Լրահոս
Օրվա լրահոսը

 Արդյոք պատրաստ են ադրբեջանցիների հետ համակեցությանը, եթե միջազգային հանրությունը երաշխավորի խաղաղություն եւ անվտանգություն, շուրջ 82 տոկոսը նշել է, որ այդպիսի համակեցության պատրաստ չէ

Մայիս 03,2024 16:37

Gallup International Association -ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց ապրիլի 22-25-ը անցկացրած «Քաղաքական ցիստիտ» խորագրով հարցման արդյունքները։ Նրա խոսքով, ընդհանուր քաղաքական դաշտը շատ մոտ է ցիստիտային վիճակին, ինչպես երիտասարդ Սամվել Վարդանյանի խոշտանգման ժամանակ, երբ նրան ոստիկանական բաժին ուղեկցող երկու ոստիկանները միաժամանակ բնական կարիքները հոգալու պահանջ էին զգացել։

Հանրապետությունում հարցման ենթարկված 1100 մարդկանցից միայն 7 տոկոսն է ճիշտ պատասխանել հարցին, թե երբ է ավարտվել երկրորդ համաշխարհային պատերազմը (1945թ. սեպտեմբերի 2)։

Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, հարցվածների 71 տոկոսը միանշանակ համարել է կարեւոր օր։

ԽՍՀՄ փլուզմանը դրական է վերաբերվել 25,7 տոկոսը՝ գնահատելով, որ Հայաստանը թեւակոխել է զարգացման նոր փուլ, չեզոք է եղել 27,9 տոկոսը, իսկ 24,9 տոկոսը դա համարել է ողբերգություն եւ սխալ:

Խորհրդային Միության կազմում Հայաստանի եւ Ռուսաստանի միասնական պատմական անցյալին որպես դրական գործոն վերաբերվում է հարցվածների մեծամասնությունը։

Մինչեւ 2021 թվականը Հայաստանում եւ Արցախում մայիսի 9-ը նշվում էր որպես եռատոն։ Թե դրանք ինչ տոներ էին, Շուշիի ազատագրման տոն նշել է 70 տոկոսը, 70,1 տոկոսը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը եւ 23,9 տոկոսը՝ Արցախի պաշտպանության բանակի տարեդարձը։

Հարցեր էր առաջարկել նաեւ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Մասնավորապես, թե հանուն իշխանափոխության որ դեպքում դուրս կգան պայքարի, հարցման մասնակիցները նշել են Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելը, նոր պատերազմը, ուժեղ, կամային հատկանիշներով օժտված լիդերի, իշխանափոխության հստակ օրակարգով քաղաքական ուժի առկայության պարագան, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը։ Ուշագրավ է, որ 36,8 տոկոսը պատրաստ չէ դուրս գալ պայքարի։

Արդյոք պատրաստ են ադրբեջանցիների հետ համակեցությանը, եթե միջազգային հանրությունը երաշխավորի խաղաղություն եւ անվտանգություն, շուրջ 82 տոկոսը նշել է, որ այդպիսի համակեցության պատրաստ չէ։

Հայոց ցեղասպանությունը ողբերգություն է համարում 84,2 տոկոսը եւ համարում է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է ամրագրվի երկրի սահմանադրության մեջ։

Իսկ ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անունները ճշտելու՝ քպական պատգամավորի հայտարարությունը գրեթե 54 տոկոսը համարում է թուրքական ծրագիր։

Aravot.am-ը հանդիպմանը ներկա քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանից փորձեց տեղեկանալ, թե նրա կարծիքով ինչու է իշխանությունը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ համառորեն ցանկանում ժողովրդին պարտադրել ադրբեջանցիների հետ ապրել կողք-կողքի, երբ մարդիկ դեմ են դրան, չեն ուզում։ «Իրականությունն այն է, որ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու համար ադրբեջանցին սպառնալիք է, կիրառական սպառնալիք է։ Իսկ իշխանությունները պատվիրակված գործընթացի մաս են կազմում։ Հանձնարարություններ են վերցրել, ընդ որում, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իմաստով, եւ փորձելու են այն միջոցներով, ինչին տիրապետում են այս պահին՝ ֆինանսներ եւ ուժային ռեսուրսներ, այն ծրագրերը, որի մաս են կազմում եւ որոնք արդեն ստորագրել են, իրականություն դարձնել ամեն գնով։ Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք օպերատիվ ռեժիմով»,-պատասխանեց պարոն Ղեւոնդյանը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031