Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս մեծացնել սեփականաշնորհման արդյունավետությունը

Հոկտեմբեր 12,1995 10:06

Մեր թերթի սեպտեմբերի 19-ի համարում հրապարակվել էր լրագրող Գ. Մարտիրոսյանի քննադատական հոդվածը, որն առնչվում էր սեփականաշնորհման խնդիրներին։ Երկու օր հետո ստացանք կառավարության կրքոտ, բոցաշունչ արձագանքը, որը տպագրելով, մենք բանավեճի հրավիրեցինք բոլոր շահագրգռված կողմերին։ Այսօր ներկայացնում ենք մասնագետի կարծիքը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի միջռեգիոնալ ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Թավադյանի հոդվածը։

Սեփականաշնորհման բուռն գործընթացը, ընդհանուր առմամբ նպաստելով անցմանը իրական շուկայական հարաբերություններին, մի շարք հարցեր է ծնել, որոնք անհապաղ պատասխան են պահանջում։ «Եկել է որոշակի եզրահանգումներ անելու ժամանակը, մանավանդ, որ սեփականաշնորհումը անմիջականորեն առնչվում է ոչ միայն գործարար մարդկանց, այլ ողջ բնակչության շահերին։

Սեփականաշնորհվող օբյեկտը՝ իսկապես ապրանք է, իսկ շուկան չի ընդունում վարչական միջոցներով հաստատված գները։ Այն իր օրենքներն ունի։ Իրական գները, հարկ է նկատի առնել, փոխզիջման արդյունք են՝ պայմանավորված վաճառողների եւ գնորդների շահերով։ Հետեւաբար, գինն անշուշտ որոշվում է ոչ միայն պահանջարկով, այլեւ առաջարկով։

Սակայն նկատված է, որ շուկայական գինը կարող է աղճատվել արտադրողի կամ սպառողի մենաշնորհի դեպքում։ Գնի աղճատումը, ցավոք սրտի, կարող է լինել նաեւ այն ժամանակ, երբ ապրանքի տերը շուկայում անմիջականորեն հանդես չի գալիս, իսկ նրա ներկայացուցիչը բավարար չափով չի վերահսկվում եւ ուղղակիորեն շահագրգռված չէ պաշտպանել սեփականատիրոջ շահերը։

Տնտեսական գործունեության շարժառիթների հիմնական մեխանիզմները վաղուց արդեն հետազոտված են։ Դեռեւս 1776թ. Ադամ Սմիթը գրել է, որ մարդը հետամուտ է լինում իր անձնական շահերին։ Ազատության, եւ ընդգծեմ՝ մրցակցության պայմաններում նա բազմապատկում է նաեւ մեր ընդհանուր հարստությունը։

Սակայն այդ ազատ գործունեության արդյունքը ավելի մեծ կլինի, եթե հասարակությունը հոգ տանի օրենքների համակարգի՝ «խաղի» կանոնների ստեղծման մասին, որոնք մարդկանց կընտելացնեն այն բանին, որ օրինավոր չլինելը շահավետ չէ ինչպես տնտեսապես, այնպես էլ իրավաբանորեն։ Սակայն, վերադառնանք մեր սեփականաշնորհմանը: Այն, որ յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի գնորդները քիչ են եւ կարող են գործել կորպորատիվ, եւ այն, որ սեփականատիրոջ շահերը (տվյալ դեպքում՝ պետության) պաշտպանվում են ոչ բավարար արդյունավետ, ակնհայտ է։

Դժվար է ժխտել նաեւ, որ կան իրական գինը նվազեցնող գործոններ։ Եվ այս դեպքում ում ավելի շատ մեղադրել. գնորդների՞ն, ովքեր առաջնորդվում են Ադամ Սմիթի նշած տրամաբանությամբ, թե՞ «մեղավոր» են սեփականաշնորհման կիրառվող մեթոդներն ու մոտեցումները, որոնք հաշվի չեն առնում տվյալ տրամաբանությունը։ Կարծում եմ, պատասխանը պարզ է բոլորին։

