Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում միակ պետությունն ենք, որտեղ անդադար խոսում են պետականության հնարավոր կորստի ու պատերազմի մասին»․ Գեղամ Նազարյան

Ապրիլ 11,2024 13:49

«Պետությունը զարգացնելու, դժվարին իրավիճակից դուրս բերելու, բարգավաճելու եւ առաջընթաց ապահովելու համար պարտադիր չէ, որ պատմական Հայաստանը հակադրենք Հայաստանի Հանրապետությանը կամ հայտարարենք, թե հայրենիքը միայն ՀՀ տարածքն է։ Պետությունը նյութական է, իսկ հայրենիքը հոգեւոր, որը պարտադիր չէ, որ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններ ունենա»,- ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Պատմական Հայաստանին պետք չէ մեղադրել մեր դժբախտությունների մեջ, չնայած յուրաքանչյուր հայ պետք է մտածի, թե ինչու հույնը չունի պատմական Հունաստան, իտալացին չունի պատմական Իտալիա կամ գերմանացին՝ պատմական Գերմանիա։ Պատմականը, չգիտես ինչու, ունենք միայն մենք, իսկ պատմություն մենք պետք է լավ սովորենք, որը ցավոք երբեք չենք արել: Եթե պատմությունը լավ սովորեինք, եթե սիրեինք Հայաստանը, չէինք վերցնի եւ տարատեսակ որոշումներ կայացնեինք»,- ասաց նա։

Գեղամ Նազարյանը նշեց, որ եթե մենք այսօր ինքներս մեզ խոստանանք, որ ապրելու ենք այնպես, որ այլեւս երբեք պետականության կորուստ չունենանք, ապա մեր կյանքն աստիճանաբար կփոխվի։ «Հավանաբար այս խելահեղ մղձավանջում չենք նկատում, որ աշխարհում միակ պետությունն ենք, որտեղ անդադար խոսում են պետականության հնարավոր կորստի մասին։ «Պետականությունը կորցնելու ենք, անկախությունը կորցնելու ենք», ամեն օր լսում է հայ մարդը։ Այդպես չէ նույնիսկ Ուկրաինայում, այդպես չէ Վրաստանում, այդպես չէ նույնիսկ Սոմալիում։ Միակ ազգը, որն ամեն օր անդադար խոսում է հնարավոր պատերազմի, ագրեսիայի մասին, երեւի կհասկանանք, թե ինչու է արտագաղթում հայ մարդը։ Բնակչության 80-90 տոկոսը ոչ ֆեյսբուքում է գրառում անում, ոչ հանրահավաքի է մասնակցում։ Նա անդադար լսում է պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունները, հավաքում իրերը, երեխաներին վերցնում ու հեռանում Հայաստանից։ Բա այս մասին մենք չենք մտածելու, էլ ինչի՞ համար է մեր այսօրվա այստեղ կռիվը, վեճը, երբ մենք անդադար մեր քաղաքացուն մղում ենք լքել մեր երկիրը»,- նշեց պատգամավորը։

«Երեկ լսեցի, որ Հայաստանն այլեւս ֆորպոստ չպետք է լինի։ Իհարկե, պետք է չլինի, բայց չեք նկատո՞ւմ, որ կարող է արդեն իսկ ֆորպոստ ենք, բայց ոչ Ռուսաստանի, այլ մեկ այլ կառույցի կամ ուժերի ֆորպոստ։ Մի կրկնեք Միխաիլ Սաակաշվիլիի սխալները, մինչեւ հիմա Արեւմուտքում էլ են ասում՝ մենք նրան չէինք ասել՝ գնա եւ մատդ կոխիր կրակի մեջ։ Մենք ինչո՞ւ ենք այդ նույնն անում։ Երեկ լսեցինք, որ Արցախի իշխանություններին արգելել են գնալ եւ եվրոպական հարթակներում ինչ-որ հարցեր լուծել։ Ինձ մոտ հարցեր են առաջանում՝ իսկ կարո՞ղ է հիմա էլ մեզ են արգելում, որ գնանք Մոսկվայում ինչ-որ հարց լուծենք։ Այս մասին էլ մտածեք»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930