Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խայծ եւ իրական վարքագիծ

Օգոստոս 08,1995 12:00

Հայաստանում ընտրություններից հետո, ըստ տրամաբանության, իրադրությունը պիտի հստակվեր կառուցողական ոգով. Սահմանադրության ընդունումը, գլխավոր ղեկակալների պահպանումը օրենսդիր, գործադիր եւ դատական մարմիններում վկայում են մեր քաղաքական եւ տնտեսական զարգացման ուղենիշերի հաստատունությունը, ընդմիջվող կետագծերը փոխվել են հոծ եւ թանձր գծերի։ Մի անգամ եւս ապացուցվեց պահպանողականության որոշիչ դերը մեր իրականության մեջ։ Հին գվարդիան մտածելակերպի իր ողջ տարսափռումով եւ անհատական վարքագծով առավել վստահելի է, քան նորեկ եւ պատրաստակամ գործունյաների ստվար բանակը, անշուշտ, նրանց էլ սպասում են «ուսադիրներ», բայց ոչ երազած աստիճանի։ Մինչ ընտրությունները լայնորեն քննարկվում էին մերձարքունական տեղաշարժերի, պաշտոնների վերաբաշխման հնարավորությունները, որոնց հիմքում ակնկալվող ծառայություններն էին, սակայն դրանք ի վերջո ընդամենը խայծ էին, որոնք նորեկներին մղում էին ուժերի գերլարման, իսկ հներին՝ սթափեցնում։

Ներքին իրադրության հարաբերական ճշգրտումը ակնհայտ է դարձնում արտաքին միջավայրի ազդեցությունը, այսինքն՝  Հայաստանը գործուն ներքաշվում է  համաշխարհային քաղաքականության ոլորտ, դրա ապացույցը  ոչ միայն նավթամուղն  է՝ իր  հավերժական  փոփոխվող ուղեգծերով, այլեւ հաճախադեպ դիվանագիտական այցելությունները, դեսպանների նշանակում-փոփոխությունները եւ Անդրկովկասում  համանման  սյուժեներով  ծավալվող  իրադարձությունները՝ ահաբեկչություն,  մահափորձեր, հեղաշրջումներ:

Հայաստանը պետք է կարողանա զգայուն որսալ ստեղծված աշխարհաքաղաքական փոփոխությունները, որովհետեւ յուրահատուկ պատմաաշխարհագրական ժառանգության բեռն առավել դժվարացնում է առաջընթացը: Անցյալի ժառանգության բաղկացուցիչ մասը հայի՝ ավանդական եւ արդիական փոփոխված կերպարների հարաբերակցությունն է, որին ավելանում է Սփյուռքի դանդաղորեն, բայց հստակ փոփոխվող քարտեզը։ Ավանդաբար ուժեղ հայկական գաղթօջախներից այսօր պահպանվել է միայն պարսկահայոց գաղութը, որը կարողացավ իսլամական հեղափոխությունից հետո վերհառնել հարաբերականորեն նվազ կորուստներով։ Արաբական հզոր գաղութները հայտնի իրադարձություններից հետո սկսեցին ճեղքվել, դրան հակակշիռ Եվրոպայի տարածքում, անգամ Սկանդինավյան երկրներում ձեւավորվեցին նոր հայկական գաղութներ, իսկ եղածները դարձան առավել բազմամարդ, թեեւ քանակի գործոնը այս դեպքում երկսայրի զենք է։ Նորեկները՝ թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքի քայքայվող գաղութներից, աչքի են ընկնում ապաքաղաքական վարքագծով, նրանք նոր կենսական տարածքներ են նվաճում՝ հանուն տնտեսական բարօրության, եւ միայն զգալի ժամանակահատված անցնելուց հետո, երբ նրանք կմերվեն իրադրությանը, հասարակական ամուր կարգավիճակ կստանան, հնարավոր կդառնա նրանց քաղաքական գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանյայց շահերի։ Մի որոշ պահի նրանք անգամ ջլատում են հին համայնքը, խոչընդոտում նրանց լոբբիստական գործունեությանը՝ իրենց բոլորից տարբերվող առտնին վարքագծով եւ արժեքների համակարգով։

Զուգահեռաբար խոշոր եւ ազդեցիկ Սփյուռք է ձեւավորվում Ռուսաստանում, այստեղ կենտրոնանում են դրամական մեծ միջոցներ եւ նոր «ռուսների» կողքին հայտնվում են նոր «ռուսահայերը», հասարակական բարձր կարգավիճակ ձեռք բերելով՝ նրանք դառնում են քաղաքականապես գործուն,

թեեւ հավակնոտ միավորներ՝ ազգայինի փոքր-ինչ առասպելական եւ զգայական ըմբռնումներով։ Անհրաժեշտ հմտության դեպքում այս նորաստեղծ կառույցները կարելի է լավագույնս նպատակամղել դեպի Ռուսաստան-Հայաստան տնտեսաքաղաքական կապերի արդյունավետության բարձրացումը ամենատարբեր ուղղություններով։

Վերոհիշյալ իրողությունների համայնապատկերում ներքաղաքական ցանկացած ցնցում, որքան էլ այն համեմված լինի ընդհանուր «սարսափազդու» հերոսներով, կարող է չեզոքացնել ազդեցության մեր ավանդական ոլորտները՝

վտանգի ենթարկելով Սփյուռքի գաղթօջախները, չեզոքացնելով նրանց քաղաքական ազդեցության ոլորտները։ Արհեստականորեն ստեղծված դատարկությունը անմիջապես կզբաղեցնեն հակառակ ուժերը։ Ներքին թշնամիների կերպարի արտահանումը՝ տվյալ դեպքում Դաշնակցության օրինակով, անվստահություն եւ զգուշավորություն կառաջացնի հայոց բոլոր քաղաքական ուժերի հանդեպ՝            տպավորություն ստեղծելով, թե մենք անկանխատեսելի պայթունավտանգ կաթսա ենք՝ անձնային եռոտանու վրա դրված։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031