Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեն ուղարկվեց լրամշակման

Դեկտեմբեր 06,1995 10:41

Երշիկի բաղադրությունն ըստ Լ. Հակոբյանի

Երեկ խորհրդարանական եռօրյան բացվեց բյուջեի նախագծի շուրջ պատգամավորների ելույթներով, որոնց մի մասը, դուրս գալով զուտ բյուջետային շրջանակներից, վերաճում էին Հայաստանի ընդհանուր քաղաքական-տնտեսական զարգացման ուղիների հաստատման։ Այսպես՝ Պարույր Հայրիկյանը անդրադարձավ հանրապետության նախագահ եւ վարչապետ պաշտոնների տարանջատմանը։ Քանի որ նախագահական կառավարում հաստատելու դափնիներն անվերապահորեն ԱՄԻ-Ք-ինն են, ապա նա առաջարկեց նախագահի եւ վարչապետի համատեղում, այս քայլը, բացի զուտ տեսական օգուտներից, կհանգեցնի 0,5 մլրդ դրամ խնայողության։ «Այսօր ո՞վ է զգում հանրապետությունում, որ նախագահ կա, վարչապետ կա, իսկ նախագա՞հ…»։ Հռետորական այս հարցման մեջ արդեն պատասխան կար։ Պ. Հայրիկյանը համոզված է, որ մեզ Անգլիայի թագուհի պետք չէ, պետք է գործուն նախագահ-վարչապետ։

Զուտ բյուջեի առնչությամբ, անկախ կուսակցական պատկանելությունից, պատգամավորական մտահոգությունների առանցքում հետեւյալ հարցերն

են. ա) կրթություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ, բ) բյուջեի դեֆիցիտը եւ մարման աղբյուրները, գ) հարկային քաղաքականություն, դ) միջազգային վարկեր եւ ե) տնտեսության ստվերայնություն, կառավարական կառույցներում քրեականացման միտումը։ Պաշտպանությանը եւ ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրները քննարկվեցին կարճաժամկետ փակ նիստում:

ՀԿԿ խմբակցությունը դարձյալ աչքի ընկավ ելույթների զգացմունքայնությամբ՝ հանձինս պատգամավորներ Լեոնիդ Հակոբյանի եւ Խորեն Սարգսյանի: Կրթական ոլորտի վերաբերյալ հնչած քննադատությունն ամբողջացավ Լ. Հակոբյանի խոսքերում. խորհրդարանը թույլ չի տա, որ լուսավորության նախարարությունը վերածվի խավարի նախարարության։ Միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի կապակցությամբ նա նշեց, որ դրանք իրականում քաղաքական, եւ ոչ թե տնտեսական վարկեր են՝ հեռագնա նպատակներով։ Այդ վարկերի կիրառման արդյունավետությունը միայն կբերի տնտեսական զարգացման։ Հայաստանը առաջին տեղում է միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի առումով, բայց դա ընդամենը աղքատության ցուցանիշ է: Որոշակիացնելով արդեն քանիցս հնչող ստվերայնությունը՝ պատգամավորը արձանագրեց, որ գողության գործակիցը տատանվում է նախարարությունից նախարարություն։ Այս տեսանկյունից առաջնության դափնիները պատկանում են պարենի եւ թեթեւ արդյունաբերության ճյուղերին։ ՆԳՆ-ի հետ մեկտեղ՝ առաջարկվեց հաշվարկել կառավարական բոլոր մեքենաները 92-ից մինչ այսօր ձեռք բերված, եւ ապա վաճառել դրանք իրենց տերերին։ Ստացված գումարներով կարելի է մարել ավանդատուների պարտքերը։ Լեոնիդ Հակոբյանը չմոռացավ քննադատել նաեւ ներմուծվող սննդամթերքի որակը, անձնական նախաձեռնության կատարված ստուգումները հանգում են տխուր թվերի. երշիկեղենի միայն 22-23 տոկոսն է միս, 16 տոկոսը օսլա է, իսկ մնացյալը՝ ստվարաթուղթ: Այսինքն` տեղական արտադրանքները, որքան էլ անհրապույր թվան, առավել գերադասելի են։

Խորեն Սարգսյանը անձնավորեց քննադատությունը՝ թվերի ոլորտից տեղափոխվելով անձնային։ Պարույր Սեւակի բանաստեղծական տողի վերաձեւմամբ՝ «կառավարություն կա, որը ժողովրդին է շալակած տանում, իսկ կառավարություն կա, որ ժողովրդի շալակն է ելել, ժամանակն է իջնելու»: Գրիգոր Ավագյանը, անդրադառնալով կառավարության ներքին կազմակերպական կառույցներին, փաստեց էկոնոմիկայի նախարարության իրավասությունների ուռճացումը. յուրաքանչյուր կառույց ինքը կարող է տնօրինել անհրաժեշտ գումարները: Ուշադրության կենտրոնում դարձյալ խաղողագործության «դժբախտ» պատմությունն էր: Առաջարկվեց վերստին անդրադառնալ ակցիզային հարկի օրենքին՝ բարձրացնելով ներմուծվող սպիրտային խմիչքներից գանձվող ակցիզը՝ 100-120 տոկոսով, որը կխթանի տեղական գինեգործությունը եւ սպիրտարտադրությունը:

