Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Լուսիկյան (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ, երգահան). Արվեստագետը պետք է ապացուցի, որ ինքը արժեք ունի

Դեկտեմբեր 06,1995 19:09

Այսօր գոյություն ունի պետություն՝ արդեն կայացած պետություն, եւ նրա մեջ ծավալվող մշակութային գործունեություն։ Դա նշանակում է նաեւ, որ կա մարդկանց մի մեծ խումբ, որ գործում են այս բնագավառում։ Բնական է, որ մարդիկ ունեն սպասելիքներ իրենց պետությունից, իբրեւ հովանավորություն։ Պրոբլեմը հետեւյալն է. շուկայական հարաբերությունները պե՞տք է մուտք գործեն այս ասպարեզ, թե՞… Այս հարցի մեջ հոգեբանական մի խնդիր կա, իմ կարծիքով հիվանդագին խնդիր, ստեղծվել է մի վիճակ, երբ պետությունը կարծես արվեստագետին պարտք է։ Այսինքն, արվեստագետը մեծ լավություն է անում պետությանը, որ ինքը արվեստով է զբաղվում։ Ես կուզեի, որպեսզի մենք կարողանանք, որքան էլ, որ դա դժվար լինի, ռեալ դատողությունը տարանջատել տարերային ցանկություններից։ Փաստը հետեւյալն է. կայացած մի պետության մեջ արվեստագետը պետք է ապացուցի, որ ինքը արժեք ունի։ Իհարկե, դա ենթադրում է նպաստավոր դաշտի, պայմանների առկայություն, հնարավորություն ապացուցելու սեփական ասելիքը, ինչու չէ, նաեւ երկրի պատվավոր անունը կրելու իրավունքը։

Այս տարի բոլոր թատրոնները պետական պատվերներ են ստացել, երաժշտական կոլեկտիվները նույնպես հովանավորվում են, բայց, էլի եմ կրկնում, ես չեմ գտնում, որ մեր այսօրվա մշակույթի էական պրոբլեմները զուտ սոցիալական են։ Օրինակ, ժողովրդական երաժշտության ասպարեզը. կան պետական ժողովրդական կոլեկտիվներ, որոնք ունեն պետական կարգավիճակ։ Ճգնաժամ է ապրում այս ոլորտը, որովհետեւ այսօր նրանց կողքին հանրապետությունում կան բազմաթիվ նույնատիպ խմբեր, որոնք գործում են, հրավերներ են ստանում, հյուրախաղերի են գնում, փառատոների են մասնակցում։ Սրանք ապացուցում են իրենց գոյության իրավունքը, բայց պետությունից աշխատավարձ են ստանում մարդիկ, որոնք ընդհանրապես բեմ դուրս չեն գալիս։ Սխալը հենց այստեղ է, այն մտայնության մեջ, թե արվեստագետը պետությունից պետք է գումար վաստակի։ Ոչ։ Պետությունը նրա համար կարող է պայման ստեղծել, ավելի մեծ գումարներ ծախսել նույնիսկ պայման ստեղծելու մեջ, քան այդ աշխատավարձն է։ Բայց հարցը սկզբունքային է։ Չէ՞ որ պայմանը ստեղծվում է, որպեսզի նա վաստակի կամ ապացուցի, կամ կայանա… Մենք ունենք կամերային դահլիճ, որն ամեն օր լեփ-լեցուն է։ Պետությունը պահում է դահլիճը, այսինքն` պայման է ստեղծում։ Ստեղծված են օրենքներ, հնարավորություններ, որոնք հսկայական ազատություն են տալիս օգտվելու այս պահից։ Ես կաղապարներ չեմ տեսնում։ Ես շատ կուզենայի, որպեսզի գիտակցվի այն իրողությունը., որ այսուհետ պետք է աշխատենք ծրագրերով, այսինքն, ֆինանսավորվելու են ծրագրերը։ Ամբողջ մշակութային գործունեությունը, որ ծավալվում է մեր երկրում, նույնպես ծրագիր է։ Եթե ասենք, թե մեր մշակույթին քիչ գումարներ են տրամադրվում, դա ուղղակի սուտ կլինի։ Հսկայական գումարներ են տրամադրվում, բայց տրամադրվում է հսկայական մի ցանցի, որի օղակներից շատերը պատմության, ժամանակի, ճակատագրի բերումով մշտական գրանցում են ստացել այդ ցանցի մեջ։ Եվ միայն դրա համար, այսպես կոչված ցանցի աշխատողը պետք է գումար ստանա անպայման, որովհետեւ ինքը աշխատանքային գրքույկ ունի։ Չգործող օրգանիզմներ այսօր գոյություն ունեն Հայաստանում։ Ես չեմ ուզում այդ կոլեկտիվների անունները տալ, իրենք լավ գիտեն։ Չկան այդ կոլեկտիվներն այլեւս, եւ պետք չէ ապավինել

