատեսված է, որ պետք է կրճատվի: Ըստ նրա, այդ հաստիքների մի մասն են կենսաթոշակային տարիքի. «Մարդիկ կան, որոնց առաջարկել ենք տեղափոխվել մեզ մոտ, ասել են` կմտածենք»:

Մանրամասները` տեսանյութում

Մեր այն հարցին էլ, թե հոգեկան առողջության հայեցակարգ է կառավարությունը մշակել, երբ կսկսվեն բարեփոխումները եւ հոգեբուժարանները կազատվեն ճաղավանդակներից, ինչն էլ, ըստ մասնագետների, կնպաստի, որպեսզի հասարակության շրջանում պակասի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ խտրականությունը, պարոն Միրիջանյանը պատասխանեց, որ այդ ճաղավանդակներից ազատվելու համար ընդամենը պետք է պատուհանները փոխվեն եւ հիվանդների անվտանգության համար ամուր, չկոտրվող պատուհաններ դրվեն, ինչի համար գումարներ են անհրաժեշտ: Ըստ նրա, այս տարի արդեն 25-30 միլիոն կներդնեն` Նուբարաշենի հոգեբուժարանի շենքը վերանորոգելու, քանի որ շենքային պայմաններն անմխիթար են:

Մեր այն հարցին, թե ոլորտի պատասխանատուները պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ ապագա բժիշկները չեն ցանկանում հոգեբույժներ դառնալ` ցածր աշխատավարձով պայմանավորված, ինչպե՞ս են

լուծում դեֆիցիտի հարցը, Գագիկ Միրիջանյանը պատասխանեց, որ կա նման խնդիր եւ որ երիտասարդ մասնագետներին խրախուսելու մեխանիզմներ են ներդնում, որպեսզի նրանք ընտրեն այդ ուղղությունը: Այդուհանդերձ պարոն Միրիջանյանը նշեց, որ իրենց բուժհիմնարկում հոգեբույժի դեֆիցիտ չկա:

Գագիկ Միրիջանյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն այնպիսի դեպքերը, երբ զինվորական ծառայությունից ազատվելու համար հոգեբույժները ծառայությանը ոչ պիտանի եզրակացություն են տալիս: Գագիկ Միրիջանյանը վստահեցրեց, որ առավելագույնը օբյեկտիվ են մոտենում այդ հարցին եւ փորձաքննություններից ձեւավորվող գումարներից բոնուսների տեսքով տրվում են այդ բաժանմունքի ղեկավարին եւ հանձնաժողովի անդամներին:

«Փորձել ենք հնարավորինս խուսափել ձեր բարձրացրած զանազան հարցերից, եթե լինեն նման դեպքեր, ապա մենք պատրաստ ենք դիմել համապատասխան մարմիններին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031