Հատկապես սխալ է իրական շուկայական հարաբերությունների դեռեւս չհաստատված պայմաններում պնդել, թե մեկնարկային գինը ինչ մեթոդիկայով էլ որոշվի, միեւնույն է, աճուրդը ամեն ինչ կճշգրտի։ Նախ՝ անմիջապես ծագում է այն հարցը, թե այդ դեպքում ընդհանրապես ինչի՞ համար է մեթոդիկան եւ ի՞նչ հարկ կա այն պաշտպանել այդպիսի ջերմեռանդությամբ։ Բացի այդ վստահ եմ, որ ակնհայտ նվազեցված մեկնարկային գնի դեպքում շուկայական իրական գինը, մի շարք պատճառներով, կձեւավորվի հատուկենտ դեպքերում։ Գնորդի անձնական շահը թույլ չի տա: Այն շուկան, որտեղ գնորդը չափազանց ակտիվ դեր է խաղում, իսկ վաճառողը ակնհայտորեն պասիվ, հազիվ թե հանգեցնի իրական փոխզիջման, եւ համապատասխան շուկայական գինը կարող է հաստատվել միայն պատահաբար:

Մեկնարկային գինն, անտարակույս, շուկայական գինը չէ: Դա այլ դեր է կատարում։ Այն պաշտպանում է վաճառողի շահերը, ցույց տալով, որ դրանից ցածր վերարտադրությունը վաճառողի համար անհնար է: Տվյալ թվից ցածր վաճառքի դեպքում հասարակությունն ուղղակի կորուստներ է կրում, որոնք, ցավոք, երբեմն անխուսափելի են (բայց, անշուշտ ոչ միշտ): Եվ եթե ձեռնարկությունը աճուրդում գնահատվում է մեկնարկային գնից, ավելին՝ ինքնարժեքից ցածր, ապա պետք չէ դա հեշտությամբ ընդունել որպես շուկայական գին: Այդ պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել իրավիճակի լրացուցիչ վերլուծությունը, շահութաբերության վրա ժամանակավորապես ազդող գործոնները՝ շրջափակում, էներգետիկական ճգնաժամ, հումքի բացակայություն, ձեռնարկության պարտքեր եւ այլն։

Միայն վերլուծությունը կարող է ցույց տալ, թե պե՞տք է արդյոք ձեռնարկության վերակառուցում, կա՞ արդյոք հումք, ձեռնարկությունը պարտատե՞ր է, ի՞նչ դեր է խաղացել գնորդի ճնշման գործոնը, էլ չենք խոսում պարզապես չարաշահումների մասին։ Համենայնդեպս մի շարք դեպքերում միայն լրացուցիչ ուսումնասիրությունից հետո կարելի է թույլ տալ նման օբյեկտի վաճառքը՝ Ազգային ժողովի խիստ հսկողության ներքո: Իսկ ամեն ինչ թողնել գնորդի հայեցողությանը եւ գործել «ինչ էլ տան, լավ է», սկզբունքով, նշանակում է ակամա նպաստել ակնհայտորեն ցածր գների հաստատմանը: Այդ պարագայում, անշուշտ, մեթոդիկայի եւ առավել եւս՝ շուկայի մարքետինգի հարցում ինչ-որ բան կարգին չէ:

Իհարկե. մեկնարկային գինն էլ հստակ որոշել հնարավոր չէ: Սակայն տարբեր օբյեկտների մեկնարկային եւ վաճառվող գների միջեւ չափազանց մեծ տարբերությունը, այդուհանդերձ, անթույլատրելի է։ Նկատի առնելով վերն ասվածը, այս պարագայում բյուջետային էական կորուստները, տնտեսական ներուժի նվազումը, նաեւ սոցիալական դժգոհությունը, անպայմանորեն կուղեկցեն սեփականաշնորհմանը:

Հարկ է նշել, որ, անտարակույս, ձեռնարկության շահութաբերությունը եւ նրա շուկայական գինը ուղղակիորեն փոխկապակցված են։ Սակայն, հատկապես հաշվի առնելով, որ գնորդը հաճախ կարող է ազդել շահութաբերության վրա, հարկավոր է գոնե մոտավորապես որոշել, թե փաստացի շահութաբերությունը որքանո՞վ է համապատասխանում իրականին։ Հստակ որոշել իրական շահութաբերությունը նույնպես բարդ խնդիր է, սակայն մոտավոր գնահատական տալը, որն անհրաժեշտ է մեկնարկային գինը որոշելու համար, լիովին հնարավոր է:

Չեմ կարող համաձայնել եւ այն մտքին, թե ինչքան շուտ վաճառվի ձեռնարկությունը, այնքան լավ։ Տնտեսության մեջ ժամանակն էլ է գնահատվում: Եթե ձեռնարկությունը ամբողջ հզորությամբ չի աշխատում, ասենք՝ շրջափակման պատճառով, ապա պետք է պարզել, թե հնարավոր չէ՞ արդյոք որոշակի ժամանակ սպասելուց հետո վաճառել ավելի թանկ գնով։ Համենայնդեպս, գոնե հստակ պատասխան է պետք այն հարցին, թե այսօրվա գինը՝ գումարած վճարվելիք հարկերը, համադրելի՞ են, թե՞ գերազանցում են նորմալ պայմաններում գտնվող ձեռնարկության արժեքին։ Միայն այդ դեպքում կարելի է որոշել, թե որն է լավ մեր բյուջեի համար՝ արա՞գ վաճառել, թե՞ ոչ։