Ընդմիջումից հետո պատգամավորական խմբակցությունները իրենց վերաբերմունքն արտահայտեցին դեպի բյուջեն: ԱԻՄ-ը եւ ԱԺՄ-ն հավաստեցին իրենց մերժումը. Ներսես Զեյնալվանդյանը բյուջետային քննարկումները համարեց ներկայացում, որին ԱԻՄ-Ք-ն չի մասնակցի։ Շավարշ Քոչարյանը Հայաստանի տնտեսական զարգացման երաշխիքներ համարեց երեք գործոն, ա) Սփյուռքը, որը Սահմանադրությունից բխող քաղաքացիության օրենքով օտարվեց, բ) գիտական ներուժը, այն եւս կառավարության դիրքորոշման պատճառով փոշիանում է եւ գ) հայկական աշխատասիրությունը՝ սոցիալական անարդար քաղաքականության հետեւանքով ձեւախեղվող։ ՀԿԿ խմբակցության կողմից կառավարության բյուջետային գործելակերպը նմանվեց չարաճճի երեխայի, որը ձեռքը մտցնում է վարդակի մեջ եւ սպասում՝ հոսանքը կխփի, թե ոչ: Երեխաներին հեռու պահեք վարդակներից։ Արդյունքում ՀԿԿ-ն մերժում է այս նախագիծը՝ չայրելով կամուրջները: Սոցիալական քաղաքականության շտկումներից հետո փոխհամաձայնությունը հնարավոր է: «Շամիրամ» խմբակցության նախագահ Գայանե Սարուխանյանը կառավարությանը եւս մեկ հնարավորություն տվեց իրացնելու իր ներուժը՝ զգուշացնելով, սակայն, որ գալիք տարի հօգուտ նման բյուջեի իրենք չեն քվեարկի։ «Բարեփոխումների» կողմից Արմեն Մարտիրոսյանը վերհանեց օրենսդրական խախտումները. ըստ Սահմանադրության՝ բյուջեն պետք է ընդունի Վերահսկիչ պալատը, որն այդպես էլ չի կազմավորվում: Հարգենք Սահմանադրությունը։ Կասկածի ենթարկվեցին կառավարության ներկայացրած տնտեսական ցուցանիշները։ «Բարեփոխումները» կանխագուշակումների առավել մեծ հմտություն ունեն. այսպես՝ «ակցիզային օրենքի առիթով կառավարությունը պնդում էր, որ գները կաճեն 5-10 տոկոսով, բայց, ավաղ, արդարացան 25 տոկոսին վերաբերող իրենց գուշակումները: Բարեփոխիչները կողմ կքվեարկեն բյուջեի այս նախագծին միայն համապատասխան լրամշակումներից հետո:

«Հանրապետություն» միավորման անունից Արա Սահակյանը պատասխան ելույթ հղեց իր գործընկեր պատգամավորներին, քննադատության նիզակներն ուղղվեցին հատկապես դեպի կոմունիստները եւ ազգային ժողովրդավարները: ԱԺ նախագահի տեղակալը, անշուշտ, համոզված է, որ բյուջեի այս նախագիծն ունի թերություններ եւ Հայաստանի տնտեսությունը ստվերային է, սակայն, այս ամենի հիմքում 70-ամյա ծանր ժառանգությունն է՝ կոմունիստական «փտած, նեխած Սովետ Միության»։ ԱԺՄ-ն մեղադրվեց հանրապետության տնտեսությունը «թայֆա» բառով բնորոշելու համար. «Իրականում եթե կան ինչ-որ թայֆաներ, ապա դուք ընդամենը դրանք քողարկում եք»։ Այս խմբակցությունը, մերժելով ամեն ինչ, չի նպաստում արդյունավետ աշխատանքին, վկան՝ նրանց բացակայությունները, խմբակցությունը մասնակցել է մինչ այժմ կայացած քվեարկությունների ընդամենը 1/3-ին:

Ամփոփելով քննարկումների արդյունքը՝ ԱԺ նախագահի տեղակալ Կարապետ Ռուբինյանը վկայեց, որ կառավարությունն ի սկզբանե ԱԺ-ի առջեւ խոչընդոտներ էր ստեղծել՝ բերելով մի այնպիսի փաստաթուղթ, որի քննարկումների 80-90 տոկոսը պատգամավորները ծախսեցին՝ ճշտելու ինչ-որ թվեր, տեղեկանքներ։ Այսպիսով, համաձայն ԱԺ կանոնակարգի՝ 17.08 հայտարարվեց բյուջետային քննարկումների ընդմիջում. 24 ժամվա ընթացքում շահագրգիռ պատգամավորները պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները, իսկ կառավարությունը մեկ շաբաթում պետք է պատասխանի: Արդյունքում կորոշվի բյուջեի, այսինքն՝ կառավարության ճակատագիրը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031