անցյալին, թեկուզեւ 50 եւ ավելի տարիների փառապանծ ուղուն։ Անցյալն անցել է… Այստեղ արժանապատվորեն դուրս գալու հարցն է, մի նուրբ հարց, որը ցավոք սրտի, մեզ մոտ արդեն ճգնաժամ է ապրում։ Այն տպավորությունն է ստեղծվում, թե մերժված մարդիկ կան։ Փառք Աստծո, մեծերը, որ այսօր էլ կան մեր արվեստում, իսկապես գործող մարդիկ են։ Նրանք իսկական մտավորականներ են։ Արվեստով զբաղվելը, մշակույթ պահպանելը նրանց համար այն է, ինչ իրենց երկիրն ու երկրի սահմանները պաշտպանելը։ Սա իսկապես պահանջում է եւ կրթություն, եւ ավանդույթ, իսկական արվեստագետի հատկանիշներ, եւ ինչու չէ՝ նաեւ Աստծուց տրված ձիրք։

Մեզանում հաճախ շեշտվում է, որ մենք մշակութային ազգ ենք, առանց մշակույթի մեր ժողովուրդը չկա, որ մենք դրսում կարող ենք միայն մշակույթ ներկայացնել։ Իհարկե, դա այդպես է, բայց դա չի կարելի դարձնել այսօրվա անգործունեության արդարացում, էլ չեմ ասում՝ վարձատրվելու պահանջ։ Կուզենայի, որպեսզի մշակույթում եղած հարցերը միայն սոցիալական հարցերի հետ չկապվեն։ Պահը անցումային է եւ, նորից եմ կրկնում, ցավոտ։ Կեղծն ու շիտակը, մոլորությունն ու սուտը իրարից տարբերելու համար մեծ զգուշություն է պահանջվում։ Կեղծ մտավորականների մի խումբ գոյություն ունի, որը չգիտես ինչից ում է պաշտպանում, մշակույթը ուզում է անպայման «փրկի»։ Իհարկե, որոշ մարդկանց վրա դա ազդում է։ Բայց դրա կողքին երիտասարդների հսկայական մի խումբ կա, որը գումարների «զբաղեցրած» տեղաբաշխման պատճառով պետությունից ֆինանսավորվելու շանսն է կորցնում։ Օրինակ, ես կուզենայի այս տարի ֆինանսավորվեր Գյումրիի երգչախումբը, հիանալի երգչախումբ է, բայց փողերը, ցավոք սրտի, զբաղված են…

Այս տարի մենք հստակ ծրագիր ունենք, եւ գործընթացն անպայման կսկսենք, որպեսզի մշակույթին տրված գումարները ճիշտ տեղաբաշխվեն, որպեսզի նոր ստեղծվող կոլեկտիվները կարողանան ֆինանսավորվել: Սա արդեն ծրագիր է, որը, կարծում եմ, կիրագործվի, սրա հետ համաձայն են համարյա թե բոլորը: Եկել է ժամանակը, եկել է պահը:

 

Գրի առավ Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031