Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործ ունենք կոռուպցիոն խմբի խիստ վտանգավոր հանցագործության հետ»․ Պարույր Հայրիկյանը եւ մյուսները պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Մարտ 07,2024 20:10

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու այլ գործիչներ Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր պահանջեցին ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

Պարույր Հայրիկյանն ասաց, որ մոտ երկու շաբաթ առաջ դատախազությանը ներկայացրել են գրություն՝ հայտարարություն կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ։ Հայրիկյանն ասաց, որ այդ հայտարարությունը վերաբերում է այն իրողությանը, որ ՀՀ վարչապետի կողմից դեռեւս 2020 թվականից սկսված եւ այդպես էլ կյանքի չկոչված սահմանադրական բարեփոխումների գործն իրականում ծավալուն խմբակային կոռուպցիոն հանցագործության քողածածկույթ է։

«Հայաստան պետության բոլոր իրավապահները պարտավոր են անհապաղ միջոցներ ձեռնարկել պետության իրավական բովանդակության դեմ ուղղված, պետությանը հսկայական վնասներ պատճառած այս շարունակական հանցագործությունը կասեցնելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Որպեսզի մերկապարանոց չլինի, ասեմ, որ 200 մլն դրամից ավելի գումար է ծախսվել։ Ոչ թե մենք պետք է դիմեինք դատախազություն, այլ դատախազությունն ինքը պետք է արդեն գործ հարուցած լիներ, գոնե հարցումներ ուղարկած լիներ՝ այս ի՞նչ եղավ, նորմատիվ իրավական ակտ եք ընդունել, Հայաստանն իրավական պետություն է, դուք պետք է ձեր ընդունած նորմատիվ իրավական ակտերը կատարեք ամենայան բարեխղճությամբ։ Անցյալ տարվա հուլիսին ՀՀ Գլխավոր դատախազությունն իմ հայտարարությունն առ այն, որ խախտված է հայեցակարգի համար սահմանված ժամկետը, փոխանցել է Քննչական կոմիտե։ Սակայն այն անհետեւանք, ավելին՝ անարձագանք է մնացել»,- ասաց Հայրիկյանը:

Նա հայտարարեց, որ այսօր արդեն խախտված է նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու ժամկետը․ նախագիծը պետք է ներկայացվեր 2023 թվականի հունիսին։ Այսինքն՝ կատարված չէ իրավական ակտով, վարչապետի որոշմամբ նախատեսված գործը, որի համար պետությունը հատկացրել է հարյուրավոր միլիոն դրամներ։

«Գործ ունենք ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված մի շարք կոռուպցիոն հանցագործությունների հետ, ամենամեղմն անփութությունն է եւ իշխանության չարաշահումը, ապօրինի աշխատավարձերի հատկացումը, իրավական ակտի բովանդակության աղավաղումը։ Սակայն ամենակարեւորն այն է, որ այս կոռուպցիոն խումը ոտնձգություն է կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սրբության սրբոց, անփոփոխելի «Հայաստանը իրավական պետություն է» դրույթի դեմ։ Հույս ենք հայտնում, որ Գլխավոր դատախազությունը կգիտակցի իր պատասխանատվությունը եւ այս անգամ հետեւողական կլինի իր պարտականությունները կատարելու հարցում»,- ասաց Հայրիկյանը։

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը փոխանցեց, որ իրենք իրավասություն չունեն դուրս գալ եւ մասնակցել քաղաքական բովանդակություն ունեցող հանրահավաքին։ «Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ մեր դիմումին ընթացք է տրված, դիմումը փոխանցված է Քննչական կոմիտե, ասաց, որ իրենք հետեւողական կլինեն այդ դիմումի քննության ընթացքի վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ այս բնույթի հանցագործությունները ոչ թե պետք է ուղղակի փոխանցվեին Քննչական կոմիտե, այլ պետք է որոշակի կարծիք լիներ նաեւ Գլխավոր դատախազության կողմից հարցը ներկայացնողներին։ Իսկապես մենք գործ ունենք կոռուպցիոն խմբի խիստ վտանգավոր հանցագործության հետ»,- ասաց Հայրիկյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031