Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ բռնաբարել է ութ հոգի. մարդիկ ասում էին՝ «սրա կողքը չնստես, նա քեզ կփչացնի». «Ավրորա» մրցանակի հավակնորդ

Հունիս 09,2018 14:15

«Չեմ ուզում կենտրոնանալ բռնաբարության փաստի վրա: Կարեւոր է այն, ինչ դրանից հետո տեղի ունեցավ. դա հասարակության մերժումն էր»,-Մատենադարանում այսօր Aurora Dialogues երեւանյան քննարկումների ժամանակ հայտարարեց «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի հավակնորդ Սունիտա Քրիշնանը:

Նա դեռահաս ժամանակ խմբակային բռնաբարության է ենթարկվել, իսկ տարիներ հետո՝ Հնդկաստանում հիմնադրել վերականգնողական կենտրոն, որը զբաղվում է սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհ դարձած կանանց փրկությամբ: Ներկայացնելով իր պատմությունը՝ նա շարունակեց. «Մինչեւ 15 տարեկանը ես այլ մարդ էի: Այդ միջադեպից հետո ես դարձա բնավորություն չունեցող, անարժեք մի մարդ: Բռնաբարությունն ինքնին տհաճ փաստ է, բայց երբ դրանից հետո քո ընտանիքը մեղադրվում է նրանում, որ քեզ չափից դուրս «ազատություն» է տվել, դա սարսափելի է: Ասում էին՝ «սրա կողքը չնստես, նա քեզ կփչացնի»…մոտ երկու տարի փողոցով քայլելիս ինձ որպես «բորոտի» էին վերաբերվում: Ես չէի ընտրել զոհ լինելը, ես ընտրեցի վերապրող լինելը»:

Սունիտա Քրիշնանի խոսքով՝ իրեն բռնաբարողները՝ ութ հոգի, պետք է ամաչեին իրենց արարքի համար, ոչ թե ինքը. «15 տարեկանում անցա մի բանի միջով, որը կոչվում է պիտակավորում: Ինձ բարոյազուրկ էին համարում: Հիմա 27 տարի է անցել, եւ ես շարունակում եմ իմ առաքելությունը՝ փրկել սեռական շահագործման զոհ-կանանց: Այսօր Հնդկաստանում ութ ամսական եւ տասը տարեկան երեխայի են բռնաբարում հասարակաց տներում: Ես չեմ ուզում, որ մեր զավակներն էլ նման ճակատագրի արժանանան»:

«Ավրորա» մրցանակի հավակնորդը նշեց, որ իր կազմակերպության գործունեության արդյունքում մի քանի տասնյակ հազար երեխաներ փրկվել են սեռական թրաֆիքինգից. «Տասը հազարից ավելի երեխաներ են փրկվել սեռական բռնության ճիրաններից: Այսօր ունեմ մեծ թվով համակիրներ, որոնք ամբողջ աշխարհից ինձ տեղեկություններ են հաղորդում սեռական բռնության ենթարկված երեխաների մասին»: Սունիտա Քրիշնանը նշեց, որ իր եւ իր համակիրների ջանքերով Հնդկաստանում մեկ տարի առաջ ընդունեց օրենք, որը քրեական պատասխանատվության է ենթարկում սեռական շահագործման դիմած տղամարդկանց. «Իմ եւ համակիրներիս ջանքերով «Յութուբն» արգելափակեց այն օգտատերերին, որոնք բռնաբարության տեսանյութեր էին տարածում»:

Նա նաեւ ասաց, որ նախաձեռնել է «ամոթանքի արշավ»՝ հրապարակելով բռնաբարության տեսանյութերը՝ «փակելով» միայն բռնաբարվող աղջիկների դեմքերը. «Անպատժելիության մթնոլորտը պետք է վերացնել: Ամբողջ աշխարհում սեռական հանցագործություններ կատարողները պետք է պատժվեն: Հնդկաստանում միայն հասարակաց տներում յուրաքանչյուր աղջիկ հինգ տարում 18 000 տղամարդու է «սպասարկում»: Պաշտոնական տվյալներով՝ սեռական ստրկության մեջ են գտնվում երեք միլիոնից ավելի կանայք եւ դեռահաս աղջիկներ: Բոլորին փրկել հնարավոր չէ, բայց իմ կազմակերպությանը հաջողվել է նոր կյանք վերադարձնել 18 000 կնոջ»:

Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակի հավակնորդի անունը կհայտարարվի հունիսի 10-ին:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930