Բնակարանների վաճառքի կենցաղային օրինակները չեն համոզում՝ այդ ոլորտում գործում են այլ մեխանիզմներ։ Եվ այն պնդումը, թե բնակարանների շուկայական գինը ինքնարժեքից 10 անգամ ցածր է, չափազանց վիճելի է։ Առավել եւս, որ մի շարք պատճառներով, բնակարանների գինը, ըստ գոտիների, էականորեն տարբեր է:

Սխալ է նաեւ այն պնդումը, թե ի տարբերություն ձեռնարկությունների, առաջին անհրաժեշտության ապրանքների գինը կարելի է նախապես որոշել։ Բոլոր գները որոշում է շուկան, միայն թե յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, որը պարտադիր պետք է վերլուծել եւ հաշվի առնել։

Վերջապես, ուզում եմ նշել, որ տնտեսական բոլոր համակարգերում, որպես այբբենական ճշմարտություն, որպես անխախտ օրենք, ընդունվում է հետեւյալը. «Եթե տնտեսական գործունեությունը իրականացնում է ո՛չ սեփականատերը, եւ որոշում ընդունողը անմիջականորեն շահագրգռված չէ գործի արդյունքներով, պատասխանատու չէ դրանց համար եւ, միեւնույն ժամանակ, այդ տնտեսական գործունեությունը իրականում չի վերահսկվում, ապա չարաշահումներն անխուսափելի են»։

Նաեւ այդ պատճառով էլ ես սեփականաշնորհման ակտիվ կողմնակից եմ։ Սակայն այդ գործընթացն, անշուշտ, խիստ վերահսկողություն է պահանջում, ինչպես նաեւ սեփականաշնորհումն իրականացնող աշխատակիցների անմիջական խթանում։

Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ առաջին հերթին անել արդեն այսօր։

1. Խիստ հսկողություն սահմանել Ազգային ժողովի կողմից, մանավանդ, որ Սահմանադրությամբ համապատասխան կառուցվածք այդտեղ նախատեսված է։

2. Անպայմանորեն Ազգային ժողովի եզրակացությունը տալ, եթե օբյեկտը վաճառվել է ինքնարժեքից ցածր եւ մանավանդ, եթե այն ձեռք են բերել տվյալ ձեռնարկության ղեկավարները:

3. Անհրաժեշտ է օրինական ձեւով պարգեւատրել այն բոլոր աշխատակիցներին, ովքեր առնչվում են սեփականաշնորհմանը՝ ուղղակիորեն ելնելով օբյեկտի մեկնարկային եւ շուկայական փոխհարաբերությունից, միաժամանակ նկատի առնելով աշխատակիցների պատասխանատվությունը։

4. Մեկնարկային գինը որոշելու համար պետք է ճշտումներ մտցնել մեթոդիկայում՝ հաշվի առնելով օբյեկտի հնարավոր իրական շահութաբերությունը, ինչպես նաեւ անցկացնել վաճառվող օբյեկտների մարքետինգ։

Եվ վերջապես:

Պետք չէ նեղանալ լրագրողներից։ Մասնագետ չլինելով հանդերձ, նրանք լիովին կարող են չբավարարվել վերջնական արդյունքով, որը ակնհայտորեն լավագույնը չէ։ Պետք չէ նմանվել այն բժշկին, որը պնդում է, թե բուժման մեթոդիկան լավն է, իսկ ահա հիվանդների օրգանիզմը՝ վատը, հարվածային չափաբաժիններին չի դիմանում: Բուժողը միշտ էլ կասի, թե չիմանալով

մեթոդիկայի բոլոր նրբությունները, շահագրգիռ անձինք, բուժվողները, արդյունքներով դատելու իրավունք չունեն: Բայց այն, որ մեթոդիկան եւ նման դեպքերում կիրառվող մոտեցումները շտկումներ են պահանջում, ակնհայտ է եւ ոչ մասնագետին։ Այլ բան է, որ դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները: Բարեբախտաբար, բժշկության մեջ կա «Մի վնասիր» սկզբունքը։ Կարծում եմ, որ տնտեսության մասնագետներին նույնպես չի

խանգարի հետեւել այդ սկզբունքին։

Աշոտ ԹԱՎԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031