Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանները կօպտիմալացնեն 

Սեպտեմբեր 22,2017 14:30

Կառավարությունը որոշել է օպտիմալացնել հոգեբուժարանները: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը կառավարությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկում է «Նորք» հոգեբուժական կենտրոնը, որը գործում է 100 տոկոս պետական բաժնեմասով, միավորել կրկին 100 տոկոս պետական բաժնեմասով աշխատող «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ, ինչի արդյունքում կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այն եւս լինելու է 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն: Միաձուլումից հետո, ըստ նախարարի, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ը կլինի «Նորք» հոգեբուժական կենտրոնի եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի իրավահաջորդը՝ ժառանգելով նաեւ դրանց իրավունքներն ու պարտականությունները:

Հոգեբուժական այս երկու կլինիկաների միաձուլումը առողջապահության նախարարը պայմանավորում է ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ: Բացի այդ, որոշման նախագծում նախարարությունը խոստովանում է, որ «Նորք» հոգեբուժական կենտրոնի շենքը՝ կապված վերջինիս գտնվելու վայրի հետ, ունի արդյունավետ օգտագործման հնարավորություն. այն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու դեպքում վաճառքի տեսանկյունից կգտնվի բարենպաստ պայմաններում: Նախարարությունը նույնիսկ հաշվել եւ պարզել է, որ «Նորքի» շարժական եւ անշարժ գույքի օտարման դեպքում հնարավոր է ստանալ շուրջ 530 մլն ՀՀ դրամ: Նաեւ վստահեցնում է, որ միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես` ջերմոցներով եւ արեւային մարտկոցներով հագեցմանը:

«Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ մնացած 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը: Աշխատանքային խմբի կողմից կատարված վերլուծությունը վկայում է, որ թեեւ Երեւան քաղաքի հոգեբուժարանների միջին զբաղվածությունը կազմում է 73%, իսկ առավելագույնը՝ 81%, այնուամենայնիվ առկա են չօգտագործվող ենթակառուցվածքներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հիվանդների ստացիոնար բուժումը: Մասնավորապես` տեղում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ավանի եւ Նուբարաշենի հոգեբուժարաններում առկա են ազատ, ջեռուցվող բաժանմունքներ, որոնք չեն օգտագործվում: Ուստի, ըստ անհրաժեշտության, այս 2 բաժանմունքներում մասնակի վերանորոգումից հետո կարող են ծավալվել բավարար քանակությամբ մահճակալներ»,- նշված է որոշման նախագծում:

Նշենք, որ «Նորք» հոգեբուժական կենտրոնն ունի 120 մահճակալ, որից մայիս ամսվա դրությամբ զբաղեցված է 100 մահճակալը:

Ըստ նույն աղբյուրի՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում 350 մահճակալ է առկա: Մահճակալների ծանրաբեռնվածությունը այս բուժհիմնարկում, կրկին մայիս ամսվա տվյալներով, 303-ն է:

Ըստ նախարարության հաշվարկների՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում օրական 1 հիվանդին բաժին ընկնող ծախսը ամենաբարձրն է. այստեղ մեկ հիվանդին բաժին ընկնող օրական ծախսը կազմում է 11 հազար 39 դրամ, «Նուբարաշենի» հոգեբուժարանում` 7 հազար 50 դրամ: Ավանի հոգեբուժարանում` 10 հազար 24 դրամ, Սեւանի հոգեբուժարանում էլ` 4 հազար 79 դրամ:

Նախարարությունը վստահեցնում է, որ միաձուլումը չի անդրադառնա բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման գործընթացի, բժշկական օգնության որակի, ինչպես նաեւ անընդհատության վրա` ըստ բժշկական ցուցումների հիվանդները կշարունակեն ստանալ անհրաժեշտ ծավալով մասնագիտացված ստացիոնար բժշկական օգնություն:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ

21.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930