Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն տարիները

Դեկտեմբեր 08,1995 15:15

Ամեն հանդիպում ու ամեն տպավորություն չէ, որ շտապում է թերթային հրապարակման ատաղձ դառնալ։ Հաճախ թեմաները աննկատելիորեն խույս են տալիս մտքիդ վերին շերտերից, կարծես զգուշացնելով, որ աշխարհինը դառնալու չափ դեռ չեն հասունացել։ Այդպիսի հոգեվիճակում ամենաճիշտը փիլիսոփայական սպասմանը անձնատուր լինելն է՝ թող նյութը բնական փուլերով հասունանա, այդ ընթացքը միշտ էլ պայթյունով է հղի։ Դռնոյան ամուսինների հետ հանդիպումս արդեն այնքան ապրումներ է կուտակել, այնքան խոհեր կոտորակել-բազմապատկել, զգում եմ՝ դրանք կրելը մեկի համար այլեւս հեշտ չէ։ Չէի ասի, թե նրանց կենսաձեւը կամ մտածելակերպն եմ լիովին ընկալել, դրանից շատ ու շատ հեռու եմ, պարզապես սկսել եմ յուրացնել մի պարտադիր պայման, որ վերածնվելու ցանկացած տարբերակ արժանի է խորազնին վերաբերմունքի։ Նրանք դրա կարիքը չունեն, բայց տարբերակի իմաստը կարող է շահեկան լինել նրանց համար, ովքեր անպտուղ ոգորումների տեղապտույտի մեջ են ու թանկարժեք կենսանյութ են վատնում։ «Հինգ տարի առաջ ճշմարտությունը մտավ մեր տուն»,- արդեն որպես կյանքի մի բնական դրվագ՝ հիշում է տիկին Արուսյակը։ Ես գուցեեւ տգեղ համառությամբ՝ հարցրել էի՝ «Դուք հավատացյա՞լ եք»։ Ծիծաղելու կամ վիրավորվելու փոխարեն ասվեց՝ սովորական իմաստով՝ ոչ։ Ու երկուսով ոգեցին անսովորը՝ Հոգու անմահությունը։ Բնության ու մարդու միասնությունը։ Բարության խորհուրդը։ Ազգային լիարժեքությունը։ Մարդկային էության այս հեղաշրջումը կատարվել է մեր իսկ միջավայրում, մեզնից ընդամենը մի փոքր հեռու։ Հենց դրանով էլ այն երեւույթի արժեք ունի, մանավանդ՝ աննկատ մնացած լինելու հանգամանքով։

88-ը տասնյակ հազարավոր հայերի նման նրանց կյանքն էլ ցնցումների հերթագայություն դարձրեց։ Մայրաքաղաքային բարեկեցիկ ընտանիք էին՝ շքեղ երեքսենյականոց՝ Երեւանի կենտրոնում, թեկնածու-սրտաբանների տաքուկ աշխատանք, մեքենա, անհոգ մեծացող որդիներ, համախոհների հարազատ միջավայր։ Առաջին վճռական քայլը մեծ տղային «Բլեյանի դպրոցում» տեղավորելն էր։ Մյուսները կարելի է պարզապես թվարկել՝ աշխատանքից իրենց դիմումով հեռանում են, բնակարանը վաճառում եւ տուն գնում մերձակա գյուղերից մեկում: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում առողջագիտական կենտրոն են հիմնում, բժիշկ-սրտաբանի գործունեությունը փոխարինում բնաբույժ-մանկավարժի առաքելությամբ։ Զուգահեռաբար պահպանում են նաեւ Առողջապահության նախարարությունում իրենց հիմնած բնաբուժության ինստիտուտը։ Զարմացած գործընկերներին մատուցեցին մատչելի մի ձեւակերպում՝ գնում ենք նոր բժշկություն ստեղծելու։

Եվ քանի որ այդ նորը ամենեւին էլ հնի անվերապահ ժխտումը չէր, այլ ավելի հնի վերակոչումը, նրանք որոշեցին սկսել կրթությունից՝ այնտեղ ներդնել իրենց մշակած ծրագիրը։ Ակադեմիական բժշկություն հորջորջվածին կառչած հասարակության համար, որը մեխանիկորեն սերտել է քիմիական բուժամիջոցների երկար անվանումները ու մտացածին դրույթների ստրուկը դարձել, շատ դժվար էր վերափոխել։ Պետք էր նոր՝ ազատ սերունդ դաստիարակել։ Կրթահամալիրը այդ հնարավորությունը նրանց տվեց, ինչպես դրանից առաջ տվել էր բոլորին, ովքեր իրենց մեջ զգացել էին նոր արժեք ստեղծելու թրթիռը։

Կեղծ սկզբունքներից զերծ մնացած անապական էություններին հեշտ է կյանքի ճշմարտություններին մոտեցնել։ Գաղափարական ճնշիչ շղթաների փոխարեն նրանց տալիս ես բնության օրենքները հասկանալու բանալին։ Նրանց սովորեցնում ես ոչ թե ապրելուն նախապատրաստվել, այլ թեթեւ սրտով երկրային լավագույն տարիներն ապրել։ Մարդու եւ բնության խզված կապը վերականգնելն է նրանց գերագույն կոչումը։ Նախակրթարանում սահմանված սննդակարգը մի փոքրիկ վկայություն է. երեխաներն ամեն օր ճաշակում են խնձոր ու թարմ բանջարեղեն՝ շոկոլադի, կաթնամսեղենի, պահածոների փոխարեն։ Հեռուստացույցի առջեւ գամվելու փոխարեն՝ վազվզում են պուրակում, առիթի դեպքում՝ անտառում։

Դռնոյանների դասերը մի յուրահատկություն ունեն։ Երեք որդիների ծնողները բնության նախասկզբին վերադարձել են բարեկեցության եթե ոչ գագաթից, ապա գոնե՝ մերձակայքից։ Նրանք հոգու անմահության գաղափարին հանգել են ոչ թե մտապաշարի բացակայությունը լրացնելու, այլ նրա վիթխարի չափը համակարգելու պատճառով։ Այսինքն, նրանց դավանանքն ու բուժաեղանակը քննադատելու համար գոնե իրենց չափ կենսափորձ պետք է ունենալ։ Ընթերցողին զենքը վայր դնելու կոչ չեմ անում, քավ լիցի, մեր կողքին միշտ ավելի հետաքրքիր անձինք կան։ Ասելիքս ժխտելուց առաջ հասկանալու մղումին է վերաբերում։ Ամեն ինչ չէ, որ հասկացել ենք, յուրացրել, մեր էության նախաբջիջը դարձրել։ Ավելի հաճախ՝ հակառակը։ Ուրեմն, երբ վերածնվելու առիթը գալիս է, պետք չէ անհողդողդ ավանդապահ ձեւանալ։ Գոնե աչքի պոչով արժե ճշմարտությանը նայել։ Եթե նա մեզ ստիպի աչքերը լայն բանալ, չարժե դիմադրել, նշանակում է մեր հոգին է դա պահանջում։ Առաջինը նրանք են իրար հասկացել